Ինչու Արթուր Ղազինյանը չմիացավ ընդդիմադիր եռյակին․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ, «Հայրենիք» եւ ՀՅԴ կուսակցությունները համախմբվել են կոնկրետ խնդրի շուրջ, որի նպատակն է, ինչպես իրենք են նշում, պաշտպանել սահմանադրական կարգը: Այդ նպատակով ստեղծվել է երեք կուսակցություններից կազմված աշխատանքային խումբ, օրերս էլ հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ:

Եռյակին «Մեկ Հայաստան» կուսակցության չմիանալու հետ կապված այս օրերին տարաբնույթ խոսակցություններ եղան: Կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «5-րդ ալիքի» եթերում ասել էր, որ իրենք որեւէ տարաձայնություններ ու անհամաձայնություններ չունեն:

«Հակառակը, մենք ունենք լիակատար փոխըմբռնում, փոխհասկացվածություն վերջնական նպատակների եւ գործողությունների հաջորդականության առումով:

Ուղղակի կա երկու մոտեցում՝ ցանցային պայքար, թե համախմբում: Մենք այս պահին որոշեցինք, որ առայժմ բոլորով մեկ տեղ հավաքվելու անհրաժեշտություն չկա:

Կա եռյակ, մենք ողջունում ենք, պատրաստ ենք իրենց օրակարգերին օժանդակել, մասնագիտական, քաղաքական օժանդակություն ցուցաբերել, բայց վերջին երկու տարում իր արդյունավետությունն ապացուցած ցանցային պայքարը պետք է շարունակել: Դեռ ամբողջական ու լիակատար միավորման ժամանակը չէ»,ասել է Ղազինյանը:

«Փաստ» թերթի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն ասաց. «Մենք համատեղ աշխատանք ենք իրականացնում բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնց օրակարգը, այն է` այս կառավարության անհապաղ հեռացում, համապատասխանում է մեր նույն օրակարգին:

Այդ աշխատանքներն իրականացվում են ամենատարբեր եւ արդյունավետ ձեւաչափերում: Որտեղ կա միասին հանդես գալու անհրաժեշտություն, այդպես է իրականացվում աշխատանքը:

Որտեղ կա ցանցային կամ այլ ձեւաչափ, այդպես է իրականացվում: Մենք հրաշալի համագործակցում ենք մեր գործընկեր «Մեկ Հայաստան» կուսակցության հետ, ինչպես նաեւ «Ազգային օրակարգ» եւ այլ կուսակցությունների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս