ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012թ․ հուլիսի 26-ին Երևանի քաղաքապետի ներկայացրած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում Երևանի Եզնիկ Կողբացու փողոցի 36 հասցեում «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման ներդրումային ծրագրի մասին։ Համաձայն դրա՝ N ՍՊԸ-ն առաջարկել է հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012թ․ գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ կառուցել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր և պատրաստ է իր միջոցների հաշվին այդ հասցեում գտնվող հողամասում, Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի համար շինարարական կապալի պայմանագրին համապատասխան, կառուցել նոր կաթսայատուն, դպրոցի` Եզնիկ Կողբացու և Պուշկինի փողոցների անկյունային մասնաշենքի վրա` 288 քառ. մետր մակերեսով վերնահարկ` որպես համերգային դահլիճ:
Այդ որոշմամբ դպրոցին ամրացված գույքի կազմից հետ է վերցվել` Եզնիկ Կողբացու փողոցի N 36 հասցեում գտնվող հողամասից` 300 քառ. մետր մակերեսով հողամասը, 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատունը և նշված աշխատանքների համար, որպես վճարման միջոց, սեփականության իրավունքով փոխանցվել է ՍՊԸ-ին:
Կաթսայատան և վերնահարկի շինաշխատանքների նախահաշիվը, համաձայն նախագծանախահաշվային փաստաթղթերի, կազմում է 102 մլն դրամ, իսկ նշված 300 քառ. մետր մակերեսով հողամասի և 35.3 քառ. մետր մակերեսով կաթսայատան շուկայական արժեքը 2012թ․հուլիսի 23-ի դրությամբ կազմում է 100 մլն դրամ:
Կաթսայատան և վերնահարկի աշխատանքների իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքվել է գրավի պայմանագիր` որպես գրավի առարկա նախատեսելով նշված գույքերը:
ՀՀ մշակույթի նախարարության և ըկերության միջև կնքված գլխավոր կապալի պայմանագրով շինարարության ավարտի ժամկետ է սահմանվել 2,5 տարին, իսկ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների որակի նկատմամբ հսկողության իրականացումը դրվել է նախարարության վրա։
Պարզվել է սակայն, որ նշված համալիրը մինչ օրս չի կառուցվել, ՀՀ կառավարության նշված որոշմամբ չի սահմանվել համալիրի կառուցման նկատմամբ հսկողության պարտավորություն և ժամկետ, պետական սեփականություն հանդիսացող նշված հողամասի և կաթսայատան շուկայական գնահատում չի իրականացվել և շինաշխատանքների նախահաշիվ ու նախագծանախահաշվային փաստաթղթեր չեն կազմվել:
Պարզվել է նաև, որ ՍՊԸ-ն, դառնալով պետական սեփականություն հանդիսացող նշված 335.3 քառ. մետր մակերեսով հողամասի սեփականատեր և իր ակտիվում ունենալով միայն նշված հողամասը, 2016թ. սեպտեմբերին օտարվել է 160 մլն. դրամով, իսկ 2019թ. մարտ ամսին հողամասը գրավադրվել է բանկում՝ գնահատվելով 194 մլն դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշման մեջ ներառվել են պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի շուկայական արժեքի, ինչպես նաև՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և շինաշխատանքների արժեքի վերաբերյալ առերևույթ կեղծ տվյալներ:
Բացի այդ, 2015թ․ հունիսին փոփոխվել է ՀՀ կառավարության 26.07.2012թ. թիվ 1052-Ա որոշումը և սահմանվել է, որ «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» ՊՈԱԿ-ի համար նախատեսված շինաշխատանքների փոխարեն ՍՊԸ-ն պետք է ձեռք բերի 82.477.000 դրամ արժեքով երաժշտական գործիքներ, իսկ ձեռքբերվող երաժշտական գործիքների որակի նկատմամբ հսկողությունը դրվել է ՀՀ մշակույթի նախարարության վրա։
2016թ. մայիսի 12-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրությամբ ընդունվել են 83.611.570 դրամ արժեքով երաժշտական գործիքները: Սակայն ՀՀ ՊՎԾ աշխատակիցների նախաձեռնած փորձաքննությամբ պարզվել է, որ դրանից ՀՀ մշակույթի նախարարությանը հանձնված 47.265.000 դրամ արժեքով (առանց ԱԱՀ) 10 ջութակների և 2 ալտերի իրական շուկայական արժեքը կազմում է 22.950.000 դրամ կամ 24.315.000 դրամով պակաս:
Այսինքն ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի ներկայացուցչի օժանդակությամբ կազմված հանձնման-ընդունման արձանագրության մեջ ներառել են մատակարարված երաժշտական գործիքների իրական արժեքի վերաբերյալ կեղծ տվյալներ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով առերևույթ հափշտակելով 24.315.000 դրամ առանձնապես խոշոր չափերի պետական միջոցներ:
Ուսումնասիրությամբ ի հայտ են բերված փաստերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: