Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր
Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների
հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ
Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում
հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական գործերով
նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը։
Մանրամասն քննարկվել է հատկապես այս տարվա փետրվարին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր
Դավթյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարության,
միավորումների, զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների
հետ կայացած հանդիպման ժամանակ զինված ուժերում ծանր հանցագործությունների,
ինքնասպանությունների կանխարգելմանը, կարգապահական կանոնների խստիվ պահպանմանն ուղղված՝
ՊԲ-ի հետ համատեղ միջոցառումների իրականացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների
կատարման ընթացքը։
Չնայած նախորդ ամիսներին այս ուղղություններով կատարված աշխատանքների դրական
արդյունքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կայազորների զինվորական դատախազությունների
սպասարկման ներքո գտնվող զորամասերում առկա է նախանշված աշխատանքը հետևողականորեն
շարունակելու անհրաժեշտություն։ Արթուր Դավթյանը շեշտը դրել է հատկապես զինված ուժերում
հանցավոր ենթամշակույթին բնորոշ երևույթներն արմատախիլ անելու, ծառայակիցների, սպաների և
շարքային զինծառայողների միջև կանոնագրքային հարաբերությունները խստագույնս պահպանելու
նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, որպես պոտենցիալ հանցածին գործոն՝ զորամասերում
զինծառայողների միջև տարբերակված մոտեցումները բացառելու վրա։
Գլխավոր դատախազը կայազորների դատախազներին հանձնարարել է անվտանգության կանոնների
լիարժեք պահպանմամբ զորամասեր անակնկալ այցելություններով մշտական ուշադրության տակ պահել
տեղերում իրավիճակը, իսկ քրեական վարույթների շրջանակներում ակտիվորեն կիրառել
հանցագործությունները ծնող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված դատախազական
ներգործության միջոցներ, հետևել դրանց իրականացմանը։
Խորհրդակցության ընթացքում արծարծվել է զորամասերից բացի նաև առաջնագծում
հերթապահության ժամանակ կարգապահության ամրապնդման, զինված ուժերում հանցավոր դրսևորումների
արձանագրման և բացահայտման հարցում հրամանատարական կազմի շահագրգռության առավել խթանման
միջոցների խնդիրը։ Նախանշվել են վերոնշյալ, ինչպես նաև զորամասերի ղեկավարության, իբրև
հետաքննության մարմինների, իրավական գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման
հարցում Դատախազության և ՊԲ-ի միջև համագործակցության խորացման ուղղությամբ հիմնական
անելիքները։
ԱՀ ՊԲ հրամանատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել
նման, ինչպես նաև ավելի լայն ընդգրկմամբ հանդիպումների, կազմակերպումը։