2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն
իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի
սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ:
Ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղևորները դիմակ չեն
կրում և խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան`
այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:
Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից
իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով
ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ,
որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող
ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևան
քաղաքի 17-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության
համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի
քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության
ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ Երևան քաղաքի անչափահաս
բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները
պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: