Հայաստանում սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը էժանացել են: Համենայնդեպս, այս մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն, որի տվյալներով գնանկումը կազմել է 3.5 տոկոս: Բանջարեղենի շուկայում եւս գնանկում է արձանագրվել՝ 22 տոկոսով: Տեղեկացնենք, որ այս շրջանում գյուղացիական տնտեսությունների կողմից ամռան այս ամիսներին գյուղմթերքը բավականին էժան գնով է վաճառվում:
Օրինակ վարունգի մեկ կիլոգրամը 50-60 դրամով է գյուղացին վաճառում, որը հասնում է Երեւան դառնում է 150-200 դրամ: Լոլիկի մեկ կիլոգրամը 250-270 դրամով է վերավաճառողը գյուղացուց ձեռք բերում, ապա այն վաճառում է 400 դրամով: Նույնն է նաեւ սմբուկի դեպքում. գյուղացին այն վաճառում է 250 դրամով, իսկ մայրաքաղաքի գյուղատնտեսական առեւտրի կետերում կամ սուպերմարկետներում սմբուկի գինը տատանվում է 550-800 դրամի սահմաններում: Փոխարենը՝ մրգի շուկայում գնաճ է արձանագրվել՝ 4.1 տոկոսով:
Հայաստանի վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ կաթնամթերքը, պանիրը և ձուն հունիսին մայիսի համեմատ 1.4 տոկոսով է էժանացել: Միայն ձվի գինը հունիսին մայիսի համեմատ էժանացել է 5.1 տոկոսով: Բացի այս, շաքարավազն է էժանացել՝ 0.9 տոկոսով: Իսկ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի շուկայում թանկացումը շարունակվում է: Պաշտոնական տվյալներով խմիչքը թանկացել է 0.3, իսկ ծխախոտը՝ 0.4 տոկոսով: Պատճառը նախորդ տարվա հուլիսի 1-ից ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.