Երգչուհի, դերասանուհի Ալլա Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Երեւանի կոլորիտային, պատմական դիմագիծ ունեցող շենքերի ոչնչացման խնդրին։
Դերասանուհին մեզ հետ զրույցում նշում է, որ երկրում շատ բաներ կցանկանար փոխել, բայց նախ եւ առաջ կցանկանար՝ ինչ որ ունենք՝ պատմությունից կերտված, սրտացավորեն պահպանվեն:
«Կցանկանայի՝ ցանկացած օրենք, որ փոխվում կամ ստեղծվում են, ծառայեն ժողովրդին, նրանց կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար, այլ ոչ թե նրանց նորանոր խնդիրների առաջ կանգնեցնեն՝ էլ ավելի դժվարացնելով առանց այդ էլ պայքարով լի կյանքը: Վերջին 30 տարում տեսնում եմ՝ շենքեր են քանդվում, օրինակ՝ հին կինոթատրոնները, կուկուռուզնիկի շենքը, փոքրիկ, գողտրիկ փողոցները, դերասանների շենքը, հիմա նաեւ Ֆիրդուսին, դրանք շատ-շատ են, պարզապես կարող եմ անվերջ թվել: Բայց չէ ո՞ր այդ ամեն ինչը մեր հիշողություններում են, մեր մանկությունն է, մեր ինքնությունն է, որոնք ոչնչացվում են։ Ցավոք սրտի, տեսնում եմ նաեւ, որ դրանց փոխարեն կառուցվում են անճաշակ, արժեք չներկայացնող շինություններ»,-նկատում է Ալլա Սահակյանը՝ հավելելով, որ այն երկիրը, որը փորձում է իր պատմությունը ջնջել, լավ բանի չի հասնի:
Խոսելով համաշխարհային տարածում գտած Թագավարակի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծում է․
«Մենք, իհարկե, համավարակը կհաղթահարենք, պարզապես պետք է լավատես լինել եւ ստեղծված իրավիճակում գտնել լուծումներ: Փառք Աստծո, ես ինքս այդպիսին եմ, եւ իմ փորձից ելնելով՝ կարող եմ ասել` ինչին սրտանց ձգտում ես, անպայման կատարվում է: Միշտ լուծումներ կան, պարզապես պետք է փնտրել, գտնել, իսկ դրանք շատ հաճախ հենց մեր կողքին են, պարզապես ուշադիր նայել է պետք»:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 662-ով՝ հասնելով 27320-ի:
Լիդա Եղիազարյան