Ճապոնիայի հարավարևմտյան հատվածում hորդառատ անձրևների և դրանից բխող սողանքների սպառնալիքները ստիպել է տեղի իշխանություններին հայտարարել տարհանում կամ տալ երաշխավորություն 322 հազարից ավելի մարդու տարհանման համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Տարհանում նախատեսվում է իրականացնել Կագոսիմա և Կումամոտո շրջաններից: Հաղորդվում է այդ հատվածներում կամուրջների և տների քանդման մասին:
Հորդառատ տեղումների հետևանքով Կումամոտո շրջանում գետի ջրերը դուրս են եկել հունից և արդյունքում որոշ բնակավայրեր հայտնվել են ջրի տակ: Փրկարարները և զինվորականներն ուղղաթիռներով տարհանում են մարդկանց տների տանիքների վրայից: Նշվում է, որ որոշ հատվածներում ջուրը հասել է տների երկրորդ հարկ: Թեպետ, ժամեր անց անձրևները որոշ չափով մեղմվել են, սակայն սողանքների վտանգն առկա է:
Տեղումների հետևանքով հեռահաղորդակցման լարերը վնասվել են: Նշվում է, որ 13 մարդ չի կարողանում կապի դուրս գալ, երկու քաղաքացի էլ ծանր վիճակում է: Վերջին տվյալների համաձայն՝ շուրջ 8 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության: