ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընտրե՞լ, թե՞ նշանակել ՍԴ անդամներին. հանձնաժողովի անդամը՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման և հետագա քայլերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, նույնիսկ մինչև այդ փաստաթուղթն իրավաբանական լեզվով ձևակերպված լինի»: Երեկ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մի խումբ անդամների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք է հայտնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ArmLur.am-ը փորձել է հանդիպմանը մասնակցած անձանցից պարզել՝ ինչ են իրենք մտածում նախագահի հնչեցրած մտքերի շուրջ եւ ինչ աշխատանքներ է իրականացնելու հանձնաժողովն առաջիկայում: Նկատենք՝ ՀՀ նախագահը կարեւորել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկում անցկացնելը՝ ասելով, չպետք է  լինի այնպես, որ հիմնական օրենքը գրվի, գա հասնի Ազգային ժողով, հետո նոր մտածեն հանրային քննարկում անցկացնելու մասին:

«Ուղեցույցը նախապես պետք է դրվի քննարկման, որպեսզի շատ հարցերի պատասխանները լինեն, որ հասարակ մարդիկ իմանան, թե դուք ինչ եք ուզում փոխել: Բոլորի համար վստահելի փաստաթուղթ ձևավորելու ճանապարհներից մեկը ուղեցույցի հանրային քննարկումն է, և որքան շուտ, այնքան լավ», – հանդիպման ժամանակ նշել էր Արմեն Սարգսյանը։

Հանդիպմանը մասնակցած իրավաբան- գիտնական Անահիտ Մանասյանը ArmLur.am-ի հետ զրույցում եւս կարեւորեց սահնանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրային քննարկում անելը, սակայն նկատեց, որ այնդժվար կլինի կազմակերպել այս արտակարգ դրության պայմաններում: Նշենք, որ մինչեւ դեկտեմբեր արդեն մասնագիտական հանձնաժողովի անդամները պետք է ներկայացրած լինեն հայեցակարգի նախագիծ եւ հանրային քննարկումները փաստացի պետք է կազմակերպվեն մինչ այդ:

«Հայեցակարգը պետք է պարտադիր դրվի հանրային քննարկման՝ մինչեւ դրա հիմնական ներկայացումը եւ կարեւորագույն կոմպոնենտներից է հանդիսանում: Միեւնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ հանրային քննարկումը կարող է ռեալ եւ արդյունավետ լինել այն դեպքում, երբ գոյություն ունի գոնե ընդհանուր տեսքով նախագծված արդեն իսկ որոշակի փաստաթուղթ: Բնականաբար խոսքը վերջնական փաստաթղթի մասին չէ, այլ խոսքը նախագծային փաստաթղթի մասին է», – հավելեց Մանասյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ խոսել էր նաեւ Սահմանադրական դատարանի մասին եւ անդամներ ընտրել-նշանակելու շուրջ իր կարծիքն արտահայտել: «Եվ եթե ինձ հարցնելու լինեք, լուծման ճանապարհը շատ պարզ է՝ հանրապետության նախագահը իրեն հասանելիք երեք Սահմանադրական դատարանի անդամին պետք է նշանակի, և ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը՝ երեք հոգու էլ իրենք պիտի նշանակեն, երեք հոգու էլ՝ Ազգային ժողովը, երեք հոգի էլ՝ Կառավարությունը: Բայց ոչ թե, էսօր Սահմանադրական դատարանի դատավոր նշանակում է մենակ մի ինստիտուտ՝ Ազգային ժողովը», – նշել էր Արմեն Սարգսյանը:

Այս հարցերի վերաբերյալ հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը նշեց. «Պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն իրավական մոդելին, այլ նաեւ այլ հանգամանքների, օրինակ, թե ինչ տրամադրություններ ունի հասարակությունը: Ես, որպես հանձնաժողովի անդամ, դեմ չեմ հանրապետության նախագահի կողմից երեկ ներկայացված մոդելի կիրառմանը: Եթե մենք խոսեինք այլ եվրոպական երկրների մասին, ապա ես միանշանակ կողմ կլինեի այն տարբերակին, որն այժմ ունենք Հայաստանում՝ 2015 թվականին ընդունված Սահմանադրությունից հետո»:

Նշենք, որ այս պահին Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ դատավորների երեքական թեկնածուների առաջարկում է կառավարությունը, ՀՀ նախագահն ու  Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն ընտրում է  Ազգային ժողովը: ՀՀ նախագահը հիշեցրել էր, որ ինքը 3 անգամ թեկնածու է ներկայացրել, որոնցից երկուսին ԱԺ-ն չի ընտրել:

Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել էին նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, հանձնաժողովի նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված իրավաբան-գիտնական Արմեն Մազմանյանը, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս