Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 5-ին, ժամը 00:20-ին ահազանգ է ստացել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծափաթաղ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշակ Ղ․, ծնված 1993 թ․) բախվել է «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Աշոտ Գ․) հետնամասին, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ ընկնելով հայտնվել Սևանա լճում։

Փրկարարները լճում հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել Արշակ Ղ․-ի դին, այնուհետև՝ դուրս բերել ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։




Լրահոս