ՈՒՇԱԳՐԱՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ՝ ԴԱՏԱԽԱԶԻ ԿՈՂՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ, համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարգեւատրված դատախազները պատահական մարդիկ չեն: Երեկ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ «Մխիթար Գոշի» մեդալով պարգեւատրվել են գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանը, գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը եւ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը: Իսկ ովքե՞ր են նրանք. Արսեն Մարտիրոսյանը սերտ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվելով Լոռու մարզի դատախազի պաշտոնից՝ նշանակվել է գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, նա ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազն է։ «Միխթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հսկող դատախազ Արմեն Փանոսյանը: Միգուցե «Միխաթ Գոշ» մեդալն էլ տվեցին նրա համար, որ հանձն է առել պատասխանատվության կանչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Իսկ այդ մեդալով պարգեւատրված երրորդ անձը՝ Գուրգեն Հակոբյանը եւս հանդիսանում է Արթուր Դավթյանի մտերիմներից: Ավելին, դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նրան եւս պատահական չեն պարգեւատրել: Իրավապահ համակարգից մեզ հասած լուրերի համաձայն՝ Գուրգեն Հակոբյանին ցանկանում են նշանակել ռազմական ոստիկանության պետ: Այստեղ նկատենք, որ ՌՈ ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին պաշտոնավարելու համար մնացել է 19 օր, եւ չի բացառվում, որ փոփոխություններ լինեն:

 

 

 

Նախօրեին ՀՅԴ, ԲՀԿ եւ «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ ընթացք կունենա ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացրած դիմումը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Դիմումը քննարկվում է»: Սակայն պարզվում է՝ դիմումից հետո իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ իրավապահների մոտ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում. մասնագետները տարակուսած են՝ ինչպես վարվել: Եվ չնայած Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց մեզ, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ամենայն հավանականությամբ, արդեն հստակություն կլինի, թե ինչ ճակատագրի է արժանանալու երեք ուժերի կողմից ներկայացված դիմումը: Իրավապահ համակարգում քննարկվում է տարբերակ, որ ՀՀ դատախազությունը երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետագա ճակատագիրը որոշելու համար ուղարկի նախաքննական մարմիններից որեւէ մեկին՝ թերեւս այն մերժելու հեռանկարով։ Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է։

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորներին: Այս անգամ պատգամավորներ Աննա Կոստանյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին նախագծերի փաթեթը: Այս նախագծերով պատգամավորները ցանկանում են Դատական օրենսգրքում ամրագրել, որ «Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից»: Նկատենք, որ այս փոփոխությունը վերաբերելու է բոլոր դատավորներին, եւ անգամ նախագծի հեղինակներն են որպես հիմնավորում փաստում, որ Սահմանադրական դատարանի դատավորների համար նախատեսված է կենսաթոշակի հաշվարկման կարգ, իսկ, ահա, մյուս դատարանների դատավորների համար նման կարգ նախատեսված չէ, եւ նրանք նկատում են, որ այսպիսի խտրական մոտեցումը հակասում է Սահմանադրությանը: Նկատենք, որ դատավորների կենսաթոշակը զգայուն թեմա է։ 2014 թվականին, երբ կառավարությունը ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացրեց մինչեւ 450-500 հազար դրամ, դատական համակարգում դժգոհություններ եղան՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը: Այժմ, փաստորեն, բոլոր դատավորները հավասար կլինեն, այդ թվում՝  երկրի թիվ մեկ դատարանի՝ Սահմանադրական դատարանի դատավորները։

 

 

 

Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:  Օրինակ, «Վարդան թրավել» տուրիստական ընկերության տնօրեն Վարդան Սարգսյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ երեք ամիս տանից են աշխատել. «Քանի որ ես ճանաչում եմ շուկան, պետք է ասեմ, որ շատ տուրիստական գործակալություններ են փակվել, որովհետեւ մարդիկ չեն կարողանում վարձերը վճարել եւ հանձնում են տարածքները: Դրա հետեւանքով շատ քաղաքացիներ մնում են առանց աշխատանքի: Այս պահի դրությամբ ստեղծված վիճակը տուրիզմի ոլորտի վրա բացասաբար է ազդում»։ Նշենք նաեւ, որ տուրընկերություններն այս ամիսներին մեծ վնասներ են կրում: «Վարդան թրավել»-ի տնօրենի խոսքով՝ իրենք եւս ֆինանսական կորուստներ ունեն: «Եթե գումարենք այն շահույթը, որը պետք է ունենայինք մենք, կորուստները շատ մեծ են: Չէ՞ որ մայիսից մինչեւ օգոստոսի վերջ տուրիստական գործակալությունների ամենապիկ շրջանն է, բոլորը մեկնում են հանգստի: Այս պահի դրությամբ մենք, բացի այն, որ չունենք շահույթ, նաեւ ծախսեր ենք անում: Օրինակ՝ ես վճարում եմ յուրաքանչյուր ամիս տարածքի վարձակալության գումար, չնայած մարտ եւ ապրիլ ամիսների վարձակալության գումարը իմ ընկերության տարածքի սեփականատերը, հասկանալով մեր վիճակը, չվերցրեց: Ամեն օր են կորուստները»,- մեծ ափսոսանքով նկատեց մեր զրուցակիցը:




Լրահոս