ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆ ԱՆԱՐԴԱՐ Է ՀԱՄԱՐՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հերթական նախագիծն են ներկայացրել, որը վերաբերում է դատավորներին: Այս անգամ պատգամավորներ Աննա Կոստանյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Արթուր Դավթյանը ներկայացրել են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» եւ  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին նախագծերի փաթեթը: Այս նախագծերով պատգամավորները ցանկանում են Դատական օրենսգրքում ամրագրել, որ «Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր, պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից:»:

 

Իսկ ինչո՞ւ է հիմա նման նախագիծ ներկայացվել: ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ եւ գործում է միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Որպես անկախության երաշխիք՝ նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Իսկ նույն հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով եւ Դատական օրենսգրքով: Նախագծի հեղինակները նշում են, որ նման պահանջի առկայությունը ինքնանպատակ չէ եւ բխում է ինչպես Դատավորի կարգավիճակի Եվրոպական խարտիայից, այնպես էլ Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներից:

ՀՀ սահմանադրական դատարանը 18.06.2019թ. թիվ ՍԴՈ-1463 որոշմամբ, հղում կատարելով մի շարք միջազգային փաստաթղթերի, նշել է , որ Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին հաստատված՝ «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով: Նույն խորհրդի եւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկյան հանձնաժողով) համատեղ զեկույցի համաձայն՝ չնայած այն հանգամանքին, որ դատարանների ֆինանսավորումը խորհրդարանի հաստատմանը ներկայացվող պետական բյուջեի մաս է, այն չպետք է ենթարկվի քաղաքական փոխհաջորդված քննարկումների:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է, որ պետք է հաշվի առնել, որ դատավորների բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող կենսաթոշակը եւ դրա չափը նրանց գործունեության վարձատրության հետ միաժամանակ հնարավորություն են տալիս դատավորներին կանխատեսելիորեն ունենալու այնպիսի իրավաչափ սպասելիքներ, ինչպիսիք են իրենց կյանքը եւ գործունեությունը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնավարումից հետո պլանավորելը,  կենսաթոշակային տարիքը լրանալու հեռանկարով պաշտոնեական գործունեության շրջանակներում անհարկի ազդեցություններով կաշկանդված չլինելը: Հետեւաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավորների կենսաթոշակի չափը պետք է ոչ միայն համարժեք լինի նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվության աստիճանին, այլեւ ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրանց պաշտոնավարման դադարմանը նախորդող վարձատրության չափի հետ այն հաշվով, որ դատավորի սոցիալական անկախության երաշխավորված մակարդակն էապես չնվազի նրա պաշտոնավարման դադարման հիմքով, առավել եւս չփոփոխվի՝ կախված սոսկ ընթացիկ քաղաքական գործոններից:

Բացի այդ, դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգը տարբերվում է ՀՀ սահմանադրական դատարանի դատավորի համար նախատեսված հաշվարկման կարգից, որը հաշվարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի՝ մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ զրո ամբողջ ինը տասնորդական գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով («ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդված, 3-րդ մաս): Մինչդեռ  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգ նախատեսված չէ, եւ նման խտրական մոտեցումը հակասում է դատավորների համար ՀՀ սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված միասնական կարգավիճակի էությանը:

Նկատենք, որ դատավորների կենսաթոշակը զգայուն թեմա է։ 2014 թվականին, երբ կառավարությունը ՍԴ անդամների կենսաթոշակը բարձրացրեց մինչեւ 450-500 հազար դրամ, դատական համակարգում դժգոհություններ եղան՝ խնդրելով ուշադրություն դարձնել այդ անհավասարությանը: Այժմ, փաստորեն, բոլոր դատավորները հավասար կլինեն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը:

 

ԴԻՄԵԼ Է

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարցմամբ դիմել է ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին: «Հարցմամբ դիմել եմ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին՝ խնդրելով՝ 1) տրամադրել զանգվածային լրատվության այն միջոցների ցանկը, ում հանձնաժողովի կողմից ուղարկվել է հարցաշար՝ իրենց կողմից տրամադրվող գովազդային եւ այլ ծառայությունների վերաբերյալ՝ պահանջելով ներկայացնել մեկ տարվա ընթացքում երբեւէ գովազդ տրամադրած կազմակերպությունների ցանկը, «Google Analytics»-ի դիտումների տվյալները, 2) հայտնել, թե ինչ սկզբունքով են ընտրվել այդ լրատվամիջոցները, 3) պարզաբանել այդ ուսումնասիրության նպատակ(ներ)ը:

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՈՒՄ Է

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության փոխանցմամբ՝ հունիսի 30-ից վիզաների ծառայությունն աստիճանաբար վերսկսում է իր գործունեությունը: Սկբնական շրջանում կընդունվեն միայն երկարաժամկետ վիզաների (3 ամսից ավելի տեւողությամբ կացության համար վիզա) դիմումները հետեւյալ կատեգորիաների համար՝ ուսում, հաստատվել Ֆրանսիայում մասնագիտական շարժառիթով, հաստատվել Ֆրանսիայում ընտանեկան շարժառիթով: Երկարաժամկետ վիզան Շենգեն վիզա չէ։

 

 

ՆՈՐ ՕՋԱԽ

ԱՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Շուշի քաղաքում: Այդ շրջանակից 1 նոր դեպք է գրանցվել, կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Հուլիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով հիվանդացության 1 նոր դեպք է հաստատվել: Մեկուսացված է 58, փաստացի հիվանդությունը հաղթահարում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հուրախություն բոլորիս՝ առողջացել է 14 քաղաքացի:

 

 

ՓՈՐՁՈՒՄ ԵՆՔ

ArmLur.am-ը զրուցել է Երեւանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, համաճարակաբան Արման Բադալյանի հետ։ Այն հարցին, թե կորոնավիրուսի հետ կապված ինչպիսի պատկեր կունենանք, եթե համաճարակի տարածման առկա տեմպերը պահպանվեն, վերջինս պատասխանել է. «Քանի որ միջոցառումները տարբեր են լինում կոնկրետ այս վարակի պարագայում, մենք փորձում ենք զսպել, մեղմացնել, մենք փորձում ենք ճնշել վարակի տարածումը: Չեմ կարծում, որ ճնշման տարբերակ է մեզ մոտ կիրառվում կամ կիրառվել: Չգիտեմ՝ երբեւէ կկիրառվի, թե ոչ, բայց մեղմացման տարբերակը կիրառվում է: Որքանով է արդյունավետ՝ ես կդժվարանամ ասել»։

 

ԹԱՂԱՊԵՏԸ՝ ՔՆՆՉԱԿԱՆՈՒՄ

Հայտնի է, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Համլետ Գրիգորյանի եւ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի օգնական Անդրանիկ Մինասյանի կողմից Շենգավիթի թաղապետարանում աշխատակցին ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակումների եւ հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում հունիսի 19-ին հարուցվել է քրգործ եւ ուղարկվել նախաքննության: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը երեկ հարցաքննվել է Քննչական կոմիտեում: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, թե շատ մանրամասներ չի կարող հայտնել՝ հաշվի առնելով նախաքննական գաղտնիքի առկայությունը, սակայն շարունակեց պնդել, որ որեւէ ծեծկռտուք չի եղել: «Ես պնդում եմ՝ ո՛չ իմ, ո՛չ իմ տեղակալի, ո՛չ էլ օգնականի կողմից ծեծ չի եղել», – հայտնեց նա:

Հավելենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՈՒՆԻ

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ տեսակոնֆերանսից հետո համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ուր ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները եւ մտահոգություն են հայտնել վերջին սադրիչ հայտարարությունների եւ բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։ Նրանք ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու եւ բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար։ Մասնակիցները համաձայնել են հուլիսին եւս մեկ տեսակոնֆերանս անցկացնել, ինչպես նաեւ հնարավորության դեպքում, որքան հնարավոր է, շուտ դեմ առ դեմ հանդիպել։




Լրահոս