ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Մգեր Արմենիան, անդրադառնալով ՀՀ Մշակույթի պետական քոլեջի եւ ջազ դպրոցի միավորման թեմային, մեղադրել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, որն այդ ժամանակ եղել է ՀՀ կրթության ու գիտության փոխնախարար: Ըստ Մգեր Արմենիայի՝ վերջինս փորձել է նրան համոզել, որպեսզի միավորվեն երկու մեծ դպրոցները:
«Տեղի է ունեցել հետեւյալը ՝ քոլեջների միավորման ծրագիրը, որն ընթացքի մեջ է եղել դեռեւս հեղափոխությունից առաջ, շարունակվել է հեղափոխությունից հետո․ տարբեր քոլեջներ միավորվել են: Մշակույթի պետական քոլեջն ու ջազ քոլեջն այն ժամանակ կոնկրետ ստեղծվել են կոնկրետ մարդկանց համար, որքան հիշում եմ՝ Նադեժդա Սարգսյանի համար, խոսքը ջազի մասին է, եւ տրամաբանությունն այն էր, որ մեկ շենքի մեջ երկու նմանատիպ քոլեջները վաղ թե ուշ պետք է միավորվեն: Եվ մի անգամ, երբ ես դեռ փոխնախարար էի, հանդիպում էր խնդրել տվյալ քոլեջի տնօրենը՝ Վրեժ Կիրակոսյանը, ով նաեւ խնդրեց, որ իր հետ միասին գա նաեւ խորհրդի նախագահը, որին ես չէի էլ ճանաչում, եւ նա զարմացավ, որ ես չգիտեմ, որ նա ՀՀ վաստակավոր արտիստ է: Զրույցի ընթացքում նրանք պատմել են ինձ քոլեջի առօրյա կյանքի մասին, որ իրենք այնտեղ որոշակի ներդրումներ են արել, պատուհաններ են փոխել եւ այլն, այսինքն ներկայացրել են ընթացիկ աշխատանքները, որից հետո որոշակի ժամանակ անց ինձ հետ կապվել է տնօրենը եւ ասել է, որ իրենք ուզում են քոլեջը վերանվանել Շառլ Ազնավուրի անունով: Ես էլ նրանց ասել եմ, որ գաղափարը ողջունելի է, բայց քանի որ դեռ սպասվում է քոլեջների միավորման գործընթացն, ավելի նպատակահարմար է քննարկել դա միավորումից հետո, որ ավելի հնչեղ լինի, քանի որ երկու մեծ քոլեջներն անվանվելու են՝ Շառլ Ազնավուրի անունով»,-պատմում է Հովհաննես Հովհաննիսյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Մգեր Արմենիայի եւ նրա միջեւ միակ գործընկերային զրույցը եղել է դա, եւ այլեւս մենք չենք հանդիպել, պատգամավորական մանդատ ստանձնելուց հետո քոլեջների միավորման գործընթացներին մասնակից չեմ եղել:
Լիդա Եղիազարյան