Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «ընդհատակ» է անցել: Բանն այն է, որ վերջին օրերին խորհրդարանում քննարկված նախագծերի, դրանց շուրջ քննադատությունների համար, բացի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մեղադրում են նաեւ Վլադիմիր Վարդանյանին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Սահմանադրական դատարանի հարցի լուծմանը, որին իշխանությունները ներգրավել են խորհրդարանի ձեւավորումից ի վեր եւ այսպես ասած հինգ փուլ անցել, տարբեր նախագծեր ներկայացրել, սակայն լուծման այդպես էլ չեն հասել: Այդ ամենի հետ մեկտեղ առկա են քննադատություններ նաեւ եվրոպական կառույցների, արտախորհրդարանական, խորհրդարանական ուժերի կողմից, եւ թիրախում երկու անձ է՝ Ռուստամ Բադասյանն ու Վլադիմիր Վարդանյանը:
Դրան զուգահեռ վերջինիս համարում են նաեւ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, սակայն միեւնույն ժամանակ մտածում են, թե այդ դեպքում ԱԺ պետաիրավական հանձնաժողովն ավելի կթուլանա, առանց այն էլ, մշտապես քննադատությունների թիրախում է: Սակայն ամեն դեպքում մի քանի օր է՝ Վլադիմիր Վարդանյանը «անհետացել» է՝ չցանկանալով հանդես գալ պարզաբանումներով: Նկատենք, որ նա պասիվ էր նաեւ հունիսի 30-ին տեղի ունեցած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ: Թերեւս պատճառը հենց քննադատություններն են նրա հանդեպ:
Ս.Գ.