Ո՞Վ Է ՓՈԽՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը, որոնք վերջիններս ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Այս անգամ կանդրադառնանք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը՝ ներկայացնելով տվյալներ նախարարի եւ փոխնախարարների հայտարարագրերից:

 

Այսպիսով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն իր հայտարարագրում անշարժ գույքի մասին որեւէ տվյալ չի ներկայացրել, չկան տվյալներ նաեւ տրանսպորտային միջոցների առկայության մասին: Դրամական միջոցներ բաժնում նախարարը նշել է 1 մլն 290 հազար կանխիկ դրամի եւ 4 մլն 244 հազար դրամ՝ բանկային հաշվում առկա գումարների մասին: Արայիկ Հարությունյանի մեկ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձերից՝ 16 մլն դրամ՝ նախարարի աշխատավարձ, եւ 142 հազար դրամ էլ՝ Երեւանի պետական համալսարանից:

Անդրադառնանք նախարարի տեղակալներին. նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն

ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Ավան վարչական շրջանում, ինչպես նաեւ 2010 թվականին թողարկված Toyota մակնիշի ավտոմեքենա, որը փոխնախարարը ձեռք է բերել 2018 թվականին: Արթուր Մարտիրոսյանը, որպես բանկային հաշվում առկա գումար, հայտարարագրել է 18 մլն 140 հազար դրամ, իսկ կանխիկ՝ 7 մլն 800 հազար դրամ: «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակներում փոխնախարարը մեկ տարվա ընթացքում ստացել է 2 մլն 850 հազար դրամ:

Նախարարի մյուս տեղակալ՝ Արայիկ Խզմալյանը,

համատեղ սեփականությամբ երկու բնակարան ունի, երկուսն էլ՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Թեեւ նախարարի տեղակալը 2019 թվականի ընթացքում ավտոմեքենա չի գնել, սակայն ունի երկու մեքենա՝ Nissan-ը ձեռք էր բերել 2017 թվականին, իսկ KiA մակնիշի ավտոմեքենան՝ 2013 թվականին: Բացի կանխիկ 14 մլն դրամից, փոխնախարարը բանկում ունի 1 մլն 710 հազար դրամ, իսկ 2019 թվականի ընթացքում նախարարությունից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 16 մլն դրամ, իսկ Գիտությունների ազգային ակադեմիայից էլ՝ 467 հազար դրամ:

Փոխնախարար Գրիշա Թամրազյանի

հայտարարագրում բացակայում են տվյալներ նրա շարժական կամ անշարժ գույքերի վերաբերյալ: Սակայն հայտարարագիրը ներկայացնելիս Թամրազյանը նշել է իր բանկային հաշվում առկա 43 հազար դոլարի եւ կանխիկ՝ 2 հազար դոլարի եւ 2 մլն դրամի մասին: Փոխնախարարը մեկ տարվա ընթացքում նախարարությունից ստացել է 10 մլն դրամ՝ որպես աշխատավարձ, 864 հազար՝ Բրյուսովի պետական համալսարանից՝ կրկին որպես աշխատավարձ, եւ 6 մլն դրամից ավել գումար՝ բանկերից:

Մյուս տեղակալ Ժաննա Անդրեասյանն

ունի համատեղ սեփականությամբ բնակարան Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, սակայն նա տրանսպորտային միջոցների մասին որեւէ տեղեկություն չի հրապարակել:  Անդրեասյանը կանխիկ գումար չի ունեցել, սակայն նա բանկում ունի 7 մլն 447 հազար դրամ: Հետաքրքիր տվյալներ են առկա նրա եկամտի հետ կապված՝ 1 մլն 324 հազար դրամ՝ Երեւանի պետական համալսարանից, 418 հազար դրամ՝ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ից, 11 մլն դրամ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, եւ այլ գումարներ եւս:

Իսկ, ահա, Նարինե Խաչատուրյանն

ունի երկու բնակարան, երկուսն էլ՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանում, ինչպես նաեւ 2008 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը բանկում ունեցել է 4 մլն 909 հազար դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում  վաստակել է 9 մլն դրամ՝ որպես վարձատրություն, իսկ Հակոբ Սուլյանից ստացել է 1 մլն դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացված գումար:

Ն. Հ.

 

 

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՀԱՆՐԱԳԻՐ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

Մի քանի փաստաբաններ հանրագիր են ներկայացրել Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովին: Փաստաբաններն առաջարկում են ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք: Փաստաբաններ Ներսես Իսաջանյանը, Վարուժան Վարդանյանն ու Վահե Սիմոնյանն իրենց հանրագրում մեջբերել են նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1300 աղջիկ, իսկ վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40 հազար աղջիկ: Սակայն փաստաբանները ենթադրում են, որ այդ թիվն ավելի մեծ է, քանի որ աբորտների զգալի մասը կատարվում են տնային պայմաններում եւ չեն հաշվառվում:

Եվ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ, փաստաբանները ցանկանում են ամրագրել.

  1. օրենքով ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը,
  2. հղիության արհեստական ընդհատման միջոցով երեխային կյանքից զրկելը թույլատրել միայն այն դեպքում, երբ նման ընդհատումը կարող է վերացնել երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը,
  3. չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը եւ բարեխիղճ բուժաշխատողներին: Եվ, ահա, չնծված երեխայի կյանքի իրավունքի մասին նախագծում նրանք ցանկանում են ամրագրել հետեւյալ դրույթները.

հոդված 1. կյանքի իրավունքը մարդուն պատկանում է բեղմնավորման պահից՝ անկախ սեռից, առողջական վիճակից, գենետիկական հատկանիշներից, տարիքից, անձնական կամ սոցիալական այլ հանգամանքներից:

Հոդված 2. Պետությունը ճանաչում եւ պաշտպանում է չնծված երեխայի կյանքի իրավունքը:

Հոդված 3. Հղիության արհեստական ընդհատումը կարող է թույլատրվել, եթե այն իրական վտանգ է ներկայացնում չծնված երեխայի մոր կյանքի համար:

 

 

ՀԱՃԱԽՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Նախորդ շաբաթվա տվյալներով՝ արձանագրվել է երեխաների հաճախումների նվազում. մանկապարտեզ հաճախում են ցուցակագրված երեխաների մոտավորապես 3.5%-ը: Մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումները հիմնականում կապված են մանկապարտեզներում հոսող տաք ջրի, փակվող աղբամանների բացակայության հետ, կան խդիրներ ջրի ծորակների համապատասխանության մասով:

 

 

ՄԵՐԺԵԼ ԵՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 25-ին Բերդի տարածաշրջանի  Այգեձոր գյուղում փոքր ՀԷԿ կառուցելու նախագծի հանրային քննարկում  է անցկացվել։ Խնձորուտ գետի Այգեձորի ջրամբարից սնվող ոռոգման ինքնահոս ջրագծի վրա «Էրի ձոր» փոքր ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա ունի «Ատլաս-Պլյուս» ՍՊԸ-ն:  ՓՀԷԿ-ը պետք է ունենա 990 կՎտ հզորություն, տարեկան արտադրի 3.5 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա: ՓՀԷԿ-ի շահագործման սկիզբը նշված է 2021թ-ը, շահագործման ավարտը` 2036թ-ը: Բերդ համայնքից հայտնեցին, որ «Ատլաս-Պլյուս» ՍՊԸ-ի տնօրենը Տիգրան Մեջլումյանն է։

Վերջինիս հայրը` Արմեն Մեջլումյանը, «Ատլաս Էներգո» ՍՊԸ տնօրենն է, այդ ընկերությունը Այգեձորում ներկայումս շահագործում է  2 փոքր ՀԷԿ։ Դրանցից մեկը 440 կՎՏ դրվածային հզորությամբ «Այգեձոր» ՓՀԷԿ-ն է, որի ջրառն իրականացվում է «Այգեձոր» մայր ջրանցքից, որն էլ ջրառն իրականացնում է  Աղնջա գետից՝ Խնձորուտ  գետի միախառնման  կետից: Մյուսը 2000 կՎտ դրվածքային հզորությամբ «Այգեձոր-2» փոքր ՀԷԿ-ն է, որը ջրառն իրականացնում է Խնձորուտի ջրամբարի պատվարից` Արծվաբերդ, Այգեձոր, Չորաթան, Չինարի, Մովսես համայնքների 15 կմ  երկարության ինքնահոս ոռոգման համակարգի 13.5 կմ հատվածում` Այգեձոր համայնքի վարչական սահմանում։ Բերդից  հայտնեցին, որ  Արմեն Մեջլումյանը ծննդով Բերդ քաղաքից է, բնակվում է Երեւանում։ Այգեձորում հանրային քննարկումը բազմամարդ է եղել, մասնակցել է շուրջ 100 հոգի:

Քննարկման բոլոր մասնակիցները դեմ են եղել նոր փոքր ՀԷԿ-ի կառուցմանը։ Հանրային քննարկման մասնակիցները՝ Այգեձոր եւ Չինարի գյուղերի բնակիչները, իրենց դիրքորոշումը բացատրել են ոռոգման ջրի պակասով, գյուղացիները մտավախություն ունեն, որ նոր փոքր ՀԷԿ-ի գործարկումով ոռոգման ջրի խնդիրն ավելի կսրվի։ Վերջին տարիներին  ամռանը երաշտ է լինում, ոռոգման ջուրը նվազում է։ Այգեձորում ներկայումս գործող, Արմեն Մեջլումյանին պատկանող երկու փոքր ՀԷԿ-երը շահագործող ընկերություն  բարեգործություն չի անում, չի մասնակցում բազում հիմնահարցեր ունեցող Այգեձորի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը։

Հանրային քննարկման մասնակիցները նաեւ մտավախություն ունեն, որ  փոքր ՀԷԿ-երը, որոնք վերաբերյալ փաստաթղթերը օրինական ու կարգին  են, գործնականում  խախտում են  ջրառի սահմանված պայմանները, ավելի շատ ջուր են վերցնում ջրառի տեղից։ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  գործում է  5 փոքր ՀԷԿ։ Վերջին տարիներին, կապված չորային եղանակի, գետերի սակավաջրության հետ, այդ բիզնեսի եկամտաբերությունը նվազել է։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս