Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Հիշեցնենք, որ երեկ արտահերթ նստաշրջանով եւ հատուկ 24-ամյա ռեժիմով Ազգային ժողովը քննարկեց եւ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։
Ըստ այս փոփոխության՝ առաջարկվում է ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը փոխել, առաջադրում կատարելու առաջին լիազորությունը վերապահել Կառավարությանը, ապա հանրապետության նախագահին, այնուհետեւ Դատավորների ընդհանուր խորհրդին, ինչպես նաեւ ՍԴ այն անդամները, որոնց լիազորությունները դադարեցվել են, կենսաթոշակի իրավունք են ստանալու:
Armlur.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ հետեւանք կարող է սա ունենալ, արդյոք սա կարող է պատճառ դառնալ, որ առաջիկայում իշխանությունները չկարողանան նոր դատավորներ ընտրել:
-Պարո՛ն Գրիգորյան, արդեն հայտնի է, որ ՀՀ նախագահը չի ստորագրելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը: Սա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ: Պետք էր առաջիկայում երեք դատավորների ընտրություն կայանար, հնարավո՞ր է՝ այս օրենքի չստորագրումը ազդեցություն ունենա նաեւ այդ առումով:
-Սահմանադրության 129-րդ հոդվածը հստակ կարգավորում է հարցը՝ կա՛մ նախագահը ստորագրում է, կա՛մ հարցն ուղարկում է Սահմանադրական դատարան: Եթե այդ երկուսից ոչ մեկը չի անում, ապա հնգօրյա ժամկետում Ազգային Ժողովի նախագահը ստորագրում եւ հրապարակում է օրենքը: Իսկ ինչ վերաբերում է դատավորների առաջադրմանը, ապա, ոչ, դա խոչընդոտ չէ առաջադրման համար, եւ մենք բազմիցս ասել ենք ու ասում ենք, որ Սահմանադրության փոփոխությունները, որոնք ընդունվել են հունիսի 22-ին, ուժի մեջ է մտել արդեն իսկ հունիսի 26-ին: Ուժի մեջ մտնելու փաստով երեք դատավորներ լիազորությունները դադարել են, իսկ Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի լիազորությունները դադարել են, իսկ ինքը շարունակում է պաշտոնավարել՝ որպես ՍԴ դատավոր, մինչեւ 12 տարի լրանալը իր պաշտոնավարման ժամկետի: Երեք դատավորների դադարման փաստով իր հերթին առաջացել է երեք թափուր տեղ, որի համար, հունիսի 26-ից սկսած, երկու ամիս ժամկետ կա թեկնածուներ առաջադրելու համար, եւ այս օրենքի ընդունումը, ստորագրումը ոչ մի կապ չունի այս եղելության հետ: Այդ ժամկետը արդեն հոսում է, եւ արդեն այդ օրվանից սկսած՝ երկու ամիս ժամանակ ունեն սուբյեկտները, որպեսզի առաջադրեն թեկնածուներ:
-Իսկ ինչո՞ւ էիք նման օրենք ընդունում, եթե դատավորների գնալը եւ ընտրությունը ուժի մեջ էր ու որեւէ բանով չէր խոչընդոտում:
-«Սահմանդրական դատարանի մասին» օրենքը պետք է համապատասխանեցվեր Սահմանադրության փոփոխություններին, որը սովորական գործընթաց է, որն արվել է նաեւ 2015 թվականի փոփոխությունների ժամանակ, եւ եթե մենք այդ փոփոխությունները չանեինք, ուղղակի խառնաշփոթ էր առաջանալու, որովհետեւ 2015 թվականի փոփոխություններին համապատասխան դրույթներ էին մնալու ՍԴ մասին օրենքում, մինչդեռ Սահմանադրության այն դրույթները, որոնց դրանք համապատասխանում էին, այլեւս չկան: Իրավաբանորեն խնդիր չկա, ուժի մեջ մտել է, դա հաստատ է: Ավելին՝ նախագծով կարգավորել է դատավորների կենսաթոշակի հարցը, աշխատանքային նիստ հրավիրելու կարգի հետ կապված եւ այլն:
-Այսինքն՝ այն երեք դատավորները, որոնք զրկվել են իրենց պաշտոններից՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, այլեւ չպե՞տք է աշխատանքի գնան, դրա իրավունքն այլեւ չունե՞ն:
-Իրենց լիազորությունները դադարել են, իրենք այլեւս որեւէ իրավական հիմք չունեն գործել՝ որպես Սահմանդրական դատարանի դատավոր, իսկ այն փաստը՝ իրենք գնում են, ֆիզիկապես մտնում են Սահմանադրական դատարանի շենք, թե չեն մտնում, դա, ըստ էության, դա ինձ շատ չի էլ հետաքրքրում, քանի որ ելումուտի կանոնակարգը Սահմանադրական դատարանում ՍԴ-ի տիրույթում է: Մենք չէ, որ պետք է նայենք, պարզենք, թե ով է դատարանի շենք մտնում, գնում, դուրս գալիս, թե չէ: Ես իրավական փաստն եմ արձանագրում, որ Գյուլումյանը, Թոխյանը եւ Նազարյանը Սահմանադրական դատարանի դատավորներ չեն:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Ո՞Ր ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ԱՄԵՆԱՇԱՏԸ ԳՆՈՒՄՆԵՐ ԱՐԵԼ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը գնումների մոնիթորինգ է իրականացրել, որն ընդգրկում է մարտի 12-ից մինչեւ հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածը: Այս մոնիթորինգն իրականացվել է՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում COVID-19 նոր կորոնավիրուսային հիվանդության համավարակի տարածումը եւ դրա հետեւանքով մարտի 16-ից հայտարարված ու մինչեւ այժմ շարունակվող արտակարգ դրությունը:
Ընդ որում, մոնիթորինգի համար ուսումնասիրվել են գերատեսչությունների կողմից մեկ անձից գնման եւ հրատապ մեկ անձից գման ընթացակարգերով կատարված գործարքները, որոնցով գերատեսչությունները ձեռք են բերել կամ բերելու են COVID-19-ի համավարակի կանխմանը եւ հաղթահարմանն ուղղակիորեն նպաստող նյութեր, դեղամիջոցներ, իրեր կամ սարքավորումներ:
Հրատապ մեկ անձից գնումների ծավալի (3,428,767,000.3 դրամ) 99%-ը իրականացվել է երկու պետական մարմինների կողմից, ընդ որում՝ համարյա հավասար ծավալներով, համապատասխանաբար ՀՀ վարչապետի աշխատակազմի (1,721,693,000 կողմից) եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության (1,678,344,000.2) կողմից (ՀՀ առողջապահության նախարարության տվյալները բացակայում են):
Ընդ որում, ՀՀ վարչապետի աշխատակազմի հրատապ մեկ անձից գնումների ավելի քան 97%-ը (1,678,168,603 դրամ) գնումներ են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ընկերություններից: Ինչ վերաբերում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, ապա վերջինիս կողմից իրականացված հրատապ մեկ անձից գնումների ողջ ծավալը հյուրանոցային եւ սննդի մատակարարման ծառայություններն են, եւ, ամենայն հավանականությամբ խոսքը գնում է վարակակիր անձանց հետ շփված անձանց մեկուսացումն ապահովելու ծառայությունների մասին: Հավելենք նաեւ, որ մեկ անձից (ոչ հրատապ) գնումների ծավալով առաջատարներն են ՀՀ ոստիկանությունը (83, 874,400 դրամ, կամ ողջ ծավալի 50.8%-ը), ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (31, 876,200 դրամ, կամ ողջ ծավալի 19.3%-ը) եւ ՀՀ սոցիալական ապահովության ծառայությունը (9, 939,600 դրամ, կամ ողջ ծավալի 6%-ը):
2020թ. պետական բյուջեի վերաբաշխման արդյունքում առավել շատ գումարներ ստացել են ՀՀ առողջապահության նախարարությունը (մոտ 7,431,697,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 60%-ը), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (մոտ 2,956,431,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 24%-ը) եււ ՀՀ վարչապետի աշխատակազմը (մոտ 2,016,060,000 դրամ կամ ողջ վերաբաշխված գումարի 16%-ը): Այս երեք պետական մարմիններին ընկնում է ողջ վերաբաշխված գումարի ավելի քան 99.8%-ը: Հետաքրքիր է նաեւ նշել, որ ՀՀ կառավարությունն իր որոշումներով թույլատրել է Առողջապահության նախարարությանը վերաբաշխված գումարների զգալի մասը՝ 7,431,697,000 դրամից մոտ 5,534,197,000 դրամը ծախսել բանկային վճարային քարտի միջոցով:
Ն.Հ.
ՎԱՆԵՑՅԱՆՆ ԻՆՔՆԱՄԵԿՈՒՍԱՑԵԼ Է
Ինչպես արդեն հայտնել էինք, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մի քանի օր է՝ ինքնամեկուսացել է իր տանը, քանի որ կասկածներ է ունեցել, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ է շփվել: Վանեցյանը նաեւ կորոնավիրուսային հիվանդության թեստ է հանձնել: ArmԼur.am-ը Արթուր Վանեցյանից հետաքրքրվել է, թե ստացել է արդյոք թեստի պատասխանը: «Այո՛, ստացել եմ պատասխանը: Այն եղել է դրական: Ինձ շատ լավ եմ զգում: Անհրաժեշտ բուժօգնություն ստանում եմ: Ընտանիքիս մյուս անդամների թեստի պատասխանը եղել է բացասական»,- ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահը:
ԴԱՏԱԽԱԶԸ ՀՐԱՀԱՆԳԵԼ Է
«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ը սահմանվել է դատախազության աշխատողի օր: Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր տարի այս օրը հանդիսավոր միջոցառում է անցկացվում ինչպես դատախազության Գլխավոր մասնաշենքում, որին մասնակցում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաները, այնպես էլ տարածքային բաժիններում՝ փոքր խմբերով: Եվ, ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ որեւէ զանգվածային միջոցառում չի իրականացվել՝ պայմանավորված Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով եւ արտակարգ դրությամբ: Մենք տեղեկացանք, որ նման հրահանգ է արվել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից:
ԲԱՑԱՍԱԿԱՆ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսից վերադառնալուց հետո աշխատավայրում եղել է ինքնամեկուսացման մեջ։ Այն հարցին, թե Մոսկվայից վերադառնալուց հետո նախարարը հետազոտվել է, նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է? «Վերադառնալու 7-րդ օրը, ըստ կարգի, երկու անգամ թեստավորվել է՝ հետազոտման ԻՖԱ եւ ՊՇՌ մեթոդներով։ Թեստերի արդյունքները բացասական են, եւ նախարարը շարունակում է լիարժեքորեն կատարել ծառայողական պարտականությունները»։ Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Մոսկվայում կայացած Հայրենական մեծ պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին Հայաստանը ներկայացել է 75 հոգուց բաղկացած զորախմբով` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ։