Մեկ օրվա մեջ երկու ահազանգ, ահաբեկված քաղաքացիներ, դեպքի վայր շտապող ոստիկաններ: Ինչ կատարվեց հուլիսի 6-ին Երեւան քաղաքում: Երեկ ռումբի մասին կեղծ ահազանգերը մեկը մյուսի հետեւից հաջորդեցին միմյանց: Նախ առաջինը «Մեգամոլ»-ում ռումբի մասին ահազանգ հնչեց, որից հետո պարզվեց, որ ահազանգը կեղծ է եղել:
Բանն այն է, որ դեպքի վայր շտապած Արտակարգ իրավիճակների նախարարության եւ ոստիկանության աշխատակիցները որևէ վտանգավոր բան չէին հայտնաբերել: Կարճ ժամանակ անց կրկին ահազանգ հնչեց, որ այժմ էլ «Դալմա Գարդեն մոլ»-ում է ռումբ տեղադրված, կրկին դեպքի վայր շտապեցին Արտակարգ Իրավիճաների նախարարության եւ ոստիկանության աշխատակիցները եւ կրկին պարզվեց, որ ահազանգը կեղծ է: Այն, որ կեղծ ռումբի մասին ահազանգերը հասարակության շրջանում վախի մթնոլորտ են ստեղծում՝ այսպես ասած, էլ չգնալ առեւտրի կենտրոն գնումների, քանի որ միգուցե այդ կեղծ ահազանգերը մի օր էլ իրականություն կդառնան:
Ու մինչ իրավապահները փնտրում են մեկ օրվա մեջ երկու անգամ կեղծ ահազանգի մասին տեղեկություն տվող անձին , armlur.am-ը լրագրողական հետաքննություն իրականացրեց` հասկանալու համար, թե մինչ այս դեպքը, կեղծ ահազանգ իրականացրած քաղաքացիներն ինչ պատասխանատվության են ենթարկվել:
Այսպիսով, ուսումնասիրելով դատարանում ավարտված քրեական գործերի ընթացքը արձանագրեցինք, որ օրինակ դեռեւս 2017 թվականին Էդգար Վիրաբյանը զանգահարել էր ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն եւ նախապատրաստվող ահաբեկչության մասին տվել էր սուտ հաղորդում` հայտնելով, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է տեղադրված և 3 ժամից այն պայթելու է: 2017 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ Էդգար Վիրաբյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածով՝ հետևյալ արարքի համար. «որ նա՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը սուտ է, 2017թ. փետրվարի 6-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում գտնվող տաքսոֆոնից զանգահարելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, դիտավորյալ տվել է նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում` հայտնելով, որ Ավանի հոգեբուժարանում ռումբ է տեղադրված, 3 ժամից այն պայթելու է: Քննիչ Կարապետյանի 2017թ. փետրվարի 8-ի որոշմամբ Է.«Վիրաբյանի նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի թիվ 8 եզրակացության համաձայն` «Էդգար Արսենի Վիրաբյանը տառապել և տառապում է «Շիզոֆրենիա պարանոիդ ձև» հոգեկան հիվանդությամբ:
Արդյունքում, դատարանի որոշմամբ Վիրաբյանը այս քայլը կատարել էր անմեղսունակության վիճակում եւ նրան ազատել էին քրեական պատասխանատվությունից և պատժից ու նրա նկատմամբ կիրառվել էր բժշկական բնույթի հարկադրանքի միջոց` նրան տեղավորելով հոգեբուժական կազմակերպությունների ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում:
Լիլյա Ավակիմյանն էլ զանգահարել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ իրենց` Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 14 շենքի նկուղում ռումբ կա` տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում: Ավելին պարզվեց, որ երիտասարդ կինը առողջական խնդիրներ ունի եւ ազատվեց քրեական պատասխանատվությունից :
2015 թվականին Դավիթ Հակոբյանը զանգահարել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի 1-02 հեռախոսահամարին և նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունում` Սեյրան Օհանյանի կաբինետում ռումբ կա տեղադրված: Այս արարքի համար Դավիթ Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ էր նշանակել ազատազրկում 1 տարի 6 ամիս ժամկետով։
Այսպես, կարելի է շարունակել դեպքերը, եւ ուսումնասիրելով կեղծ ահազանգողների քրեական քրոնիկան՝ պարզ է դառնում, որ նման քայլի դիմած անձանց զգալի մասը առողջական խնդիրներ ունեն, իսկ մի մասն էլ քրեական պատասխանատվության է ենթարկվում՝ առավելագույնը պատժվելով 1 տարի ժամկետով: Չի բացառվում, որ օրենքի ոչ խիստ կիրառելիությունն էլ այսօր շատերին դրդում է վերցնել հեռախոսը եւ ռումբի մասին ահազանգ հնչեցնել: Սակայն տեսակետ կա նաեւ, որ հոգեբուժական կենտրոնները հսկողություն չեն իրականացնում նմանօրինակ քաղաքացիների նկատմամբ եւ վերջիններս դուրս գալով հիվանանոցից, թողնվում են բախտի քմահաճույքին՝ վտանգելով հասարակությանը:
Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը գտնում է, որ բացը գալիս է ոստիկանությունից: Իսկ ահա Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն, առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց պատկերը, թե որտեղ խնդիր ունենք:
Մանրամասները՝ տեսանյութում