ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք ուժերի դիմումն ուղարկվեց ՀՔԾ. ինչ զարգացումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Այս մասին այսօր ArmLur.am-ի հարցին ի պատասխան նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Այսօր գրել էինք, որ երեք ուժերը  գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:

Նկատենք, որ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթացել եւ մասնագետները տարակուսած էին՝ ինչպես վարվել՝ ուղարկել նախաքննական մարմին թե միանգամից մերժել: Փաստորեն ընտրվել է առաջին տարբերակը: Իսկ ինչ է սահմանում Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները:

Հոդված 180. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը

1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։

Հոդված 181. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները

Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին.

3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս