«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է 112 հազար 764 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 114 հազար 175 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա հինգ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,1.2 տոկոսով է նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։
Ի դեպ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 956 հազար 900 մարդ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մշտական բնակվողների թիվը 2 մլն 962 հազար 100 էր: Այսինքն` 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ-ում բնակչության թվաքանակը 5200-ով է պակասել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։