Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին հրավիրել են ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության: Իսկ որ գործով է Դավիթ Խաժակյանը հայտնվել իրավապահների տեսադաշտում: Ինչպես հայտնի է ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 14-ի վաղ առավոտից խուզարկություն էր իրականացրել ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը: Ավելի ուշ Ծառուկյանին հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության:
Հենց այդ պատճառով էլ նրա համակիրները հավաքվել էին ԱԱԾ–ի մոտ, որոնց բերման էին ենթարկել ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Բերման ենթարկվածների մեջ էր նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: Արդյունքում, հունիսի 14-ին հավաքի մասնակիցները ոչ միայն խախտել էին արտակարգ դրության ժամանակ հավաքներ չանցկացնելու մասին դրույթը, այլ նաև փակել էին Երևանի Նալբանդյան և Խանջյան փողոցները, խաթարել երթևեկությունը։
Ավելին, ոստիկանությունը նշել էր, որ հավաքի մասնակիցները չեն ենթարկվել նաև ոստիկանության օրինական պահանջներին։ Եվ, ահա, փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելու համար։ Հենց այս քրեական գործի շրջանակներում Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին վկայի կարգավիճակով հրավիրել են հարցաքննության. իսկ ինչ հարցեր են ուղղել քննիչները եւ ինչ հեռախոսի համարի եւ հեռախոսի գործածության մասին են կոնկրետ հետաքրքրվել Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչները Լույս Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանից:
Նրա հետ զրուցել ենք այդ օրվա դեպքերի եւ զարգացումների մասին:
Մանրամասները տեսանյութում
Քնար Մանուկյան