Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քիչ առաջ բեկանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության։ Այս մասին հայտնում է Ծառուկյանի փաստաբանները։
Փաստաբան Էմին Խաչատրյանը նշեց, որ դատարանի որոշմանը պաշտպանները դեռևս ծանոթ չեն և չեն կարող ասել, թե ինչ հիմքերով է դատարանն այդպիսի որոշում կայացրել։
Հիշեցնենք, որ Դատախազությունը բողոքարկել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Վերաքննիչ դատարանից պահանջելով բեկանել այն եւ կալանավորել Ծառուկյանին։
Ծառուկյանի պաշտպաններն էլ մի քանի բողոք էին ներկայացրել, որոնցից մեկը վերաբերում էր հիմնավոր կասկածին։ Պաշտպանական թիմը գտնում էր, որ դատարանին որեւէ ապացույց չկա ներկայացված, որը կհիմնավորի, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։
Մյուս բողոքն էլ վերաբերում էր վարույթի օրինականությանը, որ, ըստ պաշտպանների, ի սկզբանե այդ քրեական գործը պետք է քննվեր Հատուկ քննչական ծառայությունում, այլ ոչ թե Ազգային անվտանգության ծառայությունում։
Հավելենք, որ Գագիկ Ծառուկյանը Վերաքննիչ դատարան չի ներկայացել, քանի որ վարակել է կորոնավիրուսով։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա իրեն առաջարված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է ապօրինի։