«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռեւս հունիսի 29-ին հայտնի դարձավ, որ ԱԺ-ի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխություններից հետո ՍԴ երեք արդեն նախկին դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը, Հրանտ Նազարյանը եւ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվ, ահա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավականին օպերատիվ կերպով ՀՀ կառավարությանը հարցաշար է ուղարկել դատավորների մասին: Սա, համաձայնեք, ինչ-որ չափով ապտակ է ՄԻԵԴ-ի կողմից ՀՀ իշխանությունների իրավաբանական թեւին: Ու եթե ՄԻԵԴ-ը որոշի ընդունել հայցի ապահովման միջնորդությունը եւ կասեցնել ՍԴ երեք դատավորների պաշտոնանկության ու նախագահի գահընկեցության գործընթացը, ապա առնվազն երեք անձինք՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ինչպես նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Ինչո՞ւ. որովհետեւ հենց նրանք էին պարտավոր ապահովել միջազգային հանրության հետ համագործակցությունն ու հասկացվածությունը, անխոցելի նախագիծ մշակել, ինչը, ըստ էության, չի արվել:
Նկատենք, որ ՄԻԵԴ-ի նման օպերատիվ գործելաոճի հարցում մեծ դերակատարում ունի նաեւ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ մեր երկրի վերաբերմունքը: Որքան էլ աներկբա լինի այն, որ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եզրակացություններն ունեն խորհրդատվական բնույթ, այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունները չեն կարող նսեմացնել կառույցի դերը եւ չհետեւել տրված խորհուրդներին: Ի վերջո, ՄԱԿ-ի որոշումներն էլ ունեն խորհրդատվական բնույթ, բայց դրանց պարտադիրության մասին բոլորը մշտապես գիտեն: Եւ այս պարզ իրողությունը հաշվի առնելով՝ ԵԽԽՎ-ն չէր կարող թույլ տալ, որ անտեսվի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը` ԵԽԽՎ-ն արժեզրկելով բոլոր 47 անդամ երկրների համար: Իսկ ինչ վերաբերում է ՍԴ դատավորների ճակատագրին, ապա եթե ՄԻԵԴ-ը հայցի ապահովման միջոց կիրառի, նշանակում է կասեցնել դատավորների պաշտոնանկության գործընթացը, մինչեւ բուն գանգատը կքննվի, ինչը կարող է տարիներ տեւել: Եթե առաջիկա օրերին նման զարգացում լինի, ապա Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել ՍԴ նախագահի պարտականությունները, իսկ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը պետք է մնան դատավորներ, մինչեւ ՄԻԵԴ-ը վերջնական որոշումը կայացնի:
Իհարկե, ՀՀ իշխանությունները կարող են նաեւ չկատարել ՄԻԵԴ կայացրած որոշումը հայցի ապահովման մասով, ինչը կունենա արդեն կոնկրետ քաղաքական հետեւանքներ ԵԽ նախարարների կոմիտեում` առավել բարդ հեռանկարներով: Հաշվի առնելով վերը բերվածը՝ կարելի է եզրակացնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի իրավաբանական թեւը հերթական անգամ անհարմար դրության մեջ դրեց կառավարությանը` խորապես չհաշվարկելով իրավաբանական հետեւանքները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։