«Ժողովուրդ» օրաթերթը դերասան, սցենարիստ Արեն Վաթյանի հետ զրուցել է տեւական լռության, նորությունների, ինչպես նաեւ ոլորտում առկա խնդիրների մասին:
-Արե՛ն, արդեն բավականին երկար ժամանակ է՝ Ձեզ էկրաններին չենք տեսնում: Առաջարկներ չկա՞ն սերիալներում, ֆիլմերում նկարահանվելու, թե՞ Ձեզ չեն համապատասխանում:
-Այդքան էլ այդպես չէ, որովհետեւ մի քանի ամիս առաջ՝ հենց չարաբաստիկ կարանտինի նախօրյային, ավարտվեցին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանի Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի համանուն էկրանացման նկարահանումները, որտեղ մասնակցություն եմ ունեցել։ Միանշանակ կարող եմ համարել պրոեկտը հաջողված։ Ֆիլմը բաղկացած է տասնվեց մասից։ Ես կողմնակիցն եմ նման կարճ ֆորմատի, որը գոնե որոշ չափով հնարավորություն ու ժամանակ է տալիս ստեղծագործական աշխատանքի համար, եւ եթերին հասցնելու անհրաժեշտություն չի լինում։ Իսկ ամիսներ ու տարիներ տեւացող, կարծես անվերջանալի սերիալներում նկարահանվելու առաջարկներից հրաժարվում եմ իմ առաջին փորձից հետո։ Այն ամենին, ինչով որ զբաղվում եմ, լուրջ մոտեցում եմ ցուցաբերում։ Իսկ նման պրոեկտներում անլրջությունն ավելի շատ է, եւ դա է պատճառը, որ ես սկսեցի հրաժարվել երկարաձիգ սերիալներից:
-Անկեղծ ասած, նման տպավորություն կա, թե Արենը մշտապես հրաժարվում է սերիալներում նկարահանվելուց։
-Իհարկե նման բան չկա, ես պարզապես ամեն առաջարկի չէ, որ համաձայնում եմ։ Շատ կցանկանայի մեզ մոտ սերիալների ոլորտում որոշակի առաջընթաց լիներ, թե չէ տարիներով նույն տեղում դոփում ենք, ու, եզակի բացառություններով, մի սերիալը կարծես մյուսի շարունակությունը լինի։
-Դուք նաեւ զբաղվում եք կրկնօրինակմամբ: Ո՞ր ֆիլմն է եղել Ձեր վերջին կրկնօրինակումը:
-Կրկնօրինակմամբ զբաղվում եմ երկար տարիներ, հիմնականում «Շանթ» եւ Հանրային հեռուստաընկերություններում: Վերջինը Ուիլ Սմիթի մասնակցությամբ ֆիլմերից էր։ Բայց այս պահին սերիալներն ավելի շատ են:
-Դուք գրում եք նաեւ սցենարներ. ո՞ր ժանրն է Ձեզ ավելի հոգեհարազատ՝ գեղարվեստակա՞ն, թե՞ վավերագրական:
-Իմ գրած սցենարներով նկարահանվել է երկու գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ՝ մեկը՝ Հայաստանում, իսկ մյուսը` Ռուսասատանի Դաշնությունում: Վավերագրական ֆիլմերի սցենարներ չեմ փորձել գրել, բայց, որպես ռեժիսոր, նկարահանել եմ երկու վավերագրական ֆիլմ։ Ինչ խոսք, ավելի հոգեհարազատ է գեղարվեստական ժանրը:
-Ինչո՞վ եք զբաղված հիմա։
-Սցենար եմ գրում սիթքոմի համար, որը նկարահանվելու է Ռուսաստանում։ Եթե ամեն բան բարեհաջող ընթացավ, կարծում եմ՝ լավ գործ կստացվի։ Այնպիսի ժամանակներ են հիմա, որ վաղվա օրը կանխատեսելը գրեթե հնարավոր չէ։
-Արդեն երկար տարիներ է, որքան ես գիտեմ, կտրվել է Ձեր եւ թատրոնի կապը: Կարոտո՞ւմ եք բեմը:
-12 տարի աշխատել եմ Երեւանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Արդեն մի քանի տարի է, ինչ դուրս եմ եկել, քանի որ չէի հասցնում համատեղել մյուս գործերի հետ, Թատրոնում գրաֆիկը շատ ծանրաբեռնված է։ բայց հոգեպես կապս չի կտրվել, գնալ-գալը կա, ինչպես ասում են:
-Ցանկություն կա՞ կրկին վերադառնալ բեմ:
-Մեծ ցանկություն ունեմ՝ այնպես դասավորվի, որ մի օր կրկին վերադառնամ, քանի որ շատ եմ սիրում թատրոնը:
-Ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք թատրոնի եւ կինոյի մեջ:
-Շատ է իհարկե խոսվել այդ մասին, դժվար թե նոր բան ասեմ։ Թատրոնում ինձ դուր է գալիս փորձերի ընթացքը, հատկապես, երբ դերը սրտովս է լինում: Դուր է գալիս, թե ինչպես են ինքնաբուխ կերպով ծնունդ առնում տեսարանները: Իսկ կինոյի դեպքում, որպես ռեժիսոր, հենց մտնում եմ նկարահանման հրապարակ, արդեն գիտեմ, թե ինչ պետք է անեմ, որի համար նախապես տանում եմ լուրջ աշխատանք, որպեսզի ավելի արագ ու էֆեկտիվ նկարահանումները կազմակերպվեն: Կինոն ավելի թանկարժեք է, իսկ ժամանակը՝ փող արժի։
-Ավելի շատ Ձեզ նկարահանման հրապարա՞կն է գրավում, թե՞ հանդիսատեսի ծափողջույնները:
-Երկուսն էլ սիրում եմ, եւ երկուսն էլ հոգեհարազատ են ինձ համար:
-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր թատրոնում առկա: Ի՞նչ հարցեր Դուք կբարձրացնեիք:
-Թատրոնում կա շատ լուրջ մի խնդիր, երբ ստիպված են լինում, այսպես ասած, «կասսայի համար» ներկայացումներ բեմադրել, որպեսզի շատ հանդիսատես գա, իսկ հանդիսատեսը գերադասում է ժամանցային, թեթեւ ներկայացումներ դիտել։ Ինձ համար ցավալի է դա, քանի որ առաջ մարդիկ գնում էին թատրոն արվեստի գործ նայելու, մի բան իրենց հետ տանելու համար, իսկ հիմա այն դարձել է ավելի շատ ժամանցային վայր: Բայց ես օպտիմիստ եմ ու վստահ եմ, որ լավ ու բարի ժամանակները կվարադառնան։
-Մեր հեռուստատեսային քաղաքակրթության մակարդակն այսօր բավականին ցածր է: Ինչի՞ց պետք է առաջինը մաքրազերծել հեռուստաեթերները:
-Կարծում եմ՝ ժամանցային հաղորդումների համար պետք է հատուկ ալիքներ լինեն, ինչպես, օրինակ, Ռուսաստանում է, եւ դրանք էլ լինեն սահմանափակ ու անպայման ենթարկվեն ցենզուրայի: Պետք է սկսել կադրերից։ Շատերը, աշխատելով հեռուստատեսությունում, ընդհանարպես կապ չունեն ոլորտի հետ, «ինքնահավան փուչիկների» հավաքածու, որոնցից ազատվել է պետք. մեզ ստեղծագործողներ են անհրաժեշատ:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՄ ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ՍԵՎԱՆՈՒՄ». ՍՈՆԵ ՍԻԼՎԵՐ
Շուտով ամառային տապ եղանակը կսկսվի, բայց այս տարի, նախորդ տարիների համեմատ, ամառային հանգիստը մի փոքր այլ երանգ կունենա: Ցավոք շատերն արդեն հասցրել են տխրել, քանի որ նախօրոք պլանավորած հանգիստը ծովի ափին կամ որեւէ թերակղզում չեղարկվել է համավարակի պատճառով:
Բայց, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը երգչուհի Սոնե Սիլվերից փորձել է հետաքրքրվել, թե որտեղ եւ ինչպես է իր հանգիստը կազմակերպելու Հայաստանի ներսում:
«Արդեն իսկ Հայաստանի ներսում շատ վայրեր եմ այցելել հանգստի նպատակով, բայց կարճ ժամանակով: Անկեղծ ասած, այդ փաստից այնքան էլ չեմ նեղվում. ամեն տարի Հայաստանից դուրս ենք ամառային հանգիստն անցկացրել: Ես շատ եմ սիրում մեր Երեւանը եւ կարծում եմ՝ մարդու տեսակից է գալիս հանգիստի վայրը, օրը ճիշտ կազմակերպելը: Պետք չէ շատ սրտնեղել, փորձենք ուրախանալ այն ամենով, ինչը որ այսօր մեզ տրված է: Դեպրեսիա բառն առհասարակ ինձ հետ կապ չունի»,-նշում է երգչուհին:
Հարցին, թե Հայաստանում ամենից շատը որ վայրում է նախընտրում հանգստանալ, նա ընդգծում է. «Քանի որ ես ինքս շատ սիրում եմ ծով, այնպես է ստացվել, որ ամենից շատ նախընտրում եմ մեր Սեւանը, այնտեղ այնպիսի կղզիներ կան, որ շատ հետաքրքիր օր կարելի է անցկացնել»:
Իսկ թե որքան գումար է ծախսել հանգիստն անցկացնելիս, նա պատասխանում է, որ գումարով այնքան էլ չի հետաքրքրվում եւ կարեւորություն չի տալիս:
«Մարդիկ կան՝ հանգիստը վայելում են վրաններում: Կարծում եմ՝ դա ավելի շատ կապված է նախընտրած հանգստի ձեւից, նախընտրած հյուրանոցներից: Միայն մաղթում եմ, որ մարդիկ լինեն համբերատար եւ վայելեն տրված օրը»,- հավելում է Սոնե Սիլվերը:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ
Իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը կարող է մարզական կարիերան շարունակել Թուրինի «Յուվենտուսում, որի ղեկավարությունը բանակցություններ է սկսել 20-ամյա կիսապաշտպանի ներկայացուցիչների հետ եւ մտադիր է պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Իսպանացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ կատալոնական «Բարսելոնան» ու Դորտմունդի «Բորուսիան»: Ֆերան Տորեսի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականի հունիս: Իսպանացի կիսապաշտպանը մտադիր չէ նոր պայմանագիր կնքել ակումբի հետ:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունն աջակցություն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Էնրիկե Սետիենին։ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն եւ մարզական տնօրեն Էրիկ Աբիդալն այցելել են Սետիենի տուն եւ հայտնել նրան, որ ակումբը մտադրություն չունի պաշտոնանկ անել իսպանացի մարզչին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սետիենը կլքի զբաղեցրած պաշտոնը, եթե ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» չդառնա Լա Լիգայի կամ Չեմպիոնների լիգայի չեմպիոն: Սետիենը նաեւ խնդիրներ ունի «Բարսելոնայի» ֆուտբոլիստների հետ: Նրա մարզչական ոճից, մարտավարությունից, մեթոդներից եւ մամուլում արած մեկնաբանություններից դժգոհ են, մասնավորապես, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն։ Սետիենը «Բարսելոնան» գլխավորել է հունվարին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիսի 30-ը։ Մարզիչի գլխավոր թեկնածուն համարվում է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարչի պաշտոնը զբաղեցնող Չավին։
ԽՈՍԵԼ Է ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Լա Լիգայի 33-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին: Մեզ դժվար հանդիպում է սպասվում աշխարհի լավագույն ակումբի դեմ, որի կազմում հանդես են գալիս հրաշալի ֆուտբոլիստներ: Լա Լիգայի 32 տուրերից հետո «Բարսելոնան» 69 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է, իսկ «Աթլետիկոն» երրորդն է՝ 58 միավորով: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 30-ին՝ Երեւանի ժամանակով 23:55-ին: