ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը հանցագործության մասին հաղորդում են  ներկայացրել ՀՀ գլխավոր  դատախազություն: Այս երեք ուժերի հաղորդման բովանդակությունը վերաբերում է վերջին երկու տարիներին նախաձեռնված եւ իրականացված ամբողջ գործընթացին, մասնավորապես՝ իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման դեպքերին: Armlur.am-ը զրուցել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանի հետ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչ հիմքեր են ներկայացվել դատախազություն՝ իշխանություններրին մեղադրելով յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման համար:

 

-Այսօր երեք կուսակցություններ՝ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը, միացյալ հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին: Բուն առարկան 2020 թվականի հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների սահմանադրական փոփոխությունների նախագիծն է, որով նախատեսվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի երեք դատավորների՝ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի, ինչպես նաեւ Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները։ Սակայն, ըստ էության, դատական իշխանության դեմ արշավը շատ ավելի վաղուց է սկսվել, եւ համադրելով փաստերը՝ գալիս ենք հանրագումարի, որ առերեւույթ գործ ունենք հանցակազմի հետ, որը տեղավորվում է հետեւյալ սահմանումների մեջ՝ պաշտոնական լիազորությունների անցում, սահմանադրական կարգի տապալում, իշխանության զավթում: Իսկ, առհասարակ, դատական իշխանության դեմ ոտնձգություններին կամ իշխանության այս ճյուղի հնազանդեցման արշավը ավելի վաղ է սկսվել: «Դաշնակցությունն» իր  քաղաքական գնակատականը բարձրաձայնել է այդ առիթով: Նաեւ կարծում ենք՝ իրավական գնահատականներ տալու ժամանակն է:

-Իսկ ի՞նչ փաստական հանգամանքների հիման վրա եք երեք ուժերով դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

-Առկա են թե՛ Փաստական հանգամանքները, թե՛ իրավական հիմքերը: Դեռ  2019 թ. մայիսի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիներ մի քանի ժամով արգելափակել են ՀՀ դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վարչական շենքերը։ Ճնշումներով էր պայմանավորված ԲԴԽ ինը  անդամներից հինգի հրաժարականը: Վահե Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս շրջանառության մեջ դրեց «Սահմանադրական դատարանի ճգնաժամ» գնահատականը՝ հայտարարելով  ՍԴ 9 դատավորներից մի մասի անիրավասությունը։ Այս ամենից հետո իշխող քաղաքական ուժի լծվեց ճգնաժամը «լուծելու»  գործին՝ կանգ չառնելով ոչնչի առջեւ, խախտելով օրենք ու Սահմանադրություն, այդ թվում՝  արհամարհերով ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության սպառնալիքը: 2020 թ. հունիսի 22-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից  սահմանադրական փոփոխությունների նախագիծն ընդունվեց՝  Սահմանադրության, Աժ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի եւ ընթացակարգերի խախտումով: Ազգային ժողովի պաշտոնական  կայքում «Մամուլի հաղորդագրություն» տարածվեց Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանի կողմից ՍԴ նախագահի պարտականությունների ստանձնման մասին, մինչդեռ Ազգային ժողովն օժտված չէ նշված իրավական փաստերն արձանագրելու լիազորությամբ, մի խոսքով՝ գործողությունների շարք, որոնց նպատակը Սահմանադրական դատարանում կառավարելի մեծամասնության ձեւավորումն է:  ՀՀ օրենսդրությունն ապահովում է իրավական հիմքերը, ՀՀ քրեական օրենսգիրքը թույլ է տալիս վերը նշված երեք դրվագներով՝ պաշտոնական լիազորությունների անցում, սահմանադրական կարգի տապալում, իշխանության զավթում,  իրավական գնահատական տալ եւ պատասխանատվություն սահմանել:  Մենք կարծում ենք, որ կատարվածն իր ողջ ծավալով եւ հանրային, պետական կյանքի վրա ունեցած հետեւանքներով, քազաքականից զատ, պետք է անպայման արժանանա իրավական գնահատականի:

-Ի՞նչ ակնկալիք ունեք դատախազությունից, քանի որ մշտապես նշվել է, որ դատախազությունը ենթարկվում է ներկայիս իշխանություններին: Կլինի՞ անաչառություն:

-Մենք հավատում ենք քաղաքական եւ իրավական մշակույթի էվոլուցիոն զարգացմանը: Տեղին կլինի հիշել, թե միջազգային կառույցներից ինչ գնահատականներ հնչեցին, որոնք վերաբերում էին թե՛ ժողովրդավարության հետընթացին, թե՛ միջազգային  սահմանադրական նորմերի մեղանչումներին: Կարծում ենք, որ դատախազությունը կգտնվի մասնագիտական անաչառության եւ օբյեկտիվության տիրույթում, կառաջնորդվի միայն իրավունքի գերակայությամբ: Մենք ուզում ենք հավատալ, որ ՀՀ-ը իրավական երկիր է, ուր կա ինստիտուցիոնալ գործառույթներին հավատարմություն:

 

 

ՄՏԱՎԱԽԵԼՈՒ ՈՐԵՎԷ ԱՌԻԹ ՉՈՒՆԵՆ

«Երեք ուժերին խորհուրդ կտամ հետադարձ հայացք նետել 2008 թվական, երբ տապալվում էր սահմանադրական կարգը, այդ ժամանակ լռում էին». Հրաչյա Հակոբյան

 

Այսօր ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը հանցագործության մասին հաղորդում են  ներկայացրել ՀՀ գլխավոր  դատախազություն: Այս երեք ուժերի հաղորդման բովանդակությունը վերաբերում է վերջին երկու տարիներին նախաձեռնված եւ իրականացված ամբողջ գործընթացին՝ մասնավորապես իշխանության յուրացման ու սահմանադրական կարգի տապալման դեպքերին: Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք իրենք մտավախություն ունեն այդ առումով:

-Պարո՛ն Հակոբյան, երեք քաղաքական ուժեր իշխանություններին մեղադրում են իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման համար: Դուք մտավախություն չունե՞ք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կուսումնասիրի ներկայացված հանգամանքները, եւ իսկապես երեք ուժերի մեղադրանքները կհաստատվեն:

-Ես որեւէ մտավախություն չունեմ, քանի որ այս տարիների ընթացքում իշխանությունների բոլոր քայլերը եղել են օրինական, օրենքի սահմաններում: Մենք մտավախելու որեւէ բան չունենք:

-Վերջին երկու տարիների ընթացքում չե՞ք կատարել որեւէ անօրինական քայլ, որը կարող է հետեւանքներ ունենալ:

-Այս երկու տարիների ընթացքում որեւէ օրենքի խախտում չենք արել, երեք ուժերին էլ խորհուրդ կտամ՝ մի հատ հետադարձ հայացք նետեն 2008 թվական, երբ տապալվում էր սահմանադրական կարգը, այդ ժամանակ թող իրենց լռությունը վերանայեն:

-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են ընդդիմադիր այդ երեք ուժերը հիշել, որ իշխանությունները երկու տարի շարունակ անօրինականություններ են կատարել:

-Պարզ է դա, այդ ուժերից մեկը, իմ խորին համոզմամբ, շատ կոնկրետ այս պահի դրությամբ փորձում է իրեն քաղաքական հետապնդման մեջ տեղավորել, որ իբրեւ թե տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Ուժերից այն մեկը՝ ՀՅԴ-ն, չի կարողանում համակերպվել, որ այլեւս նրանք անցյալում են: Իսկ այն երրորդ ուժը մարդ- կուսակցություն եմ համարում, քանի որ մի քանի հոգով հավաքվել են ու իրենց կուսակցություն են հռչակել: Ես ունեմ իմ կանխավարկածը, թե իրենք ինչու են նման հայտարարություններ անում, բայց դրա մասին կլռեմ: Ուղղակի պետք է հիշել, որ իշխանությունը որեւէ մտահոգություն չունի եւ չի կարող ունենալ. մենք ամեն ինչ անում ենք օրենքով:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԲԱՑԱՍԱԿԱՆ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է: Այդ մասին ասել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու վարակված պատգամավորների հետ շփում ունեցածները, կարգի համաձայն, չեն մեկուսացել: «Օրինակ՝ տիկին Մակունցը, նա եւս հանձնել է կորոնավիրուսի թեստ, եւ պատասխանը բացասական է»,-ասել է Ալեն Սիմոնյանը, ապա նշել, որ, Աստված մի արասցե, եթե ԱԺ-ն կարեւոր մի որոշում ընդունելիս լինի, ու կարիքը լինի, որ վարակված պատգամավորը գա, պետք է գա:

 

ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ՝ հունիսի 29-ին հարցմամբ դիմել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Նախագահ Սարգսյանից մասնավորապես խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել»-ասել է նա։

 

ԿԱՆՉԵԼ ԵՆ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հարցաքննել է Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ  Վարդան Ղուկասյանին: Այն կապված է հունիսի 18-ին վերջիններիս բնակարանները խուզարկելու դեպքի հետ, որից հետո էլ ԱԱԾ-ն նրանց կանչել է հարցաքննության: Իսկ թե ինչ հարցեր են ուղղվել, մեզ պարզել չհաջողվեց: Փորձեցինք տեղեկությունը պարզել անձամբ Վարդեւան Գրիգորյանից, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց վարորդը՝ նշելով, թե նա երկրում չէ, իսկ, ահա, Վարդան Ղուկասյանն էլ, լսելով, որ իրեն զանգահարում են լրատվամիջոցից, ասաց՝ լավ եղեք, ցտեսություն` չցանկանալաով անգամ լսել հարցը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին խուզարկություն էր իրականացվել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանին եւ Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում: Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդեւան Գրիգորյանի տուն, նույն օրը նաեւ խուզարկել էին Վարդան Ղուկասյանի գրասենյակը: Վարդեւան Գրիգորյանը հայտնել էր՝ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց էին տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ եւ կատարել որոշակի գործողություններ: Պատգամավորի խոսքով՝ առգրավել էին իր այփադը եւ թոռների հեռախոսները:

 




Լրահոս