Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 254 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 93։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տարբերակով քննարկել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում:
Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներով Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները կներկայացվեն առանձին-առանձին։
· Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում
Միջոցառմամբ շահառու են եղել մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չեն ունեցել գրանցված աշխատանք և համապատասխանել են մի շարք այլ պայմանների։
Միջոցառման մեկնարկից, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները վեր են հանել խնդիրներ, որոնք հիմնականում կապված են՝
· միջոցառման շահառուների համար համացանցի և տեխնիկական միջոցների ոչ լիարժեք հասանելիության հետ․
· համացանցից օգտվելու հմտությունների բացակայության հետ․
· համակարգից օգտվելու ծրագրային խնդիրների, շահառուների կողմից տվյալներ մուտքագրելու դժվարությունների հետ․
· ակնհայտ շահառու համարվող անձանց համակարգի մերժելու հետ․
· միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումների հետ և այլն։
Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի շարք բողոքների համաձայն՝ քաղաքացիները համակարգում մուտքագրել են իրենց երեխաների վերաբերյալ պահանջվող տվյալները, սակայն համակարգը մերժել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Բողոքների համաձայն՝ իրականում, երեխաները գտնվել են Հայաստանում և ունեցել են հաշվառում իրենց մշտական բնակության հասցեում։
Մեկ այլ դեպքում քաղաքացիները տեղեկացրել են, որ հաշվառված են նպաստառու ընտանիքի բնակության վայրի հասցեում (օրինակ՝ հայրական տանը), բայց փաստացի բնակվում են այլ հասցեում։ Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգն այդ պարագայում դիմողներին դիտարկել է որպես նպաստառու ընտանիքի անդամ, չնայած նրան, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ դիմողները նշված են որպես «բացակա անդամներ»։ Արդյունքում, դիմողները մեխանիկորեն զրկվել են աջակցությունից օգտվելու հնարավորությունից։
Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծելու պատճառով զրկվել են պետության աջակցությունից։ Խնդիրն այն, որ ավտոմեքենա ներմուծելիս ծնողի անվամբ հարկային մարմնում հարկային հաշիվ է բացվել, արդյունքում համակարգը ծնողին որպես անհատ ձեռնարկատեր կամ վարձու աշխատող է դիտարկել, ինչի պատճառով ընտանիքը չի կարողացել օգտվել միջոցառումից:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ մարդիկ հաճախ միջոցառումից օգտվել են մասնակի: Ծրագիրը ոչ բոլոր երեխաների տվյալներն է հաստատել կամ բոլորինը հաստատել է, սակայն դրամական աջակցությունը փոխանցվել է բանկին ոչ բոլոր երեխաների հաշվարկով:
Պաշտպանը քննարկել է նաև բողոքներ, որով կոնկրետ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու է եղել, ընտանիքի անդամն ամիսներ առաջ սահմանված կարգով դիմում է մուտքագրել Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգ, դիմումը հաստատվել է, սակայն դրամական աջակցությունն ընտանիքին չի տրամադրվել բանկին փոխանցված չլինելու պատճառաբանությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումների հետ կապված անհատական բողոքների քննարկման շրջանակներում արձանագրված յուրաքանչյուր խնդրով ցուցաբերել է անհատական մոտեցում:
Դրանք օպերատիվ կարգով բարձրացվել և լուծում են ստացել պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տվել արդյունավետ աջակցություն ցուցաբերել ինչպես միջոցառումներից օգտվելու դժվարություններ ունեցող կոնկրետ անձանց, այնպես էլ համակարգային առումով պետությանը խնդիրների լուծման հարցում:
Մարդու իրավունքների պաշտպանի և պետական համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունքում համակարգային լուծում են ստացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումից օգտվելու անհնարինության հետ կապված խնդիրների զգալի մասը:
Հատկանշական է, որ 9-րդ միջոցառման մեկնարկի սկզբնական փուլում միջոցառումը սահմանող Կառավարության որոշումը երեխաների նկատմամբ խնամակալ ճանաչված անձանց շահառու չի դիտարկել:
Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ այդ միջոցառումների կատարելագործման և մարդկանց համար առաջ եկող խնդիրների լուծման նպատակով: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։
Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում այն, որ միջոցառման իրավական կարգավորում պահանջող խոչընդոտներն հնարավոր սեղմ ժամանակահատվածում վերացել են:
Սրա հետ մեկտեղ, սակայն, մտահոգիչ է, որ մինչ օրս ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ սոցիալական խնդիրների բախված քաղաքացիների համար թիրախում երեխային դիտարկող միջոցառումից օգտվելու կազմակերպական և տեխնիկական խոչընդոտներն ամբողւությամբ վերացած չեն: Պետությունը պետք է բոլոր միջոցառումներն իրականացնի մարդկանց համար հնարավոր բարենպաստ լուծումներով: