ՖՈՏՈ. Տեսակս չի փոխվել. Գեւորգ Մկրտչյանը՝ դժվարությունների եւ Իրինա Այվազյանի հետ սիրավեպի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգիչ Գեւորգ Մկրտչյանը խոսել է իր եւ դերասանուհի Իրինա Այվազյանի սիրավեպի, նոր տեսահոլովակի եւ այլ հետաքրքիր հարցերի շուրջ:

-Գեւո՛րգ, ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հայտնի լինելը: Դրանից հետո ինչպիսի՞ն դարձաք:

-Հայտնիությունն իմ կյանքում փոխեց միայն մեկ բան՝ ես ուղղակի ձեռք բերեցի ճանաչում, իսկ մարդ տեսակս չի փոխվել, որովհետեւ ես կարծում եմ, որ բոլորս էլ մարդ ենք անկախ մեր մասնագիտությունից:

-Դուք այն երիտասարդ արտիստներից եք, ովքեր ցանկանում են աչքի ընկնել ավելի շատ բեմական կերպարներով, ոճային առանձնահատկություններով, քան ձայնային տվյալներով։

-Ինձ համար ամենակարեւորն արտիստի ճիշտ ներկայանալն է ու աշխատանքը ճիշտ ներկայացնելը: Շատերը կարեւորում են տեսքը, ձայնային տվյալները կամ ինչպես շատերն են ասում գումարը, եթե գումար ունեցար, ապա առաջ կգնաս , բայց ոչ: Արտիստը նախ եւ առաջ պետք է կարողանա իրեն ճիշտ ներկայացնել։ Երբ նոր էի սկսել, մեծամասնությունը չէր հավատում, ու կոտրում էին՝ ասելով, որ ես երբեք հաջողություն չեմ ունենա երգարվեստում, բայց կարճ ժամանակում գտա իմ ոճը, եւ սկսեցի հենց այդ ոճի մեջ ներկայանալ, ինչը բերեց ինձ մեծ հաջողություն եւ լսարան:

-Ձեր երգերը բավականին մեծ դիտումներ ունեն յութուբում, այնուամենայնիվ, Դուք Ձեզ կայացած համարո՞ւմ եք այդ ոլորտում, թե դեռ կարծում եք, որ երկար ճանապարհ պետք է անցնեք։

-Դեռ անցնելու երկար ճանապարհ ունեմ: Դեռ 22 տարեկան եմ , եւ ինձ համարում եմ կայացած այնքանով, որ այս տարիքում արդեն ինչ-որ չափով հաջողության հասել եմ, բայց երբեք չեմ բավարարվում եւ համարում եմ միշտ կայանալու տեղ կա: Երբ ես ինձ համարեմ կայացած եւ կայանալու տեղ չունենամ դա կնշանակի, որ ես որպես արտիստ էլ աճելու տեղ չունեմ, եւ իմ մաքսիմալը սա է, բայց ես դեռ աճելու տեղ շատ ունեմ:

-Գեւո՛րգ, կցանկանայի խոսել նաեւ Ձեր եւ դերասանուհի Իռենի սիրային հարաբերությունների մասին, քանի որ Դուք այն զույգերից եք, ովքեր բավականին շատ երկրպագուներ ունեն։ Ինչպե՞ս եք ծանոթացել: Սեր առաջին հայացքից, թե․․․

-Ես եւ Իրինան ծանոթացել ենք 2019 թվականին «Օդս քիչ ա» տեսահոլովակի համար, հերոսուհի էի փնտրում եւ հասկացա, որ Իրինան ամենահամապատասխանն է: Մեզ ծանոթացրել է մեր ընդհանուր ընկերներից Մարիամ Մելիքյանը: Ի սկզբանե Իրինան շատ լավ տպավորություն էր թողել եւ դեռ այդ ժամանակ էլ նրան հավանում էի, բայց չէի արտահայտվում, եւ քանի որ այդ տեսահոլովակն ունեցավ մեծ հաջողություն, որոշեցինք միասին ներկայանալ նոր տեսահոլովակով: Փետրվարին՝ Սոչի քաղաքում նկարահանեցինք «Lova, lova» երգի տեսահոլովակը: Վերադարձանք Հայաստան եւ սկսեցինք ընկերություն անել:

-Ի՞նչ հատկություն պետք է ունենա Գեւորգ Մկրտչյանի ընկերուհին։

-Քանի որ ես հանրային մարդ եմ, ու բնականաբար գործնական առումով ես շատ եմ առնչվում հակառակ սերնդի ներկայացուցւչների հետ ամենակարեւոր հատկանիշներից մեկը նա է, որ ընկերուհիս պետք է լինի հասկացող եւ ամեն ինչ չվերագրի խանդի:

-Ձեր սերն ավելի շատ նման է դետեկտիվի՞, մելոդրամայի՞, թե՞ ֆանտաստիկ ֆիլմի հերոսների սիրային արկածներին:

-Ռոմանտիկ կոմեդիայի, երբ մենք միասին ենք լինում, կողքից շատ ռոմանտիկ է թվում, բայց իրականում մեր օրը երբեք առանց զավեշտալի դեպքերի չի անցնում:

-Ո՞րն է եղել ամենախենթ բանը, որ երբեւէ արել եք:

– Իրականում շատ-շատ են մեր խենթությունները, եւ չեմ կարող դրանցից մեկն առանձնացնել:

-Պատահականությունների հավատու՞մ եք, թե՞ այն համոզմանն եք, որ պատահական ոչինչ չի լինում:

-Իմ կյանքում ամեն պատահականություն ունենում է իր լավ ավարտը, ինչը պլանավորում եմ, միշտ չի ստացվում: Ըստ այդմ, ես այն համոզմանն եմ, որ պատահական ոչինչ չի լինում:

-Ձեզ՝ որպես տղամարդու, գոհացնելը հե՞շտ է: Անձնական կյանքում բծախնդի՞ր եք:

-Այդ հարցին ավելի լավ կարող է պատասխանել Իրինան: Իմ կարծիքով ինձ հետ հեշտ է, թեպետ Իրինան ասում է, որ ես շատ բծախնդիր եմ եւ ինձ գոհացնելը շատ դժվար է:

-Գեւո՛րգ, խոսենք նաեւ համաշխարահային տարածում գտած համաճարակի մասին։ Ինպես եք հաղթահարում, ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել։

-Միակ խնդրին, որ հանդիպել եմ համաճարակի պատճառով՝ կապված է եղել կարիերայում աճ գրանցելու հետ: Օրինակ կային պլանավորված շրջագայություններ տարբեր երկրներում, որոնք անորոշ ժամանակով այս իրավիճակից ելնելով հետաձգվել են:

-Շատերը նշում են դեպրեսիաների մեջ ընկնելու եւ այլ հոգեբանական դժվարությունների մասին։ Դուք ի՞նչ կասեք։

-Բնականաբար ինձ մոտ էլ է լինում դեպրեսիվ շրջաններ, բայց դա տեւում է շատ կարճ՝ մեկ կամ երկու օր, քանի որ տեսակով անկոտրում եմ ու չեմ սիրում մի խնդրի պատճառով դոփել նույն տեղում:

-Ձեր ոլորտն ամենատուժված ոլորտներից այս ժամանակահատվածում։ Ինչպե՞ս եք հաղթահարում։

-Համամիտ եմ, բայց քանի որ լավատես եմ, փորձում եմ չկենտրոնանալ ներկայիս վատ իրավիճակի վրա, այլ ժամանակս ճիշտ օգտագործել ու առաջ գցել պլաններս որոնք կարվեն անմիջապես համաճարակից հետո:

-Եվ վերջում ի՞նչ եք կարծում ինչպե՞ս եւ ե՞րբ կավարտվի այս համաճարակը։

-Վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու, հույս ունենանք ավարտը մոտ է:

Զրուցեց Լիդա Եղիազարյանը




Լրահոս