ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկու դիմորդ հեռացվել է քննասենյակից՝ հեռախոս և ականջակալ պահելու համար. քննություն՝ արտակարգ դրության պայմաններում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան 11 հիմնական դպրոցում անցկացվեցին հերթական միասնական քննությունները, այս անգամ՝ հայոց լեզու եւ գրականություն առարկաներից: Նշված քննական կենտրոնում այսօր քննություն հանձնեց 100 դիմորդ: Քննական կենտրոնի ղեկավար Արշալույս Գալստյանի խոսքերով, եղել են երեխաներ, որոնք արեւի տակ սպասելու եւ լարվածության հետեւանքով մի փոքր ջերմություն են ունեցել, ջերմել են, բայց մի քանի րոպե սպասլուց հետո ամեն ինչ կարգավորվել է: Բացի այս, քննական կենտրոնի ղեկավարը ArmLur.am-ին տեղեկացրեց, որ արձանագրվել է մեկ դեպք, երբ դիմորդն օգտագործել է տեխնիկական միջոց՝ ականջակալ: Նա հեռացվել է քննական սենյակից:

Ինչպես ավանդաբար բուհերի ընդունելության բոլոր քննությունների ժամանակ ու բոլոր քննական կենտրոններում, Երեւանի համար 11 դպրոցում տեղակայված քննակենտրոնի բակում բազմաթիվ ծնողներ էին հավաքված, որոնք կիզիչ արեւի տակ ժամեր շարունակ սպասում էին դիմորդ երեխաներին: Բայց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 26-ի իր ուղիղ եթերում զգուշացրել էր նաև կուտակումների արգելքի մասին, որպեսզի մեզանում վաղուց գործող սովորության համաձայն՝ դիմորդներն ուղեկցողներով չգնան քննության: Իսկ ոստիկանությունը տեղերում խստագույնս հետեւելու է կարգի պահպանմանը:

Ի դեպ, ArmLur.am պարզեց, որ եւս մեկ դիմորդ հեռացվեց քննասենյակից՝ հեռախոսն իր մոտ պահելու համար: Իսկ ինչ վերաբերվում է մյուս դիմորդներին, ապա նրանք լիահույս են, որ այսօրվա քննությունը լավ են հանձնել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս