ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՇԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2020թ.-ի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող սոցիալական վճարների փոփոխություններին:

Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» գործող օրենքի՝  500 հազար ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500,000 դրամը, իսկ սոցիալական վճարի առավելագույն չափը կազմում է 12,500 ՀՀ դրամ, եւ 500,000 ՀՀ դրամ համախառն եկամտի գերազանցող մասի համար սոցիալական վճար չի հաշվարկվում: Այս փոփոխությունը ոչ մի ազդեցություն չի ունենա 92,620-500,000 ՀՀ դրամ համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց վրա:

2020թ.-ի հուլիսի 1-ից կիրառվելու են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի  առավելագույն շեմերը՝ ամսական եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 15-ապատիկը, իսկ տարեկան եկամտի համար՝ նվազագույն ամսական աշխատավարձի 180-ապատիկը։ Այսինքն՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը հուլիսի մեկից հետո կազմելու է 1,020,000 ՀՀ դրամ: Նշենք, որ 2020թ.-ի հուլիսի 1-ից  հետո  սոցիալական վճարը կկազմի «10 տոկոսի եւ 25,000 ՀՀ դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500,000 ՀՀ դրամը», եւ առավեագույն վճարն այս դեպքում 77,000 ՀՀ դրամ է կազմելու:

Սակայն համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» 81-րդ հոդվածի՝ մինչեւ ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը «սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավելի, քան 12,500 ՀՀ դրամ, կատարում է պետությունը», ինչպես նաեւ «կատարվող կուտակային հատկացումների եւ այդ անձանց եկամուտներից հաշվարկված եւ փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37,500 ՀՀ դրամը»։ Մյուս կողմից էլ, հիմք ընդունելով ԱԺ-ի կողմից 2019թ.-ի հունիսի 25-ին ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, սոցիալական վճարները հաշվարկվելու են հետեւյալ կերպ 2021-2022թ.-ի համար։

Սոցիալական վճարների հաշվարկման նոր եղանակը կհանգեցնի հետեւյալի՝

2020թ.-ի հուլիս ամսին, նախորդ ամսվա համեմատ, զգալիորեն բարձրանալու է սոցիալական վճարների չափը 500,000 ՀՀ դրամից ավել համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար, որի արդյունքում համապատասխանորեն կկրճատվի նաեւ վերջիններիս տնօրինվող եկամուտը:

Անվանական արտահայտությամբ (գնաճի ազդեցությունը հաշվի չառնելով) 2021-2022թ.-ին եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը թեեւ կմեղմի զուտ եկամուտների կրճատումը, սակայն ինչպես 2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց զուտ եկամուտները զիջելու են 2020թ.-ի հունիսի մակարդակին:

2021թ.-ին, այնպես էլ 2022թ.-ին, 2020թ.-ի հունիսի համեմատ, 500,000 ՀՀ դրամից բարձր համախառն եկամուտների պարագայում գրանցվելու է նաեւ իրական զուտ եկամուտների կրճատում՝ գնաճով ճշգրտված:

Մյուս կողմից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի աշխատավարձի մակարդակ ունեցողները նաեւ կարող են համարվել հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերած անձինք՝ հատկապես նորակառույցներում, ապա նաեւ հետագա 2021-2026թթ.-ին գույքահարկի բարձրացումը հաշվի առնելով, կհանգեցնի նրան, որ այդ անձինք դժվարություններ կունենան պահպանելու սպառման տվյալ մակարդակը հիփոթեքային վարկերի մարումների եւ գույքահարկի բարձրացմանը զուգահեռ:

 

 

ՈՎՔԵ՞Ր ԿՕԳՏՎԵՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

20-րդ ծրագրի միանավագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝

հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ,

հանրային սննդի ծառայություններ,

զբոսաշրջային ծառայություններ,

նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),

սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),

զվարճությունների եւ հանգստի կազմակերպման այլ գործունեություն,

կինոթատրոնների գործունեություն,

լուսանկարչության բնագավառում գործունեություն,

ավտոմեքենաների եւ այլ առարկաների վարձույթ,

կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում,

ստեղծագործական, արվեստի եւ հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն,

խաղատների գործունեություն,

առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:

Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաեւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների՝ ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:

 

8000 ՔԱՂԱՔԱՑԻ ԵԿԵԼ Է

Մարտի 15-ից մինչ այժմ շուրջ 8000 ՀՀ քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակով պայմանավորված չէին կարողանում վերադառնալ հայրենիք, աշխարհի տարբեր երկրներից տեղափոխվել են Հայաստան, ընդ որում՝ 2200-ի տեղափոխումը տարբեր բարերարների աջակցությամբ կազմակերպվել է անվճար: Տեղափոխումների աշխարհագրությունը շատ լայն է՝ ԱՄՆ-ից մինչեւ Թուրքիա, Հնդկաստանից մինչեւ Ռուսաստան: Այս մասին հայտնում է պարետ Տիգրան Ավինյանը։ Իսկ ընդհանուր առմամբ պարետատան կողմից տրված թույլտվությունների հիման վրա իրականացված թռիչքների արդյունքում Հայաստան են վերադարձել ավելի քան 40 000 ՀՀ քաղաքացի: Պարետատան կազմակերպած չորս հատուկ չվերթներով Չինաստանից Հայաստան են տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակներ, այդ թվում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքեր, թթվածնի մատակարարման կայաններ ու կոնցենտրատորներ, կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, բիոքիմիական հումք թեստեր պատրաստելու համար, բժշկական պաշտպանիչ արտահագուստ ու դիմակներ:

 

 

 




Լրահոս