ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

Երեւանի բնակիչ 28-ամյա Տիգրան Աբգարյանը յուրահատուկ ձեւով է պայքարում կորոնավիրուսի դեմ. նա իր ձեռքով պատրաստել է զրահաբաճկոն-հանդերձանք, այդ թվում՝ դեմքի հատվածը փակելու համար:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

 

 

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՐՑ. Կնքել եմ վարկային պայմանագիր, որից բխող պարտավորությունների ապահովման համար գրավադրել եմ իմ գույքը: Ուզում եմ իմանալ՝ վճարումները չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում ի՞նչ հետեւանքներ կարող են լինել:

Ռազմիկ Գրիգորյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վարկի մարման եւ տոկոսների վճարման պարտականությունը չկատարելու կամ ժամանակին չկատարելու դեպքում վարկը դասակարգվում է` դառնալով ժամկետանց, որի դիմաց հաշվարկվում են պայմանագրով նախատեսված տույժեր: Պայմանագրում տույժերի վերաբերյալ դրույթներ նախատեսված չլինելու դեպքում տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչեւ պարտավորության դադարման օրը` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Եթե վարկային պայմանագրի շրջանակներում առկա է գրավադրված գույք, ապա ֆինանսական կազմակերպությունը կարող է իրացնել գրավի առարկան եւ իրացման արդյունքում ստացված գումարը ուղղել վարկային պարտավորությունների կատարմանը:

Ֆինանսական համակարգի հաշտարար

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Միայն գրավատուն հանձնված գույքի գրավի դեպքում է, որ գույքի իրացումից հետո գրավատունն իրավունք չունի որեւէ պահանջ ներկայացնել պարտապանի նկատմամբ, եթե անգամ գրավ դրված գույքի իրացումից ստացված գումարն անբավարար է պահանջը լրիվ բավարարելու համար։

 

 

 

ՎՃԱՐՆԵՐ

 

ՀԱՐՑ. Եթե աշխատակիցը անաշխատունակության (հիվանդության) մեջ է գտնվել երեք ամսից ավելի ժամանակահատված, ապա ի՞նչ կարգով է իրացվում աշխատողի՝ նպաստ ստանալու իրավունքը:       

Ինեսա Հարությունյան (32 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ «Ժամանակավոր  անաշխատունակության  եւ  մայրության  նպաստների  մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի 8-րդ  հոդվածի  համաձայն՝  վարձու աշխատողին հիվանդության նպաստ տրվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկով վավերացված ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար՝ սկսած երկրորդ աշխատանքային օրվանից մինչեւ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամության խմբի սահմանումը կամ հաշմանդամության խմբի վերանայումը:

Տեւական հիվանդության դեպքում վարձու աշխատողները բժշկասոցիալական փորձաքննության են ուղեգրվում անաշխատունակությունը սկսելու օրից 3 ամսից ոչ ուշ:

Եթե բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշման համաձայն՝ վարձու աշխատողը հաշմանդամ չի ճանաչվում, բայց շարունակում է դեռեւս մնալ անաշխատունակ, ապա հիվանդության նպաստ ստանալու նրա իրավունքը կարող է շարունակվել, բայց ոչ ավելի, քան մինչեւ 3 ամիս ժամկետով կամ մինչեւ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատվելը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ վարձու աշխատողի նպաստը հաշվարկում, նշանակում եւ վճարում է գործատուն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո` առաջիկա աշխատավարձի վճարման համար օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

 

 




Լրահոս