ՖՈՏՈ. Աշխատում եմ չհիշել ինձ հարվածողներին. Ալլա Սահակյանն իր վախերի, զղջման խոսքեր ասելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսել է վերջին շրջանում էկրաններին հաճախ չհայտնվելու, վախերի եւ այլ հետաքրքիր այլ հարցերի շուրջ:

-Ալլա’, տեւական ժամանակ է՝ Ձեզ էկրաններին չենք տեսնում, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր լռությունը։

-Դեռեւս ութ տարի առաջ ես ինքս իմ ցանկությամբ հրաժարվեցի այլեւս հեռուստասերիալներում նկարահանվել, իհարկե դրանից հետո եղել են առաջարկներ, բայց հրաժարվել եմ, քանի որ ես ինձ այդ ոլորտում չեմ տեսնում, գուցե այն պատճառով, որ դեռ ես ինձ համար այդ ոլորտում հետաքրքիր բան չեմ գտել: Այլ բան է, օրինակ  մի քանի մասանի ֆիլմերը, հատկապես վերջին շրջանում Հանրային հեռուստաընկերության կողմից արված նախագծերը: Ինչու չէ, եթե ինձ համար հետաքրքիր առաջարկներ լինեն, սիրով կընդունեմ։ Իսկ այս ընթացքում հասցրել եմ արդեն մի քանի գեղարվեսատական ֆիլմերում նկարահանվել: Վերջին տարիներին ավելի շատ թատրոնի եւ երաժշտական ստեղծագործական զբաղվածությունս է շատ եղել, քանի որ ինձ ավելի հետաքրքիր է այդ ոլորտներում աշխատելը : Ֆիլմերի մասով հույսս չեմ կորցնում, առջեւում դեռ նախագծեր, հետաքրքիր պլաններ կան։ Բացի դա, այս ամիսների ընթացքում մշակել եմ նոր նախագծեր, դիզայներական, մոդելավորման աշխատանքներ, նմուշներ պատրաստել ցուցադրությունների համար, ինչպես նաեւ ներկայացման հագուստներ, աքսեսուարներ, անգամ փոքրիկ տեսանյութեր եմ պատրաստում` մարդկանց մոտիվացնելու համար, օրինակ` ինչպես կարելի է փոքրիկ ծաղիկից  ինչ-որ նոր գեղեցիկ բան ստեղծել:

Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ այս ժամանակահատվածում նկարահանվում եք «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ֆիլմում, որը հիմնված է յոթ պատմվածքների վրա: Կպատմե՞ք ֆիլմի ստեղծման գործընթացի մասին:

– «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» ֆիլմը Վարշամ Գեւորգյանինն է: Ֆիլմում ընդգրկված է 7 պատմություն եւ ի սկզբանե ձեւաչափն այնպիսին է եղել, որ, համավարակի իրավիճակն օգտագործելով,  դերասանները պետք է փորձեին իրենք  իրենց նկարահանել, եւ իհարկե մի մասն էլ ռեժիսորն է նկարահանել։ Ես նույնպես իմ մասնակցությունն եմ ունեցել այդ նկարահանումներին: Մոտ օրերս կլինի ֆիլմի պրեմիերան «Համազգային»-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում, եւ մենք նույնպես անհամբեր սպասում ենք, շատ հետաքրքիր լուծումներով հագեցած ֆիլմ է սպասվում, բացի այդ Թոթովենցի ստեղծագործությունն է, որը մեկ անգամ եւս հնարավորություն է տալիս ետ նայել:

-Շատ դերասանուհիներ նշում են, թե բեմից դուրս ունեն որոշակի բարդույթներ: Ձեզ մոտ ինչպե՞ս է, իրականում կա՞ նման բան:

-Ես չեմ կարծում, որ ինչ-որ բարդույթներ ունեմ, սովորաբար, եթե ինչ-որ խնդիրներ կամ կոմպլեքսներ ունենում եմ,  միշտ աշխատում եմ դրանց վրա, այսինքն` որեւէ բան չկա, որ լուծում չունենա, եթե իհարկե դա կապված չէ կոնկրետ աշխատանքի եւ աշխատասիրության հետ:

-Դուք այն հազվագույտ դերասանուհիներից եք, ովքեր մշտապես ստեղծագործական նոր պրպտումների մեջ են: Վերջին շրջանում ինքներդ Ձեզ համար ի՞նչ բացահայտումներ եք արել:

-Ես միշտ պրպտումների մեջ եմ, եթե ինչ-որ բան ինձ մոտ չի ստացվում դա զուտ իմ մեղքն է, եւ քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող եմ ամեն ինչի հասնել: Դրա համար փորձում եմ միշտ նոր բաներ սովորել, ինքնակրթվել, զարգանալ, հետեւել, նոր շերտեր ավելացնել, չկանգնել նույն տեղում: Արվեստում ես ինքս էլ բազմակողմանի հետաքրքրություններ, հոբբիներ ունեմ, այս ընթացքում էլ շատ բաներ եմ ինձ համար բացահայտել, սովորել, որոնք կիրառում եմ կյանքում, կենցաղում․ դա ինձ շատ է մոտիվացնում: Ես ինքս էլ իմ էությամբ անդադար պրպտող եմ եւ ոգեւորությանս աղբյուրն են հանդիսանում ընտանիքս եւ բնությունը:

-Ընդհանրապես ասում են, թե թատրոնը դերասանի համար տան կտուր է, թե’ հոգեպես , թե’ ֆիզիկապես: Դուք ինչպե՞ս կնկարագրեք այն:

-Թատրոնն ինձ համար միշտ է եղել առաջնային, անգամ եթե նկարահանվում էի հեռուստասերիալներում. Այդ ժամանակ դա ինձ համար կարեւոր էր, քանի որ սովորում էի Կոնսերվատորիայում, եւ ինձ վարձավճարի համար անհրաժեշտ էր գումար, բայց դա չդարձավ ինձ համար ինքնանպատակ: Հետո սկսում ես ինքդ քեզ համար ֆիլտրել, թե որն է քեզ համար ավելի կարեւոր, որն է հոգիդ ավելի հարստացնում, իսկ թատրոնում նոր դերեր կերտելով՝ դերասանուհին հարստանում է, եւ դու ինքդ քեզ վրա աշխատելով` նոր գույներ ու ռեսուրսների բազզա ես ստեղծում:

-Ի՞նչը կարող է վախեցնել Ալլա Սահակյանին:

-Ես աշխատում եմ վախերի մասին չմտածել, եթե մարդ հավատում  է, որ Աստված գոյություն ունի եւ իրեն պաշտպանում է, ապա չպետք է վախենա:

-Երբեւէ մեկին զղջման խոսքեր ասե՞լ եք:

-Այո, ասել եմ: Կարծում եմ՝ ավելի շատ մարդն իր գործով պետք է ուղղի իր սխալը եւ իր գործով վերանայի իր վերաբերմունքն ու կարծիքը: Մարդ պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել, եթե ներողություն խնդրելու անհրաժեշտություն չկա, ապա այդ քայլը նույնպես մեծ ուժի մասին է խոսում:

-Ո՞վ կարող է Ձեզ թիկունքից հարվածել:

-Ես աշխատում եմ չհիշել ինձ հարվածողներին, ինքս տեսակով լավատես մարդ եմ: Կյանքը բումերանգ է, եւ յուրաքանչյուր վատ բան անպայման հետ է վերադառնում:

-Ավելի շատ ընկրկող եք, թե՞ պայքարող:

-Երբեք չեմ ընկրկում, եւ փորձում եմ հնարամիտ ձեւով ամեն պարագայում լուծումներ գտնել:

-Ինչպիսի՞ մայր եք Ձեզ համարում:

-Որպես մայր չեմ կարող ինձ բնորոշել: Ամեն բան անում եմ իմ ուժերի ներածին չափով, թեեւ ունեմ աչքիս առաջ մորս օրինակը, ով արել եւ անում է ամեն բան իր երեխաների համար, բայց ես աշխատում եմ գերազանցել նրան՝ լինելով աղջկաս համար եւ մայր, եւ քույր, եւ ընկերուհի:

-Ձեր սիրելի հայ գրողը` չափածո եւ արձակ:

-Ընդհանրապես շատ եմ սիրում մեր հայ գրականությունը եւ իմ դպրոցական տարիներին չափազանց շատ էի կարդում, եւ հիմա էլ շատ եմ ընթերցում: Թերեւս կառանձնացնեմ ինձ համար յուրահատուկ մի քանի հեղինակների` Վահան Թեքեյան, Վահան Տերյան, Համո Սահյան,  Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, իսկ արձակ ստեղծագործներից` հավանում եմ ժամանակակից գրողներից Հովհաննես Երանյանին, Վիլյամ Սարոյանի պատմվածքները, Շառլ Ազնավուրի գրքերը, Հրանտ Մաթեւոսյան, Ստեփան Զորյան եւ Վահան Թոթովենց: Ես ինքս վերջերս սկսել եմ նկարահանել հեքիաթների շարք, այդ կերպ փորձելով իմ կրտսեր հանդիսատեսին օգտակար լինել: Մեծ արձագանքներ եմ լսել ինչն էլ ավելի շատ է ոգեւորում, քանի որ ամեն բան անում եմ ինքնուրույն, նկարել, մոնտաժել եւ այլն: Կարծում եմ, եթե ցանկություն կա ինչ-որ մի նոր բան սովորելու եւ անելու, ապա երբեք ուշ չէ, միայն փորձել է պետք:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս