Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ը ՀՀ դատախազության աշխատակցի օրն է, սակայն այս տարի կորոնավիրուսը թանկ նստեց դատախազների վրա: Գրեթե ամեն տարի դատախազները հավաքվում էին ՀՀ գլխավոր դատախազությունում, որտեղ ելույթ էր ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելին, դատախազներից շատերն էլ ներքին կարգով երեկոյան էին հավաքվում ու մի լավ քեֆ անում, սակայն արտակարգ դրության պայմաններում այս տարի հրահանգվել է ոչինչ չանել, լրատվամիջոցների ուշադրության կոնտրոնում չհայտնվել: Սակայն համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն:
Նկատենք, որ պարգեւատրված դատախազները պատահական մարդիկ չեն: Եվ այսպես, երեկ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը, hամաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ օրինականության եւ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել են գլխավոր դատախազության հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարիտրոսյանը, գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը եւ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:
Եվ հենց այս անունների մեջ էլ կայանում է ողջ ինտրիգը, թե ովքեր են պարգեւատրված դատախազները: Եվ այսպես, Արսեն Մարտիրոսյանն այն դատախազն է, որը, այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ եւ 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից եւ նշանակվեց գլխավոր դատախազությունում հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, ի նշան Արթուր Դավթյանի հավատարմության՝ Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ:
Ավելին՝ 2019 թվականի հունվարի 11-ին ցանկացել էին թալանել դեռեւս այն ժամանակ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանը, սակայն փորձը անհաջողությամբ էր ավարտվել: Հիմա այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մտել է դատարան, եւ մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ՝ Սամվել Հասանյանը, Գեւորգ Մանուկյանը, Անդրանիկ Առաքելյանը եւ Արմեն Հարությունյանը։ Նրանցից կալանքի տակ է գտվում միայն Սամվել Հասանյանը: Սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով օրենքի մարդ. նա ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում եւ որեւէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: «Միխթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը հսկող դատախազ, գլխավոր դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արմեն Փանոսյանը: Միգուցե «Մխիթար Գոշ» մեդալն էլ տվեցին նրա համար , որ հանձն է առել պատասխանատվության կանչել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: «Մխիթար Գոշ» մեդալով է պարգեւատրվել նաեւ Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:
Նկատենք, որ Գուրգեն Հակոբյանը եւս համարվում է գլխավոր դատախազի մտերիմ մարդկանցից մեկը: Գլխավոր դատախազությունում տարածված լուրերի համաձայն՝ նրան եւս պատահական չեն պարգեւատրել: Ինտրիգը կայանում է նրանում, որ, իրավապահ համակարգում տարածված լուրերի համաձայն, Գուրգեն Հակոբյանին ցանկանում են նշանակել ռազմական ոստիկանապետ, իսկ արդյոք ցանկությունները իրականություն կդառնան՝ ցույց կտա ժամանակը:
Նշենք, որ ՌՈ ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսան Աղաջանյանին մնացել է 19 օր , որպեսզի որոշվի՝ նա կնշանակվի ռազմական ոստիկանապետ, թե ոչ: Չի բացառվում, որ Հակոբյանին պարգեւատրեցին, որ հետո նոր պաշտոնին նշանակեն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ սոցիալական ցանցի իր էջում կիսվել է 2009 թվականի իրադարձությունների մասին պատմող տեսանյութերով, լուսանկարներով:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, 2008 թվականի մարտի 2-ին քաղաքական հետապնդումներից խուսափելով, անցել էր ընդհատակ, որտեղ 1 տարի 4 ամիս մնալուց հետո՝ 2009 թվականի հուլիսի 1-ին, ինքնակամ ներկայացել է ՀՀ դատախազություն, կալանավորվել եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման։ Եվ, ահա, երեկ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե ինչպես է եկել Դատախազություն եւ մինչ այդ ինչ ուղերձներ էր հղել:
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը 2017 թվականին, երբ «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու էր, Քանաքեռ համայնքում քարոզարշավի ժամանակ բացահայտում արեց։ Շամպայն, գինիների գործարանի մոտակայքում գտնվող շենքերից մեկի բակում Փաշինյանը հայտարարեց, թե 2008-2009 թվականին, երբ գտնվում էր ընդհատակում, չորս ամիս թաքնվել է հենց այդ շենքում։ Փաշինյանի հայտարարությունից անակնկալի եկան նույնիսկ «Ելք» դաշինքի որոշ անդամներ։
«Այս շենքի բնակիչների համար ես կարեւոր հայտարարություն ունեմ. 2009 թվականին ընդհատակում գտնվելու ընթացքում ես չորս ամիս ապրել եմ ձեր շենքում, եւ դուք չեք իմացել դրա մասին»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Հավելենք, որ հետագայում Փաշինյանի պատժի ժամկետը կիսով չափ կրճատվել էր, իսկ 2011 թ. մայիսի 28-ին Հայաստանի անկախության 20 ամյակի առթիվ հայտարարված համաներման շրջանակներում ազատ էր արձակվել, 2012-ին ընտրվել պատգամավոր:
ՎՃՌԱԲԵԿ Է ԴԻՄԵԼ
ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ կայացրած որոշման դեմ, որն արդեն մուտքագրվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը եւ 2 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ արձակել երկրորդ նախագահին:
ՊԱՅԹԵՑՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Հուլիսի 1-ին՝ ժամը 17։00-ին, «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի վաղօրոք հայտարարված պայթեցումը տեխնիկական պատճառներով հետաձգվում է։ Նշենք, որ հետագա գործողությունների մասին նախապես կտեղեկացվի։
ՀԱՅՏՆԻ Է
Հայտնի է Մալաթիայում կրակոցներ արձակած անձի ինքնությունը: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կրակոց արձակած անձն Էդգար Առաքելյանն է, որը իրավապահների տեսադաշտում է հայտնվել շատ վաղուց: Մասնավորապես, նա մեկ այլ գործով, որը քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, ներգրավված է որպես մեղադրյալ: Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Երեւանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ կանչով մեկնել է Անդրանիկի 149 շենքի բնակարաններից մեկը, որտեղ գլխի մասում ստացած վնասվածքներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել մի քաղաքացու։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաեւ Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Տիգրան Մուրադյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկում եւ բակում հայտնաբերել էին արնանման հետքեր:
ՊԵՏԸ՝ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալի պաշտոնը, ինչպես նաեւ նույն ծառայության պետի համապատասխան հրամանով հանդիսանալով ԳԱԿ-ՇՀԱՊՁԲ-15/2-ՔԿՎ 17-1 ծածկագրով գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի նախագահը, այսինքն` մշտապես ու առանձին լիազորությամբ օժտված լինելով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնելու գործառույթներով, կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, հանձնաժողովի նիստերի չանցկացման պայմաններում հանձնարարել է կազմել եւ հանձնաժողովի անդամների ու իր ստորագրմանը ներկայացնել նիստերի արձանագրություններ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի առաջին մասի՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին: