«Այսօր Արարատի մարզ էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարի հետ այցելել ենք Վեդու բժշկական կենտրոն և Արտաշատի բժշկական կենտրոն»,- այս մասին հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Նա հայտնել է, որ այցելության ժամանակ զրուցել են բժշկական կենտրոնների տնօրենների և բուժանձնակազմերի հետ, հետաքրքրվել, թե ինչ խնդիրներ կան և ինչպես է ընթանում կորոնավիրուսով հիվանդների բուժումը: Բժշկական կենտրոնների տնօրենների հետ զրուցել են նաև ԲԿ-ների տեխնիկական հագեցվածության մասին:
Մարզպետի ներկայացրած տվյալներով՝ առողջապահության նախարարության միջոցներով Վեդու բժշկական կենտրոնում 5 անգամ հզորացվել է կենտրոնական թթվածնային մատակարարման համակարգը, 32 թթվածնային կետ է ավելացվել հիվանդասենյակներում, հոսանք մատակարարող հին գեներատորը փոխարինվել է նոր՝ ավտոմատացվածով:
Տեխնիկապես հագեցվել է բժշկական կենտրոնի լաբորատոր գործիքային ախտորոշման բաժանմունքը (գերժամանակակից շարժական թվային ռենտգեն սարքավորում): Առաջիկայում նախատեսվում է նաև վերելակի տեղադրում: