Ապօրինի անտառահատումների և դրանց հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների դեմ իրավապահ մարմինների անզիջում և կոշտ պայքարը շարունակվում է։ Միայն ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո տվյալ պահին քննվում է ապօրինի ծառահատումներին տարբեր կոռուպցիոն սխեմայով առնչվող Ոստիկանության ծառայողների վերաբերյալ 3 քրեական գործ։
Նշված գործերից 2-ով որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ (որոնցից երկուսը՝ ոստիկանության ծառայող։ Եվս մեկ քրեական գործ՝ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից երեք անձի (ներառյալ ոստիկանության երկու պաշտոնատար անձի) վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Մասնավորապես ՀՀ ԱԱԾ կողմից իրացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020թ․ ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածով և 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հ․ Մ-ն և նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա․Չ․-ն, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները՝ դիմել են հակաօրինական գործողությունների՝ ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքի հանգամանքները խեղաթյուրելու, թաքցնելու և ենթադրյալ ապօրինի ծառահատում իրականացրած անձին քրեական պատասխանատվությունից ազատելու նպատակով։