«Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատասխանը բաղկացած է 130 էջից եւ մի քանի հավելվածներից, որում մանրամասը պատասխաններ են տրվել խմբակցության հարցապնդումներին: Տեղեկացնենք, որ համաձայն «ԱԺ կանոնակարգի» 121-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի՝ հարցապնդումն ստանալուց ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում, վարչապետի հանձնարարությամբ, կառավարության համապատասխան անդամը հարցապնդման գրավոր պատասխանն ուղարկում է ԱԺ նախագահին: Եվ, ահա, նշենք, որ հարցադրմամբ մասնավորապես բարձրացվել են կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտի այնպիսի հարցեր, որոնք, ըստ խմբակցության, Արայիկ Հարությունյանի կողմից նախարարի պաշտոնն ստանձնելուց ի վեր լուծում չեն ստացել կամ ավելի են խորացել:
Ընդդիմադիր խմբակցությունն իր հարցապնդման մեջ անդրադարձել էր կրթության ռազմավարությանը: Եվ ահա նախարարութունից այս հարցի վեևաբերյալ պարզաբանել են. «Կրթության ոլորտի ռազմավարության մշակումը ընթացքի մեջ է: Կազմակերպվել են քննարկումներ ոլորտի փորձագետների հետ, կատարվել է ենթաոլորտների առկա իրավիճակի ուսումնասիրություն և վերլուծություն և ռազմավարությունը գտնվում է վերջնական նախագծման փուլում: Միաժամանակ հայտնում եմ, որ հաշվի առնելով կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակը, դանդաղել են նախագծի վերջնական մշակման և հանրային քննարկման կազմակերպման հետ կապված աշխատանքները: Ներկայումս նախարարությունում ներքին շրջանառության մեջ է «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2021-2030 թվականների պետական ծրագիրը և դրա իրականացման 2021-2025 թթ. գործողությունների պլանը» նախագիծը: ՀՀ 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 01/14/10795-20 գրությամբ նախարարությունը ՀՀ վարչապետի աշխատակազմին է դիմել՝ երկարացնելու ռազմավարությունը և գործողությունների պլանի ներկայացնելու ժամկետը», – հայտնել են նախարարությունից։
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նաեւ հետաքրքրվել էր ուսումնական հաստատությունների տնօրենների մրցույթի մասին: Նախարարություննից պատասխանել են, որ COVID-19 համավարակով պայմանավորված ուսումնական հաստատություն-ների տնօրենների մրցույթները հետաձգվել էին, ներկայումս արդեն այդ գործընթացը վերսկսվել է:
Արագածոտնի մարզ
2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ Արագածոտնի մարզպետարանի ենթակայության 21 հանրակրթական ուսումնական հաստատությունում անցկացվել է գործադիր տնօրենի թափուր տեղի մրցույթ և սահմանված կարգով կատարվել նշանակումներ: Հավակնորդներ չլինելու պատճառով մարզպետարանի ենթակայության 2 ուսումնական հաստատությունում նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ, որոնց պաշտոնավարման ժամկետը գերազանցում է 6 ամիսը:
Արարատի մարզ
2019 թվականին 24 դպրոցներում առաջացել են տնօրենների թափուր պաշտոններ, որոնց համար հայտարարվել են մրցույթներ: Արդյունքում 9 դպրոցներում տնօրենները վերընտրվել են, իսկ 15 դպրոցներում ընտրվել են նոր տնօրեններ: Կրթության վարչության և դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շնորհիվ մրցույթների գործընթացը բոլոր դպրոցներում անցել են սահմանված կարգի համաձայն:
Արմավիրի մարզ
2018 թվականի մայիսի 1-ից 2020 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող 111 հանրակրթական ուսումնական հաստատություններից 39-ում անցկացվել է տնօրենների նոր մրցույթ:
Գեղարքունիքի մարզ
2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվական մայիսի 1-ը ՀՀ Գեղարքունիքի մարզում դպրոցների տնօրենների նշանակման համար հայտարարվել է 33 մրցույթ:
- Վարդենիսի N 3, Վարդենիկի N 2, Ճամբարակի N 1 հիմնական և Կարճաղբյուրի, Ակունքի, Շատջրեքի, Երանոսի N2 միջնակարգ դպրոցների տնօրենների աշխատանքից ազատվելու պատճառով, նշված դպրոցներում տնօրենների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել են արտահերթ մրցույթներ:
- Լեռնահովիտի հիմնական և Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցների տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարների պաշտոնավարման ժամկետը գերազանցել է 6 ամիսը՝ մրցույթներում հավակնորդ չլինելու պատճառով, իսկ Մեծ Մասրիկի տարրական, Շատջրեքի, Երանոսի N2 միջնակարգ և Վարդենիկի N2 հիմնական դպրոցներինը՝ արտակարգ իրավիճակով պայմանավորված մրցույթների օրերը տեղափոխելու պատճառով:
Լոռու մարզ
2018թ. մայիսի 1-ից մինչև 2020 թ. հունիսի 1-ը ընկած ժանակահատվածում 46 հանրակրթական դպրոցներում անց են կացվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթներ: Որոշ դպրոցներում մրցույթները հայտարարվել են պարբերաբար՝ դիմորդ չլինելու պատճառով, հետևաբար այդ հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենի պարտականությունների կատարման ժամկետը գերազանցել է 6 ամիսը: 3 արտահերթ մրցույթ է կայացել /թվով 2 տնօրեն՝ իր դիմումի համաձայն, մեկ տնօրեն՝ լիազոր մարմնի անվստահության հիմքով ազատվել են աշխատանքից/:
Կոտայքի մարզ
01.05.2018թ-ից 01.06.2020թ. մարզային ենթակայության 34 դպրոցներում տեղի են ունեցել տնօրենի մրցույթներ և նշանակումներ, որից 7-ում արտահերթ.
- Նոր Գյուղի միջնակարգ դպրոց- կրկնակի նկատողություն
- Հրազդանի Վ. Սարոյանի անվան N11 հիմնական դպրոց- անձնական դիմում
- Կամարիսի Ա. Սիմոնյանի անվան միջնակարգ դպրոց – անձնական դիմում
- Ջրառատի միջնակարգ դպրոց – կրկնակի նկատողություն
- Նոր Հաճնի N3 հիմնական դպրոց – անձնական դիմում
- Աբովյանի N2 հիմնական դպրոց – կրկնակի նկատողություն
- Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց – կրկնակի նկատողություն։
Շիրակի մարզ
2018 թվականի մայիսի 1-ից 2020 թվականի հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված 42 մրցույթ։
Դպրոցների տնօրենների թափուր տեղի համար անցկացվել է 9 արտահերթ մրցույթ, որից «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» և «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում տնօրենի արտահերթ մրցույթներ են կայացել, քանի որ նշված դպրոցների տնօրենները ազատվել են աշխատանքից ՀՀ Շիրակի մարզի դատախազի միջնորդագրերի հիման վրա, «Բավրայի միջնակար դպրոց» ՊՈԱԿ-ում արտահերթ մրցույթ է հայտարարվել գործող տնօրենի մահվան պատճառով, «Գյումրու թիվ 5 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 43 հիմնական դպրոց», «Գյումրու թիվ 18 միջնակարգ դպրոց», «Լեռնուտի միջնակարգ դպրոց», «Հայկավանի միջնակարգ դպրոց» և «Մարալիկի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ների տնօրենները ազատվել են աշխատանքից սեփական դիմումի համաձայն։
Մարզի թվով 2 դպրոցներում տնօրենի ժամանակավոր պաշտոնավարումը գերազանցել է 6 ամիսը. «Գյումրու թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ մրցույթը չի կայացել հավակնորդ չլինելու պատճառով, «Գյումրու թիվ 19 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ ԴՀԱԿ միջնորդագրի հիման վրա։
Սյունիքի մարզ
2018 թվականի մայիսի 1-ից 2020 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է տնօրենի թափուր տեղի 33 մրցույթ։
Իրականացվել է 3 արտահերթ մրցույթ, տնօրենների՝ իրենց դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու պատճառով։
6 ամիսը գերազանցող 4 դպրոցի տնօրենի պաշտոնակատար, որոնցից 2-ի մրցույթները չի կայացել հավակնորդ չլինելու պատճառով՝ «Աբիստոլ Սարդարյանի անվան Ագարակի հիմնական դպրոց» ՊՈԱԿ և «Արավուսի տարրական դպրոց» ՊՈԱԿ, իսկ մյուս 2-ի մրցույթները հետաձգվել է համավարակով պայմանավորված՝ «Տորունիքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ և «Որոտանի հիմնական դպրոց» ՊՈԱԿ։
Վայոց ձորի մարզ
2018-2020 թվականներին մարզի 7 դպրոցներում սահմանված կարգով անցկացվել է գործադիր տնօրենի թափուր տեղի մրցույթ:
Տավուշի մարզ
2018 թվականի մայիսի 1-ից մինչև 2020 թվական հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում դպրոցների տնօրենների թափուր պաշտոնների համար անցկացվել է 18 մրցույթ:
Դպրոցների տնօրենների թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներից երեքն անցկացվել է արտահերթ՝ գործող տնօրենների հետ աշխատանքային պայմանագրերի լուծման հիմքով, վերջիններիս անձնական դիմումների համաձայն։
Տավուշի մարզում մեկ հանրակրթական ուսումնական հաստատությունում նշանակված տնօրենի պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը գերազանցում է 6 ամիսը, քանի որ տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթներին որևէ հավակնորդ չի դիմել:
Երևան քաղաք
2018 թ․ մայիսի 1-ից 2020 թ․ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներից 42-ում և հայտարարվել են մրցույթներ տնօրենի թափուր տեղի համար։ Տնօրենի թափուր տեղի համար արտահերթ մրցույթներ հայտարարված են եղել 7 դպրոցներում՝ ըստ հետևյալի․«Երևանի Մ․Մելքոնյանի անվան հ․11 հիմնական դպրոց», «Երևանի Նար-Դոսի անվան հ․14 հիմնական դպրոց», «Երևանի Ալ․Շիրվանզադեի անվան հ․21 հիմնական դպրոց», «Երևանի Մ․Սարյանի անվան հ․86 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներ՝ գործող տնօրենի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու հիմքով, Երևանի «Լ.Միրիջանյանի անվան հ․155 հիմնական դպրոց» ՊՈԱԿ՝ գործող տնօրենի մահվան պատճառով։
Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման վեցամսյա ժամկետը գերազանցել է 3 դպրոցների պարագայում, քանի որ վիճարկվել են մրցույթների արդյունքները կամ մրցույթը չեղյալ հայտարարելու մասին լիազոր մարմնի որոշումները։
Ն.Հ.