Մայրանալու բերկրանքն ամենաերանելի զգացումն է եւ արարման խորհուրդ ունի իր մեջ, իսկ երբ մայրանում ես չորրորդ անգամ, դու աշխարհի ամենաերջանիկ էակն ես: Անկրկնելի այդ զգացողությունն ապրելու համար երախտիքի խոսքերը երբեք շռայլ չեն կարող լինել: Թերեւս խոսքերն ի զորու չեն նաեւ համարժեքորեն արտահայտել այն, ինչ զգում ու մտածում եմ ես՝ արդեն չորրորդ անգամ հանդիպելով բժիշկների, որոնց նվիրումի գաղտնիքը առաջին հերթին մարդկային հատկանիշներով է պայմանավորված, մարդու հանդեպ մեծագույն հոգատարությամբ:
էրեբունի Բժշկական կենտրոնի բուժաշխատողներն այնպիսի ներդաշնակությամբ են համադրում մասնագիտական ու մարդկային բարձր որակները, որ է՛լ ավելի է մեծանում հավատն ու վստահությունը այս բուժհաստատության նկատմամբ:
Այդ վստահության երաշխավորը ամենից առաջ «Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանն է՝ խոշորագույն այս կենտրոնի ղեկավարը, իր գործի գիտակը, հրաշալի մասնագետն ու Մարդը, ում մասնագիտական ու կառավարման հմտություններով են պայմանավորված բուժհաստատության հաջողությունները: Ղեկավար, ով մեծապես նպաստել է, որ իր ղեկավարած բուժհաստատությունում, բացի կարեւորագույն, կյանքի ու առողջության համար կենսական նշանակություն ունեցող մյուս բաժանմունքներից, ձեւավորվի ծննդօգնության հսկայական բաժանմունք: Այն իր նվիրյալ, բանիմաց մասնագետներով ու մատուցած սպասարկման որակով հայտնի է ողջ հանրապետությունում: Սա պատասխանատվություն է ոչ միայն գործի, այլեւ մարդու, հայրենիքի, մայրության ու կյանքի նկատմամբ:
«Էրեբունի» ԲԿ գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյան
Ես երախտիքի իմ խոսքն եմ հղում նաեւ մայրության բերկրանքը վերստին ինձ պարգեւած բժիշկներին՝ ի դեմս ծննդօգնության գծով փոխտնօրեն ԲԳԹ Անդրանիկ Պողոսյանի: Ցանկանում եմ նրան կրկին ասել՝ իմ հարազատ, պաշտելի բժիշկ, խորին խոնարհում Ձեզ ու շնորհակալություն՝ մարդկային ու մասնագիտական բարձր որակների համար, այն հույսի ու հավատի համար, որով համակում եք մայրացող կանանց: Դուք Բժիշկ եք, ում էության մեջ մեկտեղվել են բարությունն ու հոգատարությունը, սերը մարդու հանդեպ, որ վերաբերմունք է դառնում ծնունդ երեւույթի նկատմամբ: Ուզում եմ հավաստիացնել, որ Ձեր վստահ աշխատաոճն ու հուսադրող խոսքը միայն ու միայն պաշտամունքի են արժանի: Ձեր ղեկավարությամբ այս բաժանմունքում աշխատում է բժիշկների մի հզոր թիմ, որը օրվա ցանկացած պահի, անկախ ժամից ու հանգամանքներից, պատրաստ է օգնության հասնել, պատրաստ է իր մասնագիտական ողջ ներուժը ի սպաս դնել այն սրբազան գործին, որն ապահովում է կյանքի շարունակականությունը:
«Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյան
Իմ խորին երախտիքն եմ հայտնում նաեւ ծննդատան անեսթեզիոլոգիայի եւ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լուսինե Դանիելյանին, սիրելի բժիշկներ պատրաստակամ ու հոգատար Նորայր Ղուկասյանին, բնույթով մեղմ, բայց գիտելիքներով փորձառու Դավիթ Աբովյանին:
Շնորհակալություն մանկաբույժ Արուսյակ Այվազյանին՝ իմ բալիկի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:
Շնորհակալություն բոլոր բժիշկներին, ովքեր անձնուրաց նվիրումով հավատարիմ են իրենց կոչմանն ու գործին:
Երախտիքի խոսք եմ ուզում հղել նաեւ «Էրեբունի» ԲԿ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, մեր շատ սիրելի Շուշան Հունանյանին, ում բարի կամքը, հոգատարությունն ու պատրաստակամությունը եւս բուժհաստատության ընդհանուր գործի մի մասն են կարծես:
Գաղտնիք չէ, որ հատկապես համավարակի այս օրերին հաճախ ենք շնորհակալական խոսքեր լսում բուժաշխատողների հասցեին, սակայն այսպիսի բուժաշխատողների մասին երախտիքի խոսքերը երբեք ավելորդ չեն:
Շնորհակալություն:
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ
89 ՀԻՎԱՆԴ ԲՈՒԺՎՈՒՄ Է
Հունիսի 29-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանիցի 86-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում եւ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4174 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 28-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2820 նմուշառման հետազոտություն, հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 նոր դեպք։ Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 37 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 21 դեպք։
ՈՒԺԻ ՄԵՋ ԵՆ ՄՆՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 26.09.2019թ. N 1335-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 01.07.2020 թ.-ից ուժի մեջ են մտնում ՀՀ կառավարության՝ 2010թ. սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ կատարված հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները՝
ֆիզիկական անձի անվամբ տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է ըստ նրա՝ բնակչության պետռեգիստրում առկա հաշվառման վայրի: Հաշվառված չլինելու դեպքում տրանսպորտային միջոցը չի հաշվառվում՝ բացառությամբ ժամկետային ծառայության զինծառայողների, որոնց դեպքում տրանսպորտային միջոցը գրանցվում-հաշվառվում է՝ ըստ նրանց՝ բնակչության պետական ռեգիստրում առկա վերջին հաշվառման վայրի: Պետական գրանցման եւ պետական հաշվառման գործողությունների կատարումը մերժվում է, եթե ներկայացված չեն Հայաստանի Հանրապետության կառավարության վերոնշյալ որոշմամբ նախատեսված փաստաթղթերը, կամ անձը, որի անվամբ պետք է հաշվառվի տրանսպորտային միջոցը, հաշվառված չէ բնակչության պետռեգիստրում եւ չի հատկացվել հանրային ծառայությունների համարանիշ կամ չի տրամադրվել հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք: