Հուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03։20-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում «փայծաղի պատռվածք՝ դանակահարությունից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Գանձաքար գյուղի բնակիչ, 21-ամյա Դավիթ Պետրոսյանն է. նա հիվանդանոց է տեղափոխվել նշված գյուղից։
Հիվանդանոցում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ Դ. Պետրոսյանը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, Գանձաքար գյուղի դպրոցին հարակից տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Դ. Պետրոսյանի և համագյուղացի, 22-ամյա Լուրիկ Աղինյանի միջև, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Դ. Պետրոսյանին։
Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ կասկածյալ Լ. Աղինյանին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Տավուշի մարզի քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով քննիչ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։