«Հետք» առցանց պարբերականի` 2020թ․ հունվարի 8-ի «Ձկնաբույծներն արժեզրկել են երկրի ամենամեծ կապիտալը` հողը» վերտառությամբ հրապարակման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր։ Դրանց ընթացքում պարզվել է, որ դեռևս 2004թ․հունիսի 3-ին կնքված պայմանագրով Արարատի մարզի Սիս համայնքից վարձակալած 11,32 հա հողամասի վրա N ընկերության կողմից 2007թ․կառուցվել է 5 հա մակերեսով ամբողջությամբ ինքնակամ՝ քարաբետոնե ձկնաբուծական լճակներից և այլ ինքնակամ շինություններից կազմված ձկնաբուծարան: Ընդ որում, նշված՝ ընկերությունը հիշյալ 11,32 հա հողատարածքը վարձակալել է ենթավարձակալության պայմանագրով:
ՀՀ օրենսդրության համաձայն, համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության, ապօրինի հողօգտագործումների կանխարգելման, կասեցման և վերացման պարտականությունը կրում է համայնքի ղեկավարը, իսկ ենթավարձակալության իրավունքով տրված հողամասի ոչ նպատակային օգտագործումը հիմք է վարձակալության իրավունքը ՀՀ հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի և վարձակալության պայմանագրի պահանջներով դադարեցնելու համար։
Նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ համայնքի նախկին և ներկա ղեկավարները, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, օրենքով սահմանված կարգով պատշաճ վերահսկողություն չեն իրականացրել իրենց համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Հետաքննության մարմնի կողմից որոշում է կայացվել Սիս համայնքի նախկին ղեկավարի պարագայում վաղեմությունն անցած լինելու, իսկ գործող համայնքապետի պարագայում՝ համաներման ակտի կիրառման հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հաշվի առնելով դրա դեմ նրանց կողմից չառարկելու հանգամանքը։
Այսով հանդերձ՝ Արարատի մարզի դատախազը գրություն է հասցեագրել Սիս համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկելու վարձակալության պայմանագիրը օրենքով սահմանված կարգով լուծելու կամ ՀՀ Կառավարության 2006թ․ մայիսի 28-ի թիվ 912-ն որոշմամբ հաստատված կարգով ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու ուղղությամբ` առաջարկելով արդյունքների մասին սեղմ ժամկետում հայտնել Արարատի մարզի դատախազություն:
Արդյունքում Սիս համայնքի ղեկավարի 2020թ․հունիսի 3-ի որոշմամբ կառուցված ինքնակամ կառույցներն օրինականացվել են և ճանաչվել համայնքային սեփականություն։ Համայնքի կողմից առաջարկվել է ուղղակի վաճառքով գնել նշված կառույցները և դրանց սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ 10,75876 հա հողատարածքը։ Գնման առաջարկն ընդունվել է և հունիսի 30-ին նշված կառույցների և հողամասի գնման համար համայնքի հաշվեհամարին փոխանցվել է ընդհանուր շուրջ 111 մլն ՀՀ դրամ։
Հարկ է ընդգծել, որ սկսած 2007թ. մինչ օրս, Սիս համայնքը զրկված է եղել նշված ինքնակամ շինությունների համար գույքահարկ գանձելու և այդկերպ համայնքի բյուջեն համալրելու հնարավորությունից` նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունները պետական գրանցման ենթարկված չեն եղել: Մինչդեռ դատախազության ներգործությամբ իրականացված գործընթացի արդյունքում հետայսու ձկնաբուծարանի սեփականատերը պարտավոր է լինելու յուրաքանյուր տարի Սիս համայնքի բյուջե վճարել սահմանված չափով գույքահարկ: