Խոզերը կսատկեն, եթե վարկ չտան. ֆերմերը՝ ծանր վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Արարատ Դանիելյանը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: Կամարիսցի Արարատ Դանիելյանը տեւական ժամանակ է՝ խոզաբուծությամբ է զբաղվում, ունի մոտ 100 գլուխ խոզ: Սակայն այսօր լուրջ խնդրի առաջ է կանգնած՝ խոզերը կեր չունեն: Այս խնդրով արդեն երկու ամիս է՝ քաղաքացին դիմում է էկոնոմիկայի նախարարություն: Սակայն առարկայական օգնություն չկա:

Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացին ստիպված դիմել է «Ժողովուրդ» օրաթերթին եւ խնդրել աջակցել իրեն՝ բարձրաձայնելով խնդիրը: «Դիմել եմ առեւտրային բանկերին, խնդրել եմ գրավադրել ֆերման ու տունը, գնահատվել է 30 մլն դրամ, չնայած որ մենք բանկից պահանջում ենք ընդամենը 8 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկ: Մերժում են՝ անհիմն պատճառներով: Հիմա ես այդքան գումար չունեմ, որ բոլոր բանկերին դիմել, որովհետեւ ամեն անգամ իրենց գնահատողներին 25-30 հազար դրամ գումար եմ տալիս: Այդ վճարումներն անում եմ, բայց հետո մերժվում եմ բանկի կողմից: Վարկային պատմության ոչ մի խնդիր չունեմ: Ոչ մի խնդիր բանկերի հետ չունեմ»,- իրավիճակը ներկայացրեց քաղաքացին:

Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Արարատ Դանիելյանը դիմել է ՀՀ կենտրոնական բանկ, էկոնոմիկայի նախարարություն, վարչապետի աշխատակազմ: Արձագանք չկա: Միայն էկոնոմիկայի նախարարությունից քաղաքացուն փոխանցել են, որ չեն կարող միջամտել: Ասել է թե՝ չեն կարող բանկերին ՙստիպել՚ գյուղացուն վարկ տալ:

«Այ մարդ, եթե այդպես է, բա ինչու են ամեն օր հեռուստացույցով հաղորդում, հայտարարում, ամբողջ օրը ելույթ են ունենում, թե գյուղացուն աջակցում են: Ոչ մի աջակցություն չկա: Ես ներկայացրել եմ իմ պահանջը, նշել եմ, որ այս շրջանում հացքաղի շրջանն է եւ ես ուզում եմ մեծ քանակությամբ հացահատիկ գնել, անասնակեր: Բացի այս, 5-6 ցուլ եմ ուզում գնել, մեծ ֆերմա է, տեղ ունեմ: Այսօր ես մեծ խնդրի առաջ եմ կանգնել մոտ 100 գլուխ խոզ սովի է մատնվել… Ես իրենց ասում եմ այսօր կերը 100 դրամ արժե, ցորեն քաղելու ժամանակն է, աջակցեք գնեմ մեծ քանակությամբ, ձեր գումարն, այ մարդ, մեկ տարում կարող եմ փակել»,- ներկայացրեց Արարատ Դանիելյանը:

Փոխարենը էկոնոմիակայի փոխնախարար Արման Խոջոյանը օրեր առաջ հայտարարել է, որ գյուղատնտեսական անտոկոս վարկերի տրամդրման գործընթացը կշարունակվի մինչեւ 2020 թվականի վերջը: Ի դեպ, կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնելու 2-րդ միջոցառման շրջանակներում արդեն տրամադրվել է 15 000 վարկ 21 մլրդ ծավալով: Իսկ տարեսկզբին արդեն տրամադրվել էր 2000 վարկ, մինչեւ կորոնավիրուսով պայմանավորված 2-րդ միջոցառում հայտարարելը: Բացի այս, պետական աջակցության 1-ին եւ 2-րդ ծրագրով ընդհանուր տրամադրվել է գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 34 մլրդ դրամ վարկ: Մոտ 12 հազար հայտ մերժվել է: Այս տարվա առաջին կիսամյակում հատկացված վարկերը եռակի գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հատկացումներին:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս