ՀՀառողջապահության նախարարությունից գյումրեցի ընտանիքին այդպես էլ չեն կարողացել պարզաբանել՝ որտեղ է նրանց տատիկը, եւ ինչու է այդպիսի շփոթմունք առաջացել: ArmLur.am-ի հետ զրույցում Մարիամ Մալխասյանը հայտնեց, որ չնայած երեկ լրատվամիջոցներում բարձրացված աղմուկին, առողջապահության նախարարությունից կամ մեկ այլ կառույցից որեւ1 արձագանք չեն ստացել:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնել էր այն մասին, որ չեն կարողանում գտնել գյումրեցի Մարիամ Մալխասյանի տատիկի դին, որը հունիսի 29-ի առավոտյան «Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում մահացել էր կորոնավիրուսից։
«Մենք ենք այսօր փորձել կապ հաստատել առողջապահության նախարարության հետ, եղբայրս է փորձել, քանի որ նա է այս օրերին փորձում հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել: Նա կապ է հաստատել նախարարության հետ եւ բանից պարզվել է, որ իրենք նոր ճշտում են, թե որ բրիգադն է տարել տատիկիս: Բայց մենք արդեն երկու օր առաջ այդ ամեն ինչը պարզել էինք: Ինֆորմացիան իրենց եղբայրս է տվել, որ այս ինչ բրիգադն տարել», – նշեց Մարյամը, հավելելով, որ իրենք նաեւ ոստիկանություն են դիմել:
«Իրենք իրենց այդքան էլ չեն կոտորում այդ հարցում, հա ինչ անենք, եղել է, կորել է, ինչ անենք: Հա, ինչ անենք, տատի է, կորել է: Այդպես են արձագանքում: Մոտ տաս օր է՝ 82 տարեկան տատիս տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Եղբայրս երեկ գնաց, որ բերել տատիկիս դին: Գնաց ու դիակը չկա, դիակը կորել է, ոնց թե կորել է, զանգում ենք պարետատուն, ասում ենք կորոնավիրուսով հիվանդի դիակը կորել է, ասում են՝ ոնց թե կորել է։ Ինքը ամսի 29-ին երեկոյան ժամը մոտ 18․30-ին մահացել է, իրեն հիվանդանոցից ուղարկել են հերձարան Աբովյան քաղաք», – հավելեց նա:
Նկատենք, որ երեկ այս թեմային անդրադարձել էր Առողջապահության նախարարության մամլո քարտուղար Ալինա Նիկողոսյանը գրելով․ «Ի պատասխան Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ահազանգի, ուզում եմ տեղեկացնել, որ մինչև իր հայտարարությունը` առողջապահության նախարարությունն արդեն իսկ տեղյակ է եղել դեպքից: Հանգամանքները ճշտելու համար տեղեկացված է նաև ոստիկանությունը: Նշեմ, որ մանրամասներն այս պահին ենթակա չեն հանրայնացման: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում կկատարվի դիակի ԴՆԹ հետազոտություն: Խնդրում եմ դեռևս չպարզված հանգամանքների և առանց մանրամասներին ծանոթանալու զերծ մնալ ենթադրություններ անելուց: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Սակայն ինչպես նշեցինք, տատիկի ընտանիքը որեւէ նորություն չունի:
Նաիրա Հովհաննիսյան