Արդեն երկու օր է՝ համացանցը թնդում է գյումրեցի 82-ամյա տատիկի պատմությունից: Ինչպես պատմել էր նրա թոռնուհի Մարիամը, հունիսի 29-ի առավոտյան « Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կլինիկայում կորոնավիրուսից մահացել էր իր տատիկը, բայց տատիկի դին մինչ երեկ այդպես էլ չէին կարողանում գտնել, իսկ ավելի ուշ պարզվեց, որ նրա դին տվել են այլ ընտանիքի:
Սակայն նկատենք, որ այսպիսի դեպքի հավանականության մասին դեռ ապրիլի 15-ին խորհրդարանում խոսել էր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հայտնելով, որ անգամ դեպք է եղել, երբ նման շփոթմունք է տեղի ունեցել:
Եվ ահա պատգամավորի զգուշացումից երեք ամիս անց հանրությունն ականատես եղավ հենց այդպիսի դեպքի, երբ 82-ամյա գյումրեցի տատիկի դին հանձնել էին այլ մարդկանց՝ որպես իրենց հանգուցյալ և տատիկը հուղարկավորվել էր Նոր Հաճնի գերեզմանոցում։ Այս դեպքի մասին առաջինը բարձրաձայնել էր ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ինքն էլ իր խոսքում ընդգծել էր, որ դա թերեւս նման առաջին դեպքը չէ:
Ուշագրավ է, որ փոխանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներողություն խնդրեր 82-ամյա տատիկի հարազատներից այս շփոթմունքի համար, որոշել էր «դասեր» տալ Նաիրա Զոհրաբյանին: Սակայն դրա փոխարեն, եթե առողջապահության նախարարն ականջալուր լիներ դեռ ամիսներ առաջ Սասուն Միքայելյանի հայտարարություններին, իրավիճակը կարող էր այլ լիներ:
Մանրամասները՝ տեսանյութում