Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՔՐԳՈՐԾԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրերս հայտարարվեց ոստիկանության Դավիթաշենի բաժնի պաշտոնատար անձանց մասով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտ, եւ գործը ուղարկվեց դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այն քննելու է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

 

Ըստ նախաքննական մարմնի՝ Մկրտիչ Վարոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին: Արայիկ Գագիկի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի պետի տեղակալի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանության ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտսվորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին:

Անդրանիկ Կարոյի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, դիտավորությամբ կատարել է այնպիս գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց իրավունքներին ու օրինական շահերին, պետության օրինական շահերին: Հակոբ Սպանդարի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2016 թվականի օգոստոսի 2-ից զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչի պաշտոնը, «Ոստիկանության մասին», «ՀՀ ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված դրույթների ուժով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, խմբային շահերից եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որով էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, քաղաքացիների իրավունքներին եւ օրինական շահերին, ինչպես նաեւ անձնական այլ դրդումներով եւ խմբային շահերից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք:

Ք. Մ.

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՇԱՀԱԲԱԺԻՆ Է ՍՏԱՑԵԼ

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերը: Շարունակելով նախարարների եւ փոխնախարարների շարքը՝ այսօր կանդրադառնանք Ֆինանսների նախարարությանը:

 

Այսպիսով, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ունի երկու բնակարան՝ մեկը՝ Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում, մյուսը՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում: Նախարարն ունի նաեւ  2011 թվականի արտադրության MITSUBISHI մակնիշի ավտոմեքենա: Հետաքրքիր է, որ ֆինանսների նախարարը բանկային հաշիվների վրա գումար չունի եւ բոլորը կանխիկ է պահում: Ըստ այդմ, Ջանջուղազյանը, որպես կանխիկ դրամ, հայտարարագրել էր 10 մլն 350 հազար դրամ, 25 հազար դոլար եւ 10 հազար եվրո: 2019 թվականի ընթացքում նախարարը ֆինանսների նախարարությունից որպես աշխատավարձ ստացել է 15 մլն դրամ, իսկ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ից էլ, որպես շահաբաժին, ստացել է 2 մլն 260 հազար դրամ: Պարզվում է՝ նախարարն այդ ՀԷԿ-ից 10 տոկոսի չափով բաժին ունի:

Նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանն ունի առանձնատուն Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում եւ 1997 թվականի արտադրության Vaz մակնիշի ավտոմեքենա: Արմեն Հայրապետյանը բանկում ունի 978 հազար դրամ եւ 5762 դոլար: Իսկ, ահա, որպես կանխիկ դրամ ունեցել է 1 մլն 700 հազար դրամ եւ 67 հազար դոլար: Իսկ 2019 թվականի ընթացքում նրա միակ եկամուտը եղել է փոխնախարարի աշխատավարձը՝ 12 մլն դրամի չափով:

Ֆինանսների նախարարի մյուս տեղակալ Արման Պողոսյանը, ներկայացված հայտարարագրի համաձայն, ունի մեկ անհատական բնակելի տունԱրագածոտնի մարզի Օշական համայնքում, երկու հողամաս՝ նույն  վայրում, մեկ բնակարան՝ Երեւանի Ավան վարչական շրջանում, եւ մեկ  բնակարան էլ՝ Կենտրոն վարչական շրջանում: Բացի այդ, փոխնախարարը 2019 թվականին 6 մլն 500 հազար դրամով գնել է 2017 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարը դրամական միջոցներ ունի թե՛ կանխիկ, թե՛ բանկում: Եվ այսպես, բանկային հաշիվներում փոխնախարարն ունի 850 հազար դրամ եւ 2 մլն 41 հազար դրամ: Իսկ, ահա, որպես կանխիկ գումար նա հայտարարագրել է 2 հազար եվրո եւ 39 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում Պողոսյանը, որպես եկամուտ, ստացել է 12 մլն դրամ, փոխառություններից ստացված գումարներ եւ ՊԵԿ-ից էլ՝ 2 մլն 888 հազար դրամ:

Իսկ, ահա, ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը Ջրվեժում 50 մլն դրամ արժողությամբ անհատական բնակելի տուն է գնել եւ նույն գնով էլ, որպես նվիրատվություն, օտարել նոր կառուցված շինություն: Տարվա վարձի դրությամբ փոխնախարարն ունեցել է մեկ բնակարան Կենտրոնում, մեկ բնակարան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, եւ անհատական բնակելի տուն՝ Կոտայքի մարզի Փյունիկ համայնքում: Փոխնախարարի դրամական միջոցները բանկում եղել են 2 մլն 396 հազար դրամ, 2693 եվրո, իսկ կանխիկ՝ 20 մլն դրամ, 35 հազար դոլար եւ 40 հազար եվրո: Իսկ մեկ տարվա ընթացքում նա ունեցել է 15 մլն դրամ աշխատավարձ, Պետական կառավարման ակադեմիայից՝ 570 հազար դրամ, 17 մլն դրամ բանկից, ՊԵԿ-ից՝ 4 մլն դրամ, եւ 35 մլն դրամի էլ փոխառություն է ստացել Հակոբ Ազարյանից:

Ն. Հ.

 

 

ՀԱՆԻՐԱՎԻ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ

Վերջերս Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղ այցելության ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը  Տավուշի մարզային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում քննադատել է  գյուղերի վարչական ղեկավարներին։ Մարզպետն ասել է, որ գուցե սխալ է ընտրվել այդ պաշտոնի անվանումը՝ վարչական ղեկավար, այդ մարդիկ զբաղվում են վարչարարությամբ, բայց իրենց խնդիրը տնտեսական ղեկավարումն  է եւ կարող ուժերի համախմբումը, ծրագրերի համատեղ իրականացումը, մի խոսքով՝ կոոպերացիան, սակայն ինքը դա  նկատի չունի միայն կոոպերատիվների տեսքով, համագործակցությունը ներսի եւ դրսի կարող ուժերի հետ։ Մարզպետը հայտարարել է, որ իրենք  իրավունք չունեն գյուղացուն  մենակ թողնել իր խնդիրների հետ եւ պետք է նրա կողքին լինեն բերք աճեցնելուց մինչեւ այդ բերքի իրացումը։ Նոյեմբերյան խոշորացված համայնքը ձեւավորվեց 2016թ. սեպտեմբերին, այդ ժամանակից  մինչ այժմ  գյուղերի վարչական ղեկավարների աշխատավարձը կազում է  150 հազար դրամ, որը համարժեք չէ նրանց կատարած մեծ աշխատանքին։ Տավուշի մարզպետն ասել է, թե գյուղերի վարչական ղեկավարները զբաղվում են վարչարարությամբ, իրականում  Տավուշի մարզի գյուղերի վարչական ղեկավարները վարչարարությունից զատ  զբաղված են գյուղերի  խմելու եւ ոռոգման ջրի, ճանապարհների բարեկարգման,  աղբահանության եւ այլ խնդիրների լուծմամբ, գյուղերում տարբեր  տնտեսական  ծրագրեր իրականացնելու համար ներդնողների հետ կապեր հաստատելով, մարդասիրական տարբեր ծրագրեր իրականացնելու համար  դոնորներին դիմելով։

 

ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի բնակիչ, 1980թ. ծնված  Սերյոժա Էդիկի Շախպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  նա 2020թ. ապրիլի 26-ին՝ ժամը  19:55-ին, իր կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարից զանգահարել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն եւ գիտակցելով, որ իր կողմից տրամադրված տեղեկությունը  կեղծ է, սուտ մատնություն է կատարել այն  մասին, որ իր կնոջ հայրն ու մայրն իրեն ծեծի են ենթարկել։ Սերյոժա Շախպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»): Սերյոժա Շախպարյանի աները եւ զոքանչը Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Պառավաքար գյուղի բնակիչներ են, համապատասխանաբար 56 եւ 55 տարեկան։ Ս. Շախպարյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 




Լրահոս