Լիտվայից ժամանած բժիշկների պատվիրակությունն ավարտել է առաքելությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում
Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա
Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած
աջակցության համար:

11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ
բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ և Covid-19-ի ախտորոշման թեստեր: Բժիշկներն
աշխատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի
գիտահետազոտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքներում, իսկ փորձագետների թիմը՝
առողջապահության նախարարությունում, ՀՀ Ան Առողջապահության ազգային ինստիտուտում, ՀՀ ԱՆ
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և «Նորք ինֆեկցիոն» կլինիկական
հիվանդանոցում։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հույս է հայտնել, որ Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերված
աջակցությունը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այլև
դրանից հետո: Դեսպանը նաև իր շնորհակալությունն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և խոսքը
փոխանցել Մարիուս Չիուրլիոնիսին, ով ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ իրենց դիտարկումները,
եզրակացությունները և արել առաջարկներ` ներկայիս իրադրության շուրջ:

Անդրադառնալով Մարիուս Չիուրլիոնիսի առաջարկներին` Արսեն Թորոսյանը նշել է, որ լաբորատորիաների
ընդլայնման հարցը նախարարության առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն
մեկնարկել են: Նախարարը կարևորել է գործընկերների աջակցությունը և շարունակական համագործակցության հույս
հայտնել:

Հանդիպման ավարտին առողջապահության նախարարության կողմից, ի նշան երախտագիտության, պատվոգրեր
և փոքրիկ հուշանվերներ են հանձնվել Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներին:




Լրահոս