Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով: Այսօր ճեպազրույցում այդ մասին հայտարարել է միջազգային հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին:
«Վրաստանն առանց որեւէ նախնական պայմանների բացում է իր սահմանները Գերմանիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի եւ Ֆրանսիայի համար: (…) «Լյութհանզա» ավիաընկերության հետ մենք արդեն համաձայության ենք հասել 2020 թվականի օգոստոսից Մյունխենի ուղղությամբ շաբաթական երկու անգամ կանոնավոր չվերթեր սկսելու շուրջը»,- ասել է Չիկովանին:
Ինչպես նշել է վարչապետի խորհրդականը, հիշյալ հինգ երկրների քաղաքացիները կամ ռեզիդենտները կարող են ցանկացած նպատակով Վրաստան ժամանել սոսկ օդային ուղիով եւ սոսկ ուղիղ ավիաչվերթերի միջոցով: Մինչեւ Վրաստանի սահմանը հատելը նրանք պետք է լրացնեն հատուկ հարցաթերթիկ, որտեղ կնշեն վերջին 14 օրվա ընթացքում իրենց տեղափոխությունների պատմությունը, վայրը, որտեղ նրանք կգտնվեն Վրաստանում եւ կոնտակտային տեղեկատվություն