Արմեն Սարգսյանը հանդիպել է գյուղատնտեսության, սննդի արտադրության, սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել գյուղատնտեսության, սննդի արտադրության, վերամշակող և սպասարկման ոլորտների մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ/AmCham) նախագահ Արա Հովսեփյանը, «Երեմյան Փրոջեքթս» ՍՊԸ-ի սեփականատեր, գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը, «Ինտերնետ Պրոջեքտս» ՍՊԸ-ի (Menu.am) սեփականատեր, գլխավոր տնօրեն Վահան Քերոբյանը, «Նավասարդ ագրո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմինե Մելքոնյանը, «Գոլդն Գրեյփ ԱրմԱս» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտորյա Ասլանյանը, «ՍԻՍ Նատուրալ» ՓԲԸ հիմնադիր նախագահ Արմեն Հակոբյանը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ ներկայացուցիչ Էլինա Մարգարյանը:

Արձանագրելով, որ ստեղծված է իսկապես բավականին բարդ իրավիճակ, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճախ ամենադժվար իրավիճակները նաև նոր հնարավորություններ են բացում: Նախագահը կարևորել է համատեղ ջանքերի գործադրումն, առկա խնդիրների հստակ արձանագրումն ու առավել օպտիմալ լուծումներ գտնելը մի իրավիճակում, երբ համաշխարհային տնտեսական անկման պայմաններում անհրաժեշտ է կարգավորել ինչպես բիզնեսի, այնպես էլ աշխատատեղերի խնդիրները: «Համաշխարհային ամբողջ տնտեսության մեջ կան ոլորտներ, որ պետք է վերակառուցվեն։ Միջին և ավելի երկարաժամկետ առումով մարդիկ ավելի շատ ուշադրություն են դարձնելու առողջապահության ոլորտին։ Բնական է, որ այդ ոլորտում ներդրումներն ավելի մեծ ծավալների են լինելու։ Ձեր ոլորտն առավելագույնս զգայուն է։ Դուք այս երկրի ողնաշարն եք, -իր խոսքում նշել է նախագահ Արմեն Սարգսյանը։ -Կորոնավիրուսի դժվարություններին զուգահեռ՝ լինելու են տնտեսական մեծ դժվարություններ, այդ թվում՝ պարենի անվտանգության ոլորտում։ Դա համաշխարհային միտում է: Աշխարհը փոխել է մեր առաջնահերթ խնդիրները, և եթե մենք դրանք ճշգրիտ ու ժամանակին վեր չհանենք, ապա հետ կմնանք տնտեսության տարբեր ոլորտներում՝ լինի ՏՏ, արհեստական բանականություն, կենսաբանություն և ամենակարևորներից մեկը՝ պարենի անվտանգություն։

Հայաստանը պետք է շատ խորը և ամենայն լրջությամբ մտածի պարենի անվտանգության մասին։ Դրա ճանապարհներից մեկը գուցե հետևյալն է՝ վերագնահատել այն, ինչ ունենք, վերագտնել նոր շուկաներ։ Հոյակապ է, որ մենք, օրինակ, ռուսական շուկայում որոշակի տեղ ունենք, բայց մեկ շուկան բավարար չէ հավասարակշռությունը պահելու համար։ Պարենի անվտանգությունը պարենի հավասարակշռված արտադրությունն է և առևտուրը։ Մեր դեպքում լավագույն ճանապարհը պետք է լինի Հայաստանը դարձնել գյուղատնտեսական մթերքների և սննդի միջազգային առևտրի կենտրոն։ Մենք պետք է արտահանենք ամենաբարձր որակի ապրանքներ, որովհետև քանակով չենք կարողանալու մրցել։ Մրցունակության ձևակերպումը պետք է ավելի շատ ուղղված լինի որակին: Այսինքն, եթե հայկական ծիրան է, ուրեմն պետք է լինի լավագույնը, հայկական կոնյակը՝ լավագույնը, հայկական ջուրը կամ մնացած բոլոր ապրանքները՝ լավագույնը…

Կասկած չկա, որ Հայաստանն ունի գյուղատնտեսական ապրանքների արտադրության մեծ ներուժ։ Մենք ասում ենք, որ Հայաստանը կարող է դառնալ ՏՏ երկիր, բայց, միաժամանակ, հստակ է, որ Հայաստանը կարող է շատ ավելին անել գյուղատնտեսական ապրանքների արտադրության ոլորտում։ Բավական է այցելել գյուղեր և տեսնել, թե մեր տարածքների ո՞ր մասն է մշակված։ Բավական է գնալ Արցախ և տեսնել, թե ինչ հսկայական ներուժ կա, որ չի օգտագործվում։ Նախընտրելի է, որ բլուրները, գեղեցիկ դաշտերը ոչ թե հանքավայր դառնան, այլ մնան արոտավայրեր։ Հանքարդյունաբերությունը հեռանկարային չէ և վնասում է բնությունը։ Եթե Հայաստանը, օրինակ, տարեկան մեկ միլիոն գլուխ ոչխար արտահանի, դա մեծ եկամուտ է։ Կա հսկայական շուկա մեր հարևանությամբ՝ Իրանից սկսած մինչև Ծոցի բոլոր երկրներ։

Իմ եզրակացությունը հետևյալն է՝ դժվար է լինելու, պետությունը պետք է իր դերը ստանձնի: Իմ առաջարկությունը հետևյալն է՝ եթե դուք ցանկանում եք օգտագործել նախագահի ինստիտուտն, օգտագործեք այն՝ որպես ձեր ներկայացուցիչ կամ դեսպան: Ես կարծում եմ՝ դեպի Ծոցի երկրներ մենք ունենք շուկա, և այնպես է ստացվել, որ այդ երկրների ղեկավարներն իմ երկար տարիների բարեկամներն են:

Օգտագործեք նախագահական ինստիտուտն՝ ի շահ ձեզ և պետության: Փորձեք օգտագործել այս ինստիտուտի փոքր, բայց, գուցե, արժեքավոր հնարավորությունը:

Ուրախ կլինեմ, եթե ինչ-որ ձևով համագործակցենք և միասին հասնենք դրական փոփոխությունների»:

Գործարարներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի ազդեցությանն իրենց գործունեության ոլորտների վրա և խոսել այդ ուղղությունների զարգացման հեռանկարների մասին: Հանրապետության նախագահի առաջարկով նրանք ներկայացրել են նաև ներկայումս իրենց գործունեության ընթացքում հանդիպող խնդիրները, հնարավոր ռիսկերը: Անդրադարձ է եղել մասնավորապես հողատարածքների արդյունավետ կառավարման, արտահանման շուկաների ընդլայնման հարցերին, ինչպես նաև՝ հարկային արտոնությունների, աշխատատեղերի պահպանման և մի շարք այլ խնդիրների:




Լրահոս