ՀՔԾ-ՈՒՄ ՆՅՈՒԹԵՐ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանի հաղորդման հիման վրա. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նշենք, որ հունիսի 12-ին «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՔԾ՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու (ՀՀ քր. օր. 278 հոդված), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու (ՀՀ քր. օր. 308) փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով: Ու այս առիթով արդեն նյութեր են նախապատրաստվում:

«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այս դիմումը կապ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ վերջին մեկ ամսվա հայտարարությունների հետ»:

Նկատենք, որ առողջապահության պատասխանատուների իրականացրած քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարի եւ բուժման գործընթացում սկսվել է հետաքննության առարկա դառնալ նաեւ Ֆրանսիայում: Մասնավորապես, Փարիզի դատախազությունը դեռեւս հունիսի 9-ին սկսել էր հետաքննել երկրի իշխանությունների կողմից իրականացված գործողությունները կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում։ Հետաքննությամբ կորոշվի, թե  արդյոք իշխանությունների կողմից որեւէ քրեական հանցագործություն կատարվել է, թե ոչ։ Ուշագրավ է, որ Ֆրանսիայի պարագայում դատախազություն էր հանձնվել 62 բողոք՝ կապված պետական մարմինների, այդ թվում՝ նախարարությունների, տեղական մարմինների եւ ծերանոցների կողմից ճգնաժամի կարգավորման հետ։ Իտալիայում եւս նմանատիպ գործընթաց է գնում:

Իսկ, ահա, Հայաստանում եւս փորձ է արվում հասկանալ, թե որքանով են իշխանությունների եւ հատկապես Առողջապահության նախարարության քայլերն եղել հիմնավոր, եւ արդյոք չեն եղել պաշտոնական դիրքը չարաշահելու կամ տեղեկատվություն թաքցնելու, աղավաղելու դեպքեր: Սակայն դիմումի հեղինակ Արթուր Ղազինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թերահավատորեն մոտեցավ քրեական գործ հարուցելու հեռանկարին:

 

 

 

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանի շուրջ «կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գոգյանը պատրաստվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսությունում առկա ակնհայտ թարգմանությունների եւ արտագրությունների մասին ապացուցողական փաստեր հրապարակել: Իսկ մինչ այդ Գոգյանը սպասում է, թե, ի վերջո, ինչ կլինի մայիսի 22-ին ՀՀ վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումի ճակատագիրը։ «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ նա իր մտերմիկ շրջապատում ասել է՝ հեռանա պաշտոնից, թե ոչ, պատրաստվում է Գալոյանի ատենախոսության մասին բացահայտումեր անել: Երեկ այս հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Սմբատ Գոգյանի հետ, որը հայտարարեց, թե ինքն այս պահին էլ աշխատում է, վարչապետին ներկայացված հրաժարականի դիմումից էլ դեռեւս որեւէ նորություն չունի: Իսկ ինչ վերաբերում է Դիանա Գալոյանի ատենախոսության մասով բացահայտումներին, այդ մասով նշեց. «Ես կարող եմ ասել, որ հարց եմ բարձրացրել եւ պատասխանի ակնկալիք ունեմ: Իմ գնալ-չգնալով այդ հարցը չի լուծվելու, հարցի պատասխանը ինձ համար շատ կարեւոր է: Իմ դիմումի պատճառներից մեկն էլ դա էր: Պետք լինի, կխոսեմ, տեսնենք դեռեւս…Խոսում եմ, չի հետաքրքրում, սենսացիա չկա երեւի, իսկ փաստերը ինտերնետում առկա են»:

 

 

Հունիսի 26-ին ուշագրավ դեպք էր տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանում. 40-ամյա տղամարդը բարձրահարկ շենքից իրեն ցած էր նետել ու ինքնասպան եղել: «Ժողովուրդ» օրաթերթին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ տղամարդու ինքնասպանությունը կապում են գործարար Բենզին Ռուբո մականունով Ռոբերտ Գալուստյանի եւ նրա որդու՝ Ալեն Գալուստյանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ինքնասպանություն գործած տղամարդը՝ Մանվել Ավետիսյանը, աշխատել է «ՌԱՆ-ՕՅԼ» ընկերությունում, որը պատկանում է հենց գործարար Ռոբերտ Գալուստյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա պարտք է եղել Գալուստյանին եւ վերջինիս որդուն՝ Ալեն Գալուստյանին: Նրանք Մանվելից պահանջել են իրենց պարտքը, որը մի փոքր ուշացումով, բայց կարողացել է հավաքել գումարը եւ վերադարձրել։ Եվ որպեսզի այլ խոսակցություններ չծավալվեն, նա կրտսեր Գալուստյանի մոտ է գնացել իր կնոջ հետ: Բայց, ինչպես երեւում է, պարտատերերն անգամ հաշվի չեն առնել, որ իրենցից մշտապես յուղ վերցնող եւ վաճառող Մանվելը կնոջ հետ է եղել, այնքան էլ հաճելի խոսակցություն չի ծավալվել, եւ, ըստ ամենայնի, Մանվելն իրեն վատ է զգացել, որ կնոջ ներկայությամբ այդպիսի իրավիճակում է հայտնվել։ Կարճ ասած, տուն գնալուց որոշ ժամանակ հետո իրեն ցած է նետել պատշգամբից: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ռոբերտ Գալուստյանի՝ Բենզին Ռուբոյի հետ, որը հաստատեց, որ 40-ամյա տղամարդու հետ պարտքուպահանջի հարց է եղել: «Ինքը պարտք է եղել, եւ ես նոր եմ իմացել, 1 միլիոնի չափ է եղել պարտքը: Անձամբ իմ որդուն՝ Ալենին, պարտք չի եղել: Որեւէ խնդիր չի եղել, կնոջն է՛լ, իրեն է՛լ շատ հարգանքով են դիմավորել», – պատմեց գործարարը։

 

 

Հուլիսի 1-ից Հայաստանն անցնելու է պարտադիր սպանդանոցային համակարգի: Ասել է թե՝ վաղվանից մեր հանրապետությունում արգելվելու է ոչ սպանդանոցային մորթը: Այն, ի դեպ, պետք է արգելվեր հունվարի 15-ից, սակայն մսավաճառների բողոքի ակցիաների պատճառով կառավարությունն արգելքը հետաձգեց մինչեւ հուլիսի 1-ը: Նշենք, որ մսամթերքի իրացման կետերում բոլոր տնտեսվարողները պետք է ունենան անասնաբուժական 5-րդ ձեւը, որ նշանակում է՝ անասունը մորթվել է սպանդանոցում, ստուգված, անվտանգ միս է: Իսկ եթե մսավաճառը չունենա անասնաբուժական 5-րդ ձեւը, կտուգանվի 300 հազար դրամի չափով: Սպանդանոցային պարտադիր մորթի նկատմամբ խիստ վերահսկողությունը կսահմանվի վաղվանից, բայց արդյոք սպանդանոցների քանակը բավարա՞ր է, կամ բոլո՞ր անասնապահներին են հասանելի այդ սպանդանոցները: Պարզվում է՝ սպանդանոցային ճգնաժամ Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում է սպասվում: Այս խնդիրը մտահագում է նաեւ ՍԱՏՄ-ին: ՍԱՏՄ անասնաբուժական վարչության պետի ԺՊ Լիլիթ Սարգսյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ Շիրակի մարզում գործող 2 սպանդանոց կա, իսկ Վայոց ձորում 1-ն է: Արմավիրի մարզում ծառայություն մատուցում է 14 սպանդանոց: Սպանդանոցի խնդիր չունի նաեւ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերը: Նշենք, որ ամիսներ առաջ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտարարում էր, որ հուլիսի 1-ին Հայաստանում պատրաստ կլինի մոտ 80 սպանդանոց։ Սակայն երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս պահի դրությամբ մեր հանրապետությունում կա 45 գործող սպանդանոց: Կառուցման փուլում գտնվում են 91 սպանդանոցներ: Պարզվում է, որ արտակարգ դրության պատճառով 17 տնտեսվարողներ շինարարական ոչ մի աշխատանք չեն իրականացրել։

 




Լրահոս