ԱՆԱԿՆԿԱԼ ՔՎԵԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը զրուցել է Աժ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

 

-Պարո՛ն Բաբաջանյան, ինչո՞ւ այսօր որոշեցիք դեմ քվեարկել ներկայացված նախագծին այն դեպքում, երբ նախկինում Սահմանադրական դատարանի վերաբերյալ նախագծերին կողմ եք քվեարկել:

-Նախկինում, նաեւ այսօր իմ սկզբունքային դիրքորոշումը եղել է եւ կա այն, որ երկրում հաստատված սահմանադրական ճգնաժամը պետք է օր առաջ հաղթահարվի եւ այդ նպատակով ես, այո, կողմ եմ քվեարկել դրան ուղղված ցանկացած նախաձեռնության։ Ինչ վերաբերում է այսօր քվերակված նախագծերի փաթեթին, ապա, ի թիվս այլ իրավական կարգավորումների, այդ փաթեթը վերաբերում է նաեւ Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներին հայաստանյան չափանիշներով բավական բարձր կեսնաթոշակի ապահովմանը, ինչն էլ հանդիսացավ օրենսդրական այս փաթեթին դեմ քվեարկելու իմ հիմնական շարժառիթը։ Դեմ քվեարկելով՝ ես իմ քաղաքական ու քաղաքացիական վերաբերմունքն արտահայտեցի արդեն նախկին այդ դատավորների նկատմամբ, որոնք, ինչպես պարզվեց, գործել են ոչ թե Սահմանադրության ու օրենքի, այլ, այսպես կոչված, «մեծամասնության» տրամաբանության շրջանակներում, որոնք առաջնորդվել են ոչ թե իրենց բարձր առաքելությամբ, այլ ստվերային, հանցավոր պայմանավորվածություններով, տարբեր նախկին պաշտոնյաների ու խմբակների շահերի սպասարկման դրդապատճառներով։ Խորապես համոզված եմ, որ նման մարդիկ արժանի չեն բարձր կենսաթոշակներ ստանալ մեր՝ հարակատուներիս հաշվին։ Հասկանալիորեն խնդիրը ոչ միայն ու ոչ այնքան կենսաթոշակի գումարի չափն է, այլ սկբունքը, արժեքային նշաձողը. ժողովրդի դեմ վճիռներ ընդունած անձինք չպետք է կենսաթոշակ ստանան ժողովրդի միջոցների հաշվին։ Սա որեւէ բովանդակային կապ չունի սահմանադրական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի հետ, որոնց առնչությամբ իմ դիրքորոշումը չի փոխվել եւ չի փոխվելու։

-Ձեր քվեարկությունը անակնկալ է եղել «Իմ քայլ»-ի համար: Իրենց հետ նախապես քննարկե՞լ էիք հարցը:

-Ինձ համար էլ անակնկալ է այն, որ իմ քվեարկությունն անակնկալ է եղել «Իմ քայլի» համար, քանի որ եթե ինչ-ինչ հարցերի վերաբերյալ իմ դիրքորոշումն ու քվեարկությունները վերջին շրջանում համընկել են «Իմ քայլի» հետ, դրանից ամենեւին չի բխում, թե իմ բոլոր քվեարկությունները պետք է նույնական լինեն իշխող խմբակցության քվեարկությունների հետ։ Ես արդեն ներկայացրեցի այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել իմ՝ նշյալ նախագծերին դեմ քվերակելու համար։ Ինչ վերաբերում է Ձեր հարցին՝ նախապես քննարկել եմ արդյոք իրենց հետ այդ հարցը, ապա, իհարկե, ոչ, չեմ քննարկել։ Հարցն ինքնին հակատրամաբանական ու հակաքաղաքական է, որովհետեւ տակավին անհասկանալի է, թե ինչու պետք է անկախ պատգամավորի կարգավիճակ ունեցող պատգամավորը իր քվեարկությունները քննարկի որեւէ խմբակցության, այդ թվում՝ իշխող խմբակցության հետ։

-«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով Ձեր մանդատը հետ վերադարձնել: Ինչպե՞ս եք վերաբերվում իրենց քայլին:

-Ես որքան հասկացա «Լուսավոր Հայաստանի»՝ ԿԸՀ-ին հղված դիմումից, նրանք պահանջում են ոչ թե անձամբ իմ մանդատը, այլ իրենց խմբակցությանը բաժին հասնող մանդատը, որով, ըստ իրենց հիմնավորման, պետք է վերականգվի ուժերի նախնական բաշխվածությունը խորհրդարանում։ Բայց ողջ խնդիրն այն է, որ օրենքի այն նորմը, որին հղում է անում «Լուսավոր Հայաստանը» ԿԸՀ-ին հղված դիմումում, «առնվազն 1/3-ը պետք է լինի ընդդիմություն» ձեւակերպումը վերաբերում է նոր ձեւավորվելիք Ազգային Ժողովին։ Այսինքն՝ այդ նորմն ունի կիրարկման հստակ ժամանակային միջակայք եւ չի վերաբերում խորհրդարանի ձեւավորումից հետո առաջացած իրավիճակներին։ Բացի այդ, եթե անգամ ընդունենք, որ իրենց հղումն իրավաչափ է, միեւնույնն է, այն չափազանց խոցելի է, որովհետեւ դուրս գալով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից՝ ես չեմ անդամակցել, ասենք, իշխող խմբակցությանը, ինչի արդյունքում կարող էր խախտվել ուժերի հարաբերակցությունը։ Այնպես որ, այդ առումով եւս «Լուսավոր Հայաստանի» դիմումը խիստ խնդրահարույց է։ Իրական աշխատանքով զբաղվելու փոխարեն այդ խմբակցությունը զբաղվում է հերթական՝ ի սկզբանե ձախողման դատապարտված իրավական մանիպուլյացիայով, որը որեւէ աղերս ու առնչություն չունի այսօրվա քաղաքական օրակարգի, երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հետ։ Բայց իրենց իրավունքն է, թող դիմեն, ում ցանկանում են եւ որքան ցանկանում են, ես, անկեղծ ասած, այլեւս խիստ անտարբեր եմ այդ ուժի գործունեության ու քայլերի նկատմամբ։

-Պատրա՞ստ եք հրաժարվել մանդատից:

-Մանդատը երբեք ինձ համար ինքնանպատակ չի եղել։ Պատգամավորական մանդատն ինձ համար աշխատելու, քաղաքական կյանքում, քաղաքական համակարգում ինչ-որ բան փոխելու հնարավորություն է, որը ես իրացնում եմ ամեն օր։ Եվ մանդատից կհրաժարվեմ այն նույն պահին, երբ կզգամ կամ կհամարեմ, որ տապալել եմ այդ աշխատանքը կամ որ այլեւս չեմ կարող ոչինչ փոխել։ Հիմա ես ամենեւին այդպես չեմ մտածում, ավելին՝ խորապես համոզված եմ, որ այն օրակարգը, որը ես միայնակ՝ որպես անկախ պատգամավոր, փորձում եմ բերել խորհրդարան, բխում է Հայաստանի ու ՀՀ քաղաքացու այսօրվա շահից, սպասարկում է այդ շահը եւ իր մեջ ունի ապագային միտված լրջագույն բաղադրիչ։ Այնպես որ, ես կառչած չեմ պատգամավորական մանդատից, ինձ խորհդարանում պահում է ոչ թե մանդատը, այլ աշխատանքը, ծրագրերն ու անելիքները, որոնք, հավատացնում եմ, չափազանց շատ են ու բազմաբովանդակ։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են Ճամբարակ համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի ղեկավարը, 2017թ. նոյեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, աշխատանքային գործունեության ընթացքում դիտավորությամբ չի ձեռնարկել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ՝ իր կողմից 2008թ. Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 12/10 հասցեում կառուցված ինքնակամ շինությունը քանդելու ուղղությամբ։ Ճամբարակ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

 

 

ԿՄՆԱ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Արտաշատի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Հարություն Պետրոսյանի, անցած տարվա հուլիսի 6-ին Արարատի մարզի Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական նիստին պաշտպանական կողմը դատարանին է ներկայացել երկու միջնորդություն, երկուսն էլ մերժվել են։ Պաշտպանական կողմը նախ գործով մեղադրող դատախազին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, սակայն այն մերժվել է։ Գործով ամբաստանյալ Սողոմոն Հակոբյանի պաշտպանը դատարանին միջնորդություն է ներկայացրել՝ ամբաստանյալի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ, ինչը դատարանը մերժել է։ Դատական նիստին հարցաքննվել են նաեւ  ԱԻՆ-ի՝ գործով որպես վկա աշխատակիցները։ Նշենք, որ ողբերգական ավտովթարի մասնակից «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանը գործով ամբաստանյալն է, որը կալանավորված է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսի 6-ին Արարատ քաղաքի Զոդի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազել», «Տոյոտա Հիլուքս» եւ «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ է բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետեւ հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի եւ «Վազ 21063» մակնիշի ավտոմեքենաներում:

 

 

ԻՆՔՆԱԿԱՄ Է ՆԵՐԿԱՅԱՑԵԼ

Դեռեւս 1994թ. ապրիլի 16-ին Էջմիածնում սպանություն է տեղի ունեցել: Գործը նոր ընթացք է ստացել. թիրախում Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Հրանտ Գրիգորյանն է, որի դեմ 25 տարի անց հաղորդում է ներկայացրել հանգուցյալ Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ  Պողոսյանը: Նախ նշենք, որ 25 տարի առաջ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից սպանվել էր Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս գործով Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտմամբ Մհեր Պողոսյանին մահ պատճառելու համար,  սակայն 3 ամիս անց բանտից դուրս էր եկել՝ լավ վարք դրսեւորելու հիմնավորմամբ: Ինչեւէ, այսքան տարի անց քրեական գործի շրջանակներում ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որի շուրջ  ArmLur.am-ը զրուցել է Հրանտ Գրիգորյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանի հետ:

Փաստաբանի խոսքով՝ անցել են ոչ միայն վաղեմության ժամկետները, այլեւ, որ ավելի կարեւոր է, դեպքից հետո Հրանտ Գրիգորյանն ինքնակամ ներկայացել եւ խոստովանական ցուցմունք է տվել: Ասել է թե՝ կրակոցի արձակումը եղել է անփութության հետեւանքով:

 

ԲԱՑԱԿԱՅԵԼ ԵՆ ՆԻՍՏԻՑ

Երեկ Ազգային ժողովում հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որից բացակայում էին  «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորները, որոնք վարակվել են կորոնավիրուսով:  Նրանք են Հայկ Գեւորգյանը, Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արեն Մկրտչյանը, Լիլիթ Ստեփանյանն ու Կարեն Համբարձումյանը: Մինչ այս հայտնի էր իշխող խմբակցությունից 7 պատգամավորի մասին, որոնք վարակված են կորոնավիրուսով, սակայն փաստորեն նրանց թիվն արդեն 8-ն է, եւ Լիլիթ Ստեփանյանը եւս վարակված է: Նա ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե բարձր ջերմություն է ունեցել ուրբաթ օրը, դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ թեստ հանձնելու համար, եւ պատասխանը դրական է եղել: Նա մեզ հետ զրույցում չկարողացավ շրջանակ գտնել, թե ումից կարող էր վարակված լինել, որովհետեւ հանդիպումներ ունեցել է նաեւ Հրազդան քաղաքի բնակիչների հետ, իհարկե՝ պահպանելով կանոնները:

Հավելենք, որ պատգամավորը մեկուսացած է իր բնակարանում, իսկ դուստրը իր ծնողների մոտ է:




Լրահոս