Շատ տուրիստական գործակալություններ են փակվել, մարդիկ չեն կարողանում վարձերը վճարել, հանձնում են տարածքները. Վարդան Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը՝ աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը: Օրինակ, «Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ երեք ամիս տանից են աշխատել:

-Պարոն Սարգսյան, Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ի՞նչ անհարմարությունների մեջ է դրել Ձեր տուրիստական գործակալությանը:

– Եթե չկան թռիչքներ, բնականաբար տուրիստական գործակալությունը չի կարող որեւէ բան վաճառել: Մենք արդեն երեք ամիս է՝ աշխատում ենք տանից: Բայց մեր տուրիստական գործակալության դեպքում ակտիվությունը կա. ունեմ խմբային մի շարք տուրեր, մարդիկ գրանցված են, բայց այդ ճանապարհորդությունները նշված օրերին կիրականան, թե կհետաձգվեն, կապված է, թե երբ կբացվեն սահմանները: Քանի որ ես ճանաչում եմ շուկան, պետք է ասեմ, որ շատ տուրիստական գործակալություններ են փակվել, որովհետեւ մարդիկ չեն կարողանում վարձերը վճարել եւ հանձնում են տարածքները: Դրա հետեւանքով շատ քաղաքացիներ մնում են առանց աշխատանքի: Այս պահի դրությամբ ստեղծված վիճակը տուրիզմի ոլորտի վրա բացասաբար է ազդում: Կան ընկերություններ, որոնք կազմակերպում են խմբային ճանապարհորդություններ Հայաստանով մեկ…

– Դուք քննարկո՞ւմ եք ներգնա տուրիզմի տարբերակը:

-Մենք արդեն կազմակերպել ենք երկու ճանապարհորդություն, մեկը դեպի Սյունիք, մյուսը՝ դեպի Արցախ: Երկու խմբերի դեպքում էլ տեղեր չկան, sold out է, նույնիսկ դեպի Արցախ կազմակերպել ենք երկրորդ տուրը: Բայց ես ավելի հակված եմ Հայաստանից դուրս տուրերին, այդ պատճառով ես չեմ խորանում ներգնա տուրիզմի մեջ: Նաեւ՝ Հայաստանում կան տուրիստական գործակալություններ, որոնք հենց այդ ուղղությամբ են աշխատում: Առաջիկայում, երբ արդեն իմ գործակալությունը հնարավորություն կունենա գնելու սեփական ավտոմեքենաներ կամ ավտոբուսներ, արդեն այդ դեպքում գուցե խորանամ այդ աշխատանքի մեջ: Բայց մյուս կողմից, նշեմ՝ վտանգավոր է այս օրերին, երբ վիրուսը տարածված է մեր երկրում: Ես ծանոթներ ունեմ, որոնք կորոնավիրուսով են վարակվել, բայց բարձր ջերմություն չեն ունեցել, ընդամենը համի եւ հոտի կորուստ են ունեցել, այսինքն այդ անձը կարող է գնալ մասնակցել խմբային տուրերին, պտտվել Հայաստանով մեկ: Բնականաբար իրեն ջերմաչափելու են, ջերմություն չի ունենալու, նստելու է ավտոբուս ու վարակելու է բոլորին: Ես կարծում եմ, որ մինչեւ հուլիսին 14-15-ը ռիսկային է ներգնա տուրիզմը, դրա համար չեմ ուզում որեւէ խնդրի առաջ կանգնեմ, իմ տուրի պատճառով մարդիկ վարակվեն:

-Արդյոք հաշվարկներ արել եք, թե ձեր գործակալությունը որքա՞ն վնասներ է կրել:

-Իհարկե, եթե գումարենք այն շահույթը, որը պետք է ունենայինք մենք, կորուստները շատ մեծ են: Չէ որ մայիսից մինչեւ օգոստոսի վերջ տուրիստական գործակալությունների ամենապիկ շրջանն է, բոլորը մեկնում են հանգստի: Այս պահի դրությամբ մենք բացի այն, որ չունենք շահույթ, նաեւ ծախսեր ենք անում: Օրինակ ես վճարում եմ յուրաքանչյուր ամիս տարածքի վարձակալության գումար: Չնայած մարտ եւ ապրիլ ամիսների վարձակալության գումարը իմ ընկերության տարածքի սեփականատերը հասկանալով մեր վիճակը, չվերցրեց: Ամեն օր են կորուստները:

-Մասնագետների շրջանակի հետ քննարկե՞լ եք ստեղծված իրավիճակը: Ի՞նչ կանխատեսումներ ունեն:

-Ոչ ոք չգիտի, թե ինչ է լինելու, որովհետեւ այսօր արդեն շրջանառվում են լուրեր այն մասին, որ երկրորդ էտապն է լինելու աշխարհով մեկ: Եթե այդպես լինի, ապա բոլոր տուրընկերությունները կփակվեն, մարդիկ նորից չեն ճանապարհորդի: Ամանորին, եթե մարդիկ տեղ չգնացին, ես չգիտեմ ինչ կլինի: Ես տեղյակ եմ, որ այս խնդրի շուրջ տուրիստական գործակալության շատ աշխատակիցներ նույնիսկ գնացել էին խորհրդարան, հանդիպել մի քանի պատգամավորի հետ: Ես ինքս ներկա չեմ գտնվել, որովհետեւ կարծում եմ, որ այդ հանդիպումն անիմաստ է: Չէ որ ամեն ինչ կախված է վիրուսից: Այսինքն նույն պատգամավորը չգիտի՝ երկրորդ ալիք կլինի՞, թե՞ ոչ: Իհարկե նաեւ առաջարկներ են հնչեցվել տուօպերատորների կողմից հարկերը սառեցնելու մասին, բայց որքանով տեղյակ եմ որեւէ առարկայական առաջընթաց չկա: Գուցե կոպիտ հնչի, բայց դե ինչպես ասում են՝ եղունգ ունես գլուխդ քորի: Պետք է ուղղակի սպասել, տեսնել թե ինչ է լինելու: Պետք է վիրուսը վերանա նոր սկսենք աշխատել: Հաշվի առեք նաեւ, որ այսօր մեծ մասն ունի ֆինանսական մեծ խնդիրներ եւ շատերն այն գումարը, որը ծրագրել էին ամռան ամիսներին ծախսել՝ գնալ ծովափնյա քաղաք հանգստանալ, արդեն վաղուց ծախսել են:

Զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս