«ԵՍ ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ՄԵՋ ՉԵՄ ԸՆԿՆՈՒՄ». ԻՌԵՆ ՈՒԼԻԽԱՆՈՎԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի այս անգամվա  զրուցակիցը պարուհի Իռեն Ուլիխանովնան է: Պարուհու հետ զրուցել ենք պարարվեստում առկա խնդիրների, ընտանիքը նոր անդամով համալրելու եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

 

-Իռե՛ն, արդեն բավականին երկար ժամանակ է՝ ընտանիքի հետ միասին բնակվում եք հայրենիքից հեռու։  Ի՞նչ գործունեություն եք ծավալում այժմ:

-Մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ենք ապրում գրեթե 3 տարի: Երկուսս էլ զբաղվում ենք մեր սիրելի գործով: Վահագն իր 32 comedy stand է զբաղված, ինչպես նաեւ զբաղվում է հանդիսավարությամբ, իսկ ես հիմնել եմ իմ Irendance պարային ստուդիաները, որոնք գտնվում են երկու քաղաքներում` Գլենդելում եւ Հյուսիսային Հոլիվուդում, եւ ունեմ բազմաթիվ աշակերտներ, ինչպես նաեւ զբաղվում եմ հարսանեկան պարերի բեմադրմամբ, ունեմ ավագ  խումբ, որոնք պարում են հարսի հետ կամ նմանատիպ այլ միջոցառումների ժամանակ: Տեղափոխվելով Միացյալ Նահանգներ՝ ինձ համար մեծ երջանկություն էր շարունակել զբաղվել հենց իմ սիրած մասնագիտությամբ:

-Դժվա՞ր չէ հայրենիքից հեռու ապրելը։ Կարոտո՞ւմ եք։

-Կարոտը դարձել է ինձ մոտ խրոնիկ հիվանդություն: Շատերն ասում են, որ մի քանի տարի հետո էլ չեմ ցանկանա ետ վերադառնալ հայրենիք, բայց ինձ այդպես չէ: Ես Հայաստանս եմ սիրում , հայերիս, Երեւանիս ամեն անկյունն իմն է, ինձ համար հարազատ է եւ անկրկնելի:

-Մտադրություն կա՞ նորից վերադառնալ Հայաստան։

-Կյանքն անակնկալներով լի է: Ես չէի պատկերացնի, որ կգա մի օր, որ կապրեմ Հայաստանից հեռու, բայց այնուամենայնիվ ստացվեց այնպես, ինչպես որ ստացվեց: Գուցե մի օր էլ կստացվի այնպես, որ կտրուկ որոշումով կրկին կվերադառնանք հայրենիք:

-Ամենաշատը Երեւանում Ձեր սիրելի ո՞ր վայրն եք կարոտել։

-Երեւանն ինքնին ինձ համար հենց ամենասիրելի վայրն է, չեմ ուզում տարանջատել ո՛չ մի փողոց, ո՛չ մի անկյուն:

-Իռե՛ն, լինելով պարուհի՝ կարծում եմ` լավ ծանոթ եք այն պարողների խնդիրներին, որոնք նոր են փորձում մուտք գործել ասպարեզ: Ի՞նչ խնդիրներ եք տեսնում ոլորտում։

-Ամենամեծ խնդիրն, ըստ ինձ, այն է, որ յուրաքանչյուր պարող, ով ստանում է պրոֆեսիոնալ պարային կրթություն, համապատասխան կրթօջախներն ավարտելուց հետո գտնվում է մոլորության մեջ, թե ինչպես,  լինելով պարող կամ պարուսույց, կարողանա գտնել իր համար անհոգ եւ արվեստով լի ապագա: Յուրաքանչյուր պարողի երազանքն է մեծ բեմերով, համերգներով շրջագայել, տարբեր երկրներում մրցույթների ու փառատոնների մասնակցել, իսկ այսօր, ցավոք սրտի, այդ ամենն այնքան էլ հաճախ չի լինում: Նույնիսկ, եթե շրջագայում ենք, ապա ավելի շատ հարսանեկան միջոցառումների համար:

-Մեզ հետ Ձեր նախորդ զրույցում նշել էիք, թե համերգների կազմակերպման եւ մրցույթների բացակայության խնդիր կա։ Ձեր կրծիքով՝ ինչո՞ւ չեն կազմակերպվում, ի՞նչն է պատճառը։

-Երբ կազմակերպում ես, առաջին հարցն ինքդ քեզ, որ տալիս ես՝ որ համերգասրահում համերգ կկազմակերպես՝ հաշվի առնելով ժողովրդի հետաքրքրությունը պարարվեստի նկատմամբ եւ հնարավորությունը տոմս ձեռք բերելու: Այսօր մարդիկ հացի խնդիր ունեն, եւ գումարը, որ կծախսվի հոգեւոր սննդի վրա, նախատեսելի է ծախսել իրական սննդի եւ այլ կենցաղային հարցերի վրա: Բացի այդ, ինտերնետային պորտալներն այնքան իմֆորմացիա են տալիս, եւ կա բոլոր տեսակի, բոլոր ճաշակների, ոճերի եւ ուղղությունների օնլայն համերգներ, տեսանյութեր եւ այլն, որպեսզի մարդիկ կարողանան այդ հոգեւոր բացը լրացնել ինչ-որ չափով  այդ սեւ արկղի` հեռախոսի միջոցով:

-Ձեր որդին արդյոք ունի՞ պարային հակումներ։

-Ես կցանկանամ՝ իմ որդին ինքն ընտրի իր մասնագիտությունը, որն իր համար կլինի սիրելի: Անկեղծ ասած, Աշոտին այդ ոլորտում չեմ պատկերացնում:

-Կցանկանա՞ք, որ նա շարունակի Ձեր մասնագիտությունը։

-Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նա լինի բազմակողմանի զարգացած եւ հեշտորեն իրեն գտնի մասնագիտության ընտրության մեջ եւ կյանքում: Այստեղի կրթական համակարգը տարբեր է Հայաստանի «սովետական» կրթություն անցածների համար, մի փոքր տարօրինակ եւ անընդունելի է, բայց իրենց երեխաներին շատ է դուր գալիս, եւ նրանք իրենց զգում են ազատ եւ սիրով հաճախում են դպրոց: Իսկ Ամերիկայում գիտենք, որ շատ համաշխարհային եւ ճանաչված համալսարաններ կան: Դեմ չեմ լինի, որ այնտեղ սովորի:

-Ինչպիսի՞ ապագա եք պատկերացնում նրա համար։

-Որտեղ էլ որ լինի, ուզում եմ, որ լինի ամենաերջանիկն ու կայացածը:

-Իռե՛ն, արդյոք սպասվո՞ւմ է ընտանիքում նոր անդամի համալրում։

-Իմ զբաղվածությունը միշտ այնքան շատ է, որ երբեք չեմ կարողացել գտնել այն ժամանակը, որ կկարողանամ դադարեցնել գործունեությունս, որպեսզի երկրորդ երեխան ունենանք: Ընտանիքը կհամալրենք առայժմ նոր անդամով` շնով:

-Ի՞նչ վախեր ունեք ապագայի հետ կապված։

-Ապագայի հետ կապված վախերս միայն  մեկն է` վախենում եմ չհասցնել, եւ այդ բառի տակ թաքնված է ամեն ինչ՝ կապված իմ վախերի հետ:

-Ե՞րբ եք Ձեզ միայնակ զգում։

-Յուրաքանչյուր մարդ նույնիսկ, երբ շրջապատված է բազմաթիվ հարազատներով, ընկերներով,  միեւնույնն է, միայնակ է, քանի որ մտածում եւ զգում է միայնակ: Չգիտեմ, թե որքանով ստացվեց միտքս ճիշտ տեղ հասցնել:

-Ի՞նչը կարող է Ձեզ դեպրեսիայից հանել։

-Ես դեպրեսիայի մեջ չեմ ընկնում, քանի որ ունեմ հրաշալի աշխատանք, որտեղ կա հրաշալի երաժշտություն, շարժում, էմոցիա, երեխաներ, նույնիսկ երբ մի բան այն չէ, պարելուց, դասավանդելուց, բեմադրելուց հետո ամեն ինչ վերանում է:

-Երազում եք…

-Երազում եմ ծնողներս, քույրս ընտանիքով եւ ամենամոտ ընկերուհիներից, որ երկրում էլ լինեմ, հեռու չլինեմ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

«ԵՍ ՉԷԻ ԱՆԻ, ԲԱՅՑ ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՐԵՑ ԱՅԴ ԽԵՆԹ ՔԱՅԼԸ». ԱՐԱՅԻԿ ԳԱԲԱՋՅԱՆ

Նախօրեին հայտնի ոճաբան Արայիկ Գաբաջյանի ծննդյան 35-ամյակն էր: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնի դիզայները խոսել է ծննդյան անակնկալների եւ երգչուհի Գայա Արզումանյանի խենթ քայլի մասին:

 

«Այս տարի նշում եմ իմ 35-ամյակը: Կարծում եմ` 35-ը  շատ հասուն եւ գիտակից տարիք է, քանի որ շատ բաներ ավելի փոքր տարիքում չես գիտակցում: Երբ արդեն գիտակից ես դառնում, նոր ես հասկանում, թե ինչ քաղցր բան է կյանքը, ինչ ես արել ու ինչ պետք է դեռ անես, եւ կարծում եմ՝ 35-ը հենց այդ տարիքն է»,-նշում է նա:

Ոճաբանը ընդգծում է, որ ամեն տարի իր տարեդարձը նշում է հանրապետությունից դուրս, սակայն այս տարի բացառություն է բոլորիս հայտնի պատճառով. «Ես իմ տարեդարձը նշում եմ ոչ Հայաստանի Հանրապետությունում եւ ես չեմ սիրում իմ ծննդյան օրը, սիրում եմ առանձնանալ եւ միշտ նշել եմ դրսում: Տարեդարձս նշել եմ մինչեւ 15-16 տարեկան ժամանակներս, դրանից հետո նշել եմ քաղաքից դուրս մենակ կամ ինձ շատ հարազատ մարդկանց հետ: Այս տարի կարանտինի պատճառով երկրից դուրս գալ չկարողացա, բայց որոշել էի առանձնանալ ամառանոցում, ու 12-ին դուռը բացվեց, բոլոր ընկերներս եկան, ու այդպես շատ լավ նշեցինք»:

Մեր զրուցակցի փոխանցմամբ` նա ավելի շատ սիրում է նվիրել իրապես, այլ ոչ թե նվերներ ստանալ, բայց, ինչ խոսք, յուրաքանչյուր նվեր ոճաբանի համար թանկ է:

«Ես ավելի շատ սիրում եմ նվիրել, թեւ հիմա դա շատ են ասում, բայց դա ինձ մոտ իրագործվում է, իհարկե հաճելի է նվերներ ստանալ, եւ չկա այդպիսի կոնկրետ  իր, որ ասեմ՝ ես սա կուզենայի կամ  նա, ինձ համար յուրաքանչյուր նվեր էլ թանկ է, ինչպես նաեւ հաճելի: Այս տարվա ամենատպավորիչ անակնկալն արեց Գայա Արզումանյանը: Կարծում եմ՝ ամեն մարդ չէր գնա նման քայլի: Նա  իմ անունն էր դաջվածքի տեսքով  գրել ձեռքին: Կարծում եմ՝ դա շատ հաճելի եւ շոյվելու քայլ էր: Ես կողմ չեմ դաջվածքին, միգուցե որեւէ մեկի համար չէի անի, բայց Գայա Արզումանյանն արեց այդ խենթ քայլը»,-հավելում է նա:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

ԱՐԺԱՆԻ

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն արժանին է մատուցել թիմակից, ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմային, որի կրնկով փոխանցումից հետո գրավեց «Էսպանյոլի» դարպասը Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի արտագնա խաղում։ Կազեմիրոյի գոլը հաղթական էր՝ 1։0։ «Դա Քարիմի գոլն է։ Մենք սովորել ենք նրա բարձր կարգին եւ խաղի որակին։ Ես պետք է այդ գոլը նշեի նրա հետ։ Իմ գոլը Բենզեմայի շնորհիվ էր։ Մենք գիտենք նրա որակները, եւ փոխանցում խնդրեցի, քանի որ գիտեի՝ այդ դիրքից էլ նա կգտնի ինձ փոխանցումով։ Պրիմերայում մենք կենտրոնացած ենք միայն մեր խաղերի վրա։ «Էսպանյոլի» դեմ հանդիպումն արդեն անցյալում է, եւ մտածում ենք միայն «Խետաֆեի» հետ դիմակայության մասին։ Ցանկանում ենք հաղթել բոլոր հանդիպումներում։ Առջեւում դեռ երկար ճանապարհ կա։ Գիտենք, որ ամեն խաղը գավաթային եզրափակիչ է։ Մենք ցանկանում ենք հռչակվել չեմպիոն»,-ասել է  Կազեմիրոն։ «Ռեալը» վաստակել է 71 միավոր, «Բարսելոնան» հետ է 2 միավոր։ 33-րդ տուրում «Բարսելոնան» հունիսի 30-ին կընդունի Մադրիդի «Աթլետիկոյին»։

 

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը «Միլանի» դեմ Իտալիայի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում։ Մխիթարյանը 2 հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 25 փոխանցումից թիմակիցներին հասել է 80 տոկոսը։ 31-ամյա խաղացողը 3 անգամ խլել է գնդակը, 1 անգամ էլ կասեցրել է մրցակցի փոխանցումը։ Մխիթարյանը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ նույնպես եղել է 1 խախտում։ Արդյունքում Մխիթարյանը ստացել է 6.61 գնահատականը, որը երկրորդն է «Ռոմայի» կազմում՝ զիջելով միայն դարպասապահ Անտոնիո Միրանտեին՝ 6.93։ Հիշեցնենք, որ «Ռոման» պարտվել է 0։2 հաշվով։

 

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է «Միլանից» կրած 0։2 հաշվով պարտությունը Իտալիայի առաջնության 28-րդ տուրի արտագնա խաղում։ «Առաջին խաղակեսում մենք լավ էինք խաղում, հավասարակշռված էինք գործում, վերահսկում էինք խաղի ընթացքը։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից մոտ 10 րոպե հետո «Միլանը» սկսեց կիրառել պրեսինգ մեր խաղադաշտում, բայց իրական գոլային պահերին դեռ չէին հասնում։ Այն, թե ինչպես մենք նվիրեցինք հաղթանակը «Միլանին», հիշեցնում է «Սամպդորիայի» դեմ խաղում բաց թողած գոլը։ Իհարկե, բարդ է, երբ հաշվի մեջ հետ ես, իսկ «Միլանն» էլ լավ պատրաստված թիմ է։ Բայց նրանք գործնականում ոչինչ չստեղծեցին եւ աչքի ընկան միայն այդ երկու գոլային դրվագով։ Ինքներս հանձնեցինք խաղը, եւ ոչ մի արդարացում չկա մեր պարտությանը։ Առանցքային դեր խաղաց ֆիզիկական պատրաստությունը։ «Միլանը» գրեթե մեկ շաբաթ ուներ այս խաղին պատրաստվելու համար։ Վերսկսումից հետո սա նրանց երրորդ խաղն էր, մեր դեպքում՝ երկրորդն էր»,- ասել է Ֆոնսեկան։

 

 




Լրահոս