Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորական խոսք է հղել ԱՄՆ Անկախության օրվա առթիվ: Նախարարի հայտարարության մեջ մասնավորապես ասում է.

«Առաջին անգամ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են ավելի քան հարյուր տարի առաջ։ Մեր երկրների միջև յուրահատուկ կապ կա, որն առանձնանում է փոխադարձ համակրանքով ու վստահությամբ։ 1991թ․-ին հռչակված Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկու երկրները սերտորեն աշխատել են՝ ձևավորելու հիմքեր տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցության համար, այդ թվում՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման և խաղաղապահության ուղղություններով։ Վերջին մի քանի տարիներին Հայաստանը նշանակալի առաջընթաց է արձանագրել ժողովրդավարական զարգացման ճանապարհին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր երկու երկրների միջև առավել ամուր գործընկերության ու համագործակցության համար։ Մեր քաղաքական հարաբերություններն այժմ ընթանում են ռազմավարական երկխոսության մակարդակում, որի շրջանակում անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ 2019թ․ մայիսին Երևանում։ Մենք արժևորում ենք մեր նորացված երկխոսության ներառական բնույթը, որը թույլ է տալիս քննարկել ու ընդլայնել մեր ընթացիկ ընդհանուր օրակարգը։ Մենք բարձր ենք գնահատում տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկկողմ ձևաչափում, այդ թվում՝ վերջերս տրամադրված 5,4 միլիոն ԱՄՆ դոլար աջակցության փաթեթը համավարակի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունների շրջանակում»,- ասել է նախարարը։




Լրահոս