Երեք ուժերի դիմումը ՀՔԾ-ում է. մանրամասներ դիմումի ընթացքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Armlur.am-ը դեռեւս հուլիսի 2-ին գրել էր, որ ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։

Հիշեցնենք, որ նշված երեք ուժերը գլխավոր դատախազություն էին ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:

Armlur.am -ը փորձել է Հատուկ Քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանից պարզել, թե ինչ փուլում է գտնվում դատախազության կողմից ՀՔԾ ուղարկված դիմումի քննությունը: «Նյութերի նախապատրաստման փուլում է»,-հայտարարեց մեր զրուցակիցը: Նշենք նաեւ, որ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածները սահմանում են՝

Հոդված 180. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը

1. Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում:

2. Նշված ժամկետում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող է կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։

Հոդված 181. Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման արդյունքում ընդունվող որոշումները. Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) քրեական գործ հարուցելու մասին.

2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին. 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս