ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՏՎԵՑ ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովն, ի վերջո, պաշտոնական հաղորդագրությամբ անդրադարձ կատարեց Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին՝ տալով նաեւ ՍԴ այն անդամների անունները, ում պաշտոնավարումը դադարեցվել է: Խոսքը սահմանադրական փոփոխություններից հետո ստեղծված իրավիճակի մասին է, որն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության կողմից ընդունվել էր միաձայն:

 

Այպիսով, 2020 թվականի հունիսի 26-ին ուժի մեջ են մտել 2020թ. հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: ՀՀ Սահմանադրության 213 հոդվածը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի՝ ուժի մեջ մտնելը նշանակված եւ Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տեւողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, եւ պաշտոնավարումը դադարում է» (հոդված 213 1-ին մաս):

Այսպիով, Ազգային ժողովն իր հայտարարության մեջ նկատում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) անձնական գործերը պահվում ու վարվում են ՀՀ Ազգային ժողովում, եւ ուսումնասիրելով նշված գործերում առկա փաստաթղթերը՝ հայտնում ենք, որ նշված կանոնակարգումներով դադարել է Սահմանադրական դատարանի հետեւյալ դատավորների (անդամների) պաշտոնավարումը.

Հրանտ Արայի Նազարյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020թ. հունիսի 26-ը կազմել է առավել, քան 24 տարի:

Ֆելիքս Պապինի Թոխյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել, քան 22 տարի:

Ալվինա Բալաբեկի Գյուլումյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել, քան 12 տարի»:

Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում, որը սկսում է հոսել 2020թ. հունիսի 27-ից:

«Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն՝ դադարել է Հրայր Վարդանի Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: ՀՀ Սահմանադրության 13 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո: Հաշվի առնելով այն փաստը, որ Սահմանադրական դատարանի նախագահ դեռեւս ընտրված չէ, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Ալվինա Բալաբեկի Գյուլումյանի՝ որպես ՀՀ սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը ՀՀ Սահմանադրության հոդված 213 1-ին մասի ուժով ավարտվել է, եւ պաշտոնավարումը դադարել է, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները իրականացվելու են Սահմանադրական դատարանի դատավորներից տարիքով ավագ դատավորի կողմից: 2020թ. հունիսի 26-ի դրությամբ ՀՀ սահմանադրական դատարանի տարիքով ավագ դատավորը Աշոտ Խաչատրյանն է` ծնված 1962թ. սեպտեմբերի 10-ին», – ասվում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունում:

Այսպիսով, ո՞վ է Աշոտ Խաչատրյանը: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2010 թվականին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ:

Աշոտ Խաչատրյանը ծնվել է 1962 թվականին Կամո (Գավառ) քաղաքում:

1987 թ. ավարտել է ՍՍՀՄ բարձրագույն մասնագիտական կրթության նախարարության Մոսկվայի ֆինանսական ինստիտուտը:

1989-1993 թթ. – ՌԴ կառավարությանն առընթեր Մոսկվայի ֆինանսական ակադեմիայի ասպիրանտ:

1996-1999 թթ. – ՌԴ Նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտ:

1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1987-1989 թթ. եւ 1990-1992 թթ.- ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի ավագ մասնագետ, բաժնի վարիչ:

1992-2004 թթ. -ՀՀ հարկային ծառայության համակարգում` տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ:

2004 -2010 թթ. – Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ:

2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

1993 թվականից մինչ օրս զբաղվում է նաեւ գիտամանկավարժական գործունեությամբ.

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր է:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է:

Հեղինակ է 8 մենագրությունների, ուսումնական դասագրքի ու գիտական զեկույցների, 100 եւ ավելի գիտական հոդվածների:

Հավելենք, որ երեկ Սահմանադրական դատարանի երեք անդամներն այնուամենայնիվ եկել էին ՍԴ, իսկ Հրայր Թովմասյանն արձակուրդ է մեկնել:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ 37-րդ հոդվածի համաձայն՝ ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության եւ Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ եւ ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու եւ այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաեւ Սեւանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման եւ հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ եւ հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի»։

 

 

ԴԱՏԱՎՈՐ Է ՆՇԱՆԱԿԵԼ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դատավոր նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել. Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ ԵՆ

Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանը եւ Արեւիկ Պետրոսյանը արձակուրդ են գնացել: Ըստ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի՝ ՍԴ նախագահի պարտականությունները կկատարի Ալվինա Գյուլումյանը: Չնայած այս հայտարարությանը՝ պաշտոնական տեղեկագրում արդեն իսկ հրապարակվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները, համաձայն որոնց՝ Ալվինա Գյուլումյանը պաշտոնանկ է արվել, իսկ Թովմասյանը այլեւս ՍԴ նախագահ չէ:

 

 

ԿԱՆՈՆՆԵՐ՝ ԵԹԵՐՈՒՄ

Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ եւս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի որոշմանը. «Աշխատատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ։ Կոչ ենք անում անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում»,-տեղեկացրել են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

 

 

ՌՈՅԱԼԹԻ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է մշակել, որով առաջարկում է յուրաքանչյուր ռոյալթի վճարող հանքարդյունահանող ընկերության կողմից հաշվետու տարում պետական բյուջե վճարված ռոյալթիի 2 տոկոսից մասհանումներ կատարել համայնքային բյուջեների համար: Տեղեկացնենք, որ Հայաստանում ռոյալթի վճարողներ են համարվում ՀՀ մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող եւ մետաղի խտանյութ կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող կազմակերպությունները:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2016 թվականին 7 հանքարդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե է մուտք եղել ընդհանուր 23 մլրդ 570 մլն դրամ ռոյալթի, իսկ 2017թ-ին՝ 10 ընկերությունների կողմից ընդհանուր 37 մլրդ 575 մլն դրամ ռոյալթի։ Ընդ որում, յուրաքանչյուր հանքարդյունահանող ընկերության կողմից 2017թ-ին վճարված ռոյալթիի չափը գերազանցել է նույն ընկերության կողմից 2016թ.-ին վճարված ռոյալթիի չափից։

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն՝ ռոյալթին բնօգտագործման վճարի տեսակ է, որը վճարվում է ՀՀ պետական բյուջե՝ մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաեւ մետաղական օգտակար հանածոների եւ դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար:

 

ՉՈՐՍ ՊԱՇՏՈՆ

Երեկվանից սահմանադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ, եւ այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանում առկա է երեք դատավորի թափուր տեղ: Այդ երեք տեղերի համար թեկնածուներ պետք է առաջարկեն Ազգային ժողովը, կառավարությունն ու Դատավորների ընդհանուր ժողովը: Եվ, ահա, որպես թեկնածու՝ տարբեր մարդկանց անուններ են շրջանառվում: ArmLur.am-ը գրել էր, որ Դատավորների ընդհանուր ժողովը, որպես թեկնածու, դիտարկում է Լիանա Հակոբյանի անունը: Իսկ, ահա, որպես «Իմ քայլը» խմբակցության թեկնածու շրջանառվում է նաեւ նախկին պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունը: Սակայն վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, թե նման առաջարկ  չի ստացել՝ հիշեցնելով, որ սա թերեւս արդեն չորրորդ պաշտոնն է, որին իրեն նշանակում են 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո: «Ինձ արդեն նշանակել են, ես մենակ չորս պաշտոն չեմ կարող զբաղեցնել», -նկատել է նա:

 




Լրահոս